
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում այլևս անընդունելի են․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք «այլևս անընդունելի են»։
Գերմանիայի կառավարությունը պնդում է հրադադարի և տարածաշրջանի բնակիչներին համապարփակ մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտության վրա։ Ըստ Մերցի, ինքն այս հարցի շուրջ կանոնավոր անձնական կապ է պահպանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Գերմանիան մարդասիրական աջակցություն է ցուցաբերում այս տարածաշրջանում բնակվողներին և պատրաստ է ավելին անել՝ պայմանով, որ Իսրայելի կառավարությունը կնպաստի այդ ջանքերին։
Միևնույն ժամանակ Մերցն ընդգծել է, որ չի պաշտպանում Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Իսրայելի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի գործողության կասեցման հնարավորությունը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև դեմ է արտահայտվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և Ուկրաինայում ՌԴ-ի ագրեսիվ պատերազմը նույնացնելուն։ Մոսկվայի ռազմական գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, մինչդեռ Իսրայելը հարձակման է ենթարկվել և պաշտպանում է իր գոյության իրավունքը։