Բաժիններ՝

Հերթական խայտառակությունը. «Իմ քայլը» հիմնադրամն արդեն նաև հավատարմագրված «համալսարան» է

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը Կառավարության կողմից լիազորված է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։

«Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչև 2028թ. օգոստոսի 12-ը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն առաջինը մեզանից լսեց, որ «Իմ քայլը» հիմնադրամն արդեն հավատարմագրված «համալսարան» է։

«Եթե հավատարմագրման մասին ենք խոսում, սա նշանակում է, որ այն պետք է իրականացրած լինի արդեն կրթական ծրագիր, որի հիման վրա հավատարմագրումը ստանա»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

Կարդացեք նաև

168.amհետ զրույցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը հավատարմագրել է կրթական ծրագիր, որը, ըստ էության, անթույլատրելի է, քանի որ ՀՀ օրենքը թույլ չի տալիս համալսարաններից դուրս և գիտական կազմակերպություններից դուրս որևէ կրթական ծրագիր անել՝ մագիստրոսական կամ բակալավրիատի մակարդակում։

«Փաստորեն, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն այդ կանոնից դուրս է մնացել, և Որակի ազգային կենտրոնը հավատարմագրել է մի կրթական ծրագիր, որով նրան հնարավորություն է ընձեռվել տալու ավարտական դիպլոմներ։ Դիպլոմների վրա գրված է լինելու՝ այսինչ հիմնադրամի կողմից, ավարտել է այսինչ կրթական ծրագիրը։ Մինչդեռ շատ համալսարաններում շատ մեծ խնդիրներ են առաջանում, երբ փորձում են նոր ծրագիր հավատարմագրել։

Ես հիմա կարող եմ ասել, որպես ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, որ մենք տարվա սկզբին 3 կրթական ծրագրի համար դիմեցինք հավատարմագրման ու լիցենզիայի համար, ինչը պետք է տար ԿԳՄՍ նախարարությունը։ Դրանցից մեկն «Ադրբեջանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն էր, մյուսը՝ «Ձկնաբուծությունը», որը շատ արդիական ծրագիր է Հայաստանում, և «Հանրային կապեր»։ Մեր ներկայացրած 3 ծրագիրն էլ մերժվեց։ Մերժելու պատճառն այն էր, որ մեզ ասացին՝ իբր  համապատասխան տարածք չունենք: Մինչդեռ մի հիմնադրամ, որը չունի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, պաշտպանած գիտնականներ, կրթական ծրագեր իրականացնող փորձառու մասնագետներ, գրչի մեկ հարվածով ստանում է թույլտվություն՝ իրականացնելու մագիստրոսական կրթական ծրագիր։

Կարելի է ասել, որ սա նույնիսկ ծիծաղելի է, ուզում եմ հասկանալ՝ այն մարդիկ, որոնք գնացել են այս մագիստրոսական ծրագրով սովորելու այդ դիպլոմը, որը վերջում ստանալու են, լո՞ւրջ են ընդունելու։

Ո՞վ կմտածեր, որ ինչ-որ հիմնադրամ կամ հասարակական կազմակերպության մագիստրոսական ծրագիրը կստանա պետական հավատարմագրում, լավ  է՝ Ա/Ձ չէ։ Սա ուղղակի խայտառակություն է, սա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կերպով հարվածում է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգին, այսքանից հետո  ո՞վ լուրջ կվերաբերվի այդ համակարգին»,- մեզ հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանից, սակայն պարոն Թոփչյանը վերապատրաստում էր անցկացնում, նշեց, որ ավելի ուշ կարող է խոսել։ Ավելի ուշ կփորձենք ստանալ հարցերի պատասխանը և ներկայացնել ընթերցողներին։

Տեսանյութեր

Լրահոս