
Ինդոնեզիայի նախագահի կատվին տրամադրվել են անվտանգության աշխատակիցներ

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի սիրելի կատուն՝ Բոբի Կերտանեգարան, պետական անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Ջակարտայում անցկացված կենդանասերների միջոցառմանը մասնակցելուց հետո հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Բոբին բեմով տեղափոխվում հատուկ սայլակով՝ առնվազն երեք աշխատակցի ուղեկցությամբ։ Տեսանյութի տարածումը սոցցանցերում հարուցել է լայն քննարկումներ։
Բազմաթիվ օգտատերեր քննադատել են պետական ռեսուրսների օգտագործումը նախագահի ընտանի կենդանու անվտանգության ապահովման համար՝ այն համարելով հարկատուների հաշվին անհարկի շռայլություն։ Որոշ մեկնաբաններ նույնիսկ հարց են բարձրացրել՝ արդյոք «առաջին կատվի» պահպանության համար հատկացվող միջոցներն արդարացված են՝ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։
Ի պատասխան քննադատություններին՝ Ինդոնեզիայի պետքարտուղարի տեղակալ Ջուրի Արդիանտորոն պարզաբանել է, որ Բոբին համարվում է նախագահի պաշտոնական ունեցվածքի մաս, ուստի ենթակա է պետական պաշտպանությանը։
«Եթե նախագահի տունը պահակային հսկողության տակ է, ինչո՞ւ կենդանին, որը նրան է պատկանում, չպետք է պաշտպանվի»,– նշել է նա։