Փաշինյանը ճակատագրական 2 սխալ է արել, հապաղելը հավասարազոր է՝ կանաչ լույս վառել 3-րդ Հանրապետության ինքնասպանության համար. Սուրեն Սուրենյանց
«Մենք գտնվում ենք մի օրհասական վիճակում, որտեղ հապաղելը հավասարազոր է՝ կանաչ լույս վառել 3-րդ Հանրապետության ինքնասպանության համար»,- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսպես սկսեց կուսակցության հրավիրած՝ իշխանափոխության օրակարգով քննարկումը:
Սուրեն Սուրենյանցը նշեց, որ հանդիպմանը ներկա քաղաքական ու հանրային գործիչների հետ պարբերաբար քննարկումներ ունենում է, սական ժամանակն է անցնել գործողությունների փուլին:
«Պետք է պարտավորվենք, որ չենք դադարեցնելու պայքարը՝ մինչև երկիրն ազատված չէ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Շատերս ունենք հասկացություններ տարբեր հարցերում. մենք այնքան էլ միաբան ընդդիմություն չունենք, բայց բոլորիս միավորում է մտահոգությունը: Նիկոլ Փաշինյանն այնքան «տաղանդավոր» գտնվեց, որ կարողացավ բոլոր ընդդիմադիրներին միավորել»,- նկատեց նա:
Ըստ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանը ճակատագրական երկու սխալ է արել 6 տարիների ընթացքում. «Առաջին սխալը նա կատարել է նախապատերազմյան փուլում, երբ ընդդիմացավ ռացիոնալությանը և մերժեց 2019 թվականի մայիսին իր սեղանին դրված արժանապատիվ խաղաղության տեսլական ու բաղադրիչ ունեցող պլանը, որը մեզ հայտնի է «Լավրովի պլան» անունով. դա բոլոր համանախագահների կոնսոլիդացիայի արդյունքն էր:
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մերժել է այն, այլև, ի տարբերություն իր նախորդների, գնացել է մի աննախադեպ արկածախնդրության, որը հավասարազոր է դավաճանության՝ նա մերժել է բանակցային հարթակը, հրաժարվել է բանակցել: Դա արհամարհանք էր ՄԱԿ ԱԽ 3 երկրների նկատմամբ»:
ԴԱԿ նախագահը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի մյուս քայլերը՝ Մյունխենը Մադրիդին հակադրելը, «Արցախն Ադրբեջան է, և վերջ» հայտարարությունը», որը, ըստ Սուրեն Սուրենյանցի, նշանակում է՝ թքել ոչ միայն Ադրբեջանի երեսին, այլև բոլոր միջնորդների:
«Հետո նա մի ուրիշ արկածախնդրություն արեց. Հունաստան-Կիպրոս համագործակցությանն առանց կոնցեպցիայի միանալու մասին հայտարարեց, որից հետո Թուրքիայի այն ժամանակվա ՊՆ Հուլուսի Աքարն ասաց, որ ՀՀ-ն անցել է կարմիր գծերը,և դրանով լեգիտիմացրեց Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմում:
Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ կանաչ լույս վառեց Ադրբեջանի ագրեսիվ օրակարգի համար, նա դարձավ պատերազմի հրձիգ, պատճառ 5000 մեր եղբայրների նահատակության»,- մանրամասնեց նա:
Քաղաքական գործիչն անգրագետ համարեց թեզը, թե պատերազմը ռուս-թուրքական համաձայնության հետևանք էր:
«Նիկոլ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարել, որ Ադրբեջանի ագրեսիվ օրակարգի շուրջ ձևավորվել է միջազգային կոնսենսուս. ի դեպ, հիմա էլ շատ մոտ ենք դրան, ցավոք սրտի»,- շեշտեց Սուրեն Սուրենյանցը:
ԴԱԿ նախագահը նաև տեղեկացրեց՝ մարտի 23-ին, 15:00-ին Ազնավուրի հրապարակում առաջին հանրահավաքն են կազմակերպելու:
Մանրամասները՝ տեսանյութում