
Արմավիրի մարզում կասեցվել է կաթնամթերքի երկու արտադրամասի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գայանե Մարտիրոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք), որի արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ արտադրական շինության հատակների, պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, ինչպես նաև արտադրական շինության դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, գտնվել են ժանգոտ և անհարթ վիճակում։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արա Միրզոյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Տիգրան Մեծի փողոց) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ՝ արտադրական շինության պատերը վերին հատվածը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից, գտնվել են ոչ բարվոք վիճակում, առկա են բորբոսի օջախներ, ինչպես նաև առաստաղի որոշ հատվածներում եղել են կեղտի կուտակումներ, հենասյուները՝ կոռոզիայի ենթարկված, ինչը չի կանխարգելել անցանկալի մասնիկների թափվելու հնարավորությունը, բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մի մասը, գործիքները, պարագաները պահվել են ոչ բարվոք վիճակում, ենթարկված են կոռոզիայի։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: