
Եթե Հայաստանի ներկայիս քաղաքականությունը շարունակվի, Ռուսաստանը կարող է թողնել այս տարածաշրջանը. Հայկ Խալաթյան
«Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը որոշի, որ Հայաստանի տարածքի մի մասը՝ Սյունիքով անցնող ճանապարհը, տալիս է ամերիկյան ընկերության կառավարմանն ու վերահսկողությանը, դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը կզրկվի Սյունիքի այդ ճանապարհի վրա ունեցած իր իրավունքներից»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
«Ստացվում է՝ Հայաստանի այն իշխանությունը, որն ասում էր, թե Արցախը հանձնեցին, որ Հայաստանից տարածք չհանձնեն, հիմա հանձնում են տարածք նաև Հայաստանից»,- հավելեց Հայկ Խալաթյանը՝ ընդգծելով՝ զիջողը դարձյալ հայկական կողմն է, քանի որ ադրբեջանական կողմը շատ կոշտ դեմ է արտահայտվել փոխադարձության սկզբունքին։
«Ադրբեջանական կողմը համաձայն չէ, որ ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանի հետ սահմանին կանգնելուց հետո կանգնեն նաև Ադրբեջանի սահմանին՝ Երևանից դեպի Նախիջևան հատվածում։ Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դուրս է գալիս դեպի Թուրքիա և ԵՄ, իսկ Հայաստանը ստանում է ոչինչ»,- ասաց Խալաթյանը։
Նրա դիտարկմամբ՝ պետք է հստակ արձանագրել, որ ԱՄՆ-ի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալության առաջարկը տեղավորվում է ամերիկյան միայն մեկ նպատակի կոնտեքստում և ոչ թե՝ Հայաստանին օգնելու։
Հայկ Խալաթյանը շեշտեց՝ Ամերիկայի նպատակն է թուլացնել Ռուսաստանը, և Ամերիկային այս տարածաշրջանը հետաքրքիր է Ռուսաստանի դեմ աշխատելու համար, ինչպես որ Ուկրաինան է հետաքրքրում՝ Ռուսաստանի դեմ աշխատելու համար։
«Այո՛, հիմա ամերիկացիներն իրենց մոտեցումն են առաջարկում, բայց չեմ կարծում, որ մինչև վերջ պնդելու են, որ դրանք կյանքի կոչվեն։ Գաղտնիք չէ, որ Թրամփն ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ։ Հիշեք՝ ինչպե՞ս Ուկրաինայում սկզբում խոսեցին բացառիկ հանքանյութեր և մետաղներ ստանալու և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու մասին, բայց մետաղները ստացան, խաղաղությունը չհաստատեցին։ Չեմ բացառում, որ ԱՄՆ-ը նույն կերպ է վարվելու նաև հիմա՝ իր համար կարևոր բաները ստանալուց հետո իր առաջարկները չի պնդելու»,- ասաց նա։
Խոսելով այս համատեքստում Ռուսաստանի դերակատարման մասին՝ Խալաթյանը նշեց, որ Ռուսաստանը փորձում է մնալ կովկասյան տարածաշրջանում, և այնպես չէ, որ իր կամքով հեռանում է։
«Այո՛, կոպիտ սխալներ Ռուսաստանը թույլ է տվել, բայց փորձում է իրավիճակն ուղղել։ Ռուսաստանն այնքան դժվար վիճակում է, որ արդեն հարցական է, բայց եթե Հայաստանի ներկայիս քաղաքականությունը շարունակվի, ես չեմ բացառում, որ ռուսական կողմը ստիպված լինի թողնել այս տարածաշրջանը ՝Ուկրաինայում իր կարևոր հարցերը լուծելու համար։ Ուշագրավ է, որ ԵՄ-ն Ռուսաստանը համարում է իրեն թշնամի, ԵՄ-ն միայն տնտեսական միություն չէ, նրանք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ, ԵՄ առաջնորդները խոսում են դրա մասին, և հիմա Հայաստանը ցանկանում է դառնալ այդ կոալիցիայի անդամ և պատերազմել Ռուսաստանի դեմ»,- շեշտեց Հայկ Խալաթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում։