«Ամերիկացիները փակելու են Հայաստանի ցամաքային սահմանն Իրանի հետ». Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանին չեն համոզել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե իր և իր ընտանիքի համար Հայ Առաքելական եկեղեցին սրբություն է:

«Իր ասելը շատ քիչ է: 7 տարվա մեջ ինչ ասես՝ տեսել ենք Նիկոլից: Եթե փաստով ներկայացվեր, որ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կյանքի խոսք»-ի հովվի քարոզները, հետաքրքիր կլիներ տեսնել, թե նա ինչպես է ճողոպրելու կամ անգրագետի նման այդ հարցին պատասխանելու: Իր ընտանիքի՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելո՞վ է պայմանավորված իր երկու դուստրերի՝ աղանդավորների հետ նստել-հելնելը, սոցիալական ցանցերում հրապարակելը, կամ նրա տղայի անկապ պարերը…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հիշեցնելով, որ Փաշինյանի օրոք է դպրոցական առարկաների ցանկից հանվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Գագիկ Համբարյանն ամեն քայլ սպասում է Նիկոլ Փաշինյանից. «Այդ մարդն աղանդավոր է, նա հստակ ծրագրեր ունի Հայ Առաքելական եկեղեցու մասով: 680 հազար իրեն ընտրող զանգվածի զգալի մասն աղանդավորներն են: Նրանց հովիվները սերտ կապեր ունեն այս իշխանությունների հետ, նրանք հովանավորվում են դրսից, իսկ հովանավորող ուժերը գլոբալիստների, հակահայերի ոհմակի մեջ են տեղավորվում: Ե՛վ եկեղեցին, և՛ հանրությունը պետք է զգոն լինեն. Նիկոլից ինչ ասես՝ պետք է սպասել: Նիկոլը շատ պարզ բոլորին ասում է, որ Կաթողիկոսին դեմ լինելն ընդամենը շղարշ է, ընդամենը քողարկում է իր հակաեկեղեցական լինելը»:

Անդրադառնալով մյուս մտահոգիչ խնդրին՝ Սյունիքի ճակատագրին, Գագիկ Համբարյանը նշեց, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պատվիրատուներն ԱՄՆ-ը, Իսրայելը և ԵՄ-ն են, որոնք իրենց գործընկեր Թուրքիայի միջոցով են այդ ամենն իրականացնում. «Նիկոլի օրինակներն ուղղակի աներևակայելի պրիմիտիվություն են, ասենք՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեր սահմանապահ և մաքսային ծառայողները չկա՞ն:

Կարդացեք նաև

«Զանգեզուրի միջանցք»-ի պարագայում Հայաստանը չի վերահսկելու այդ ճանապարհը, Հայաստանին ինչ-որ իքս գումար են շպրտելու, ասելու են՝ ինչ ուզենք, կտանենք: Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողջանին խաբել, թե եթե անգամ արտապատվիրակվի ամերիկացիներին, իրենք վերահսկելու են, բայց չի լինելու նման բան: Ամերիկացիները վերցնելու են իրենց վերահսկողության տակ, Հայաստանի ցամաքային սահմանն Իրանի հետ կտրելու են և անելու են այդ տարածքի հետ այն, ինչ ուզում են:

Ադրբեջանական կողմը հենց սա է պահանջում, որ ադրբեջանական ապրանքները, այդ միջանցքով անցնող ադրբեջանցիները որևէ առնչություն չունենան հայ սահմանապահների և մաքսավորների հետ, և ամերիկացիները դա են անելու: Նիկոլն ասում էր, որ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները. Հիմա ո՞ւր մնաց այդ ծրագիրը: Այդ նույն ամերիկացիները, որ ուզում են 100 տարով գալ և վեր ընկնել Սյունիքում, էդ նույն Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին վերահսկելո՞ւ են, կամ Նախիջևանի տարածքում նստելո՞ւ են: Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ որևէ երկրի ներկայացուցիչ իր տարածքում վերահսկի դեպի Հայաստան եկող ապրանքները»:

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գործում է հանցագործի հոգեբանությամբ՝ չկա զոհ, չկա հանցագործ. «Նիկոլն այնքա՜ն հանցանքներ է գործել այս երկրի դեմ, որ առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը պետք է չլինի» կարգախոսով, որպեսզի իրեն դատող չլինի: Թևակոխում ենք ամենավտանգավոր շրջան: Ես այս տարիներին մերթընդմերթ նշում եմ, որ իմ ամենամեծ վախն այն է, որ տեղի կունենա Հայաստանի սիրիացում, երբ Հայաստանի տարբեր հատվածներ սկսում են վերահսկվել այլ երկրների կողմից»:

Ըստ նրա՝ այս իրավիճակում Ռուսաստանն ամբողջովին մի կողմ է քաշված, միայն Ուկրաինայով է զբաղված. «Եթե Մոսկվայի պաշտոնյաների մոտ այն տեսակետը կա, թե Ուկրաինայում հաղթելով՝ նրանք շատ հաջողություններ են ունենալու, նման բան չկա: Ռուսաստանի ամենաթույլ տեղը Հյուսիսային Կովկասն է, որը կարելի է պայթեցնել և ՌԴ-ին ծնկի բերել: Հիմա այդ ծրագիրն է իրականացվում: Պանթուրանական ծրագրի առաջին զոհերը Ռուսաստանն ու Իրանն են լինելու: Թուրքիայի 50 հազարանոց բանակը պատահական չի տեղակայվելու Ադրբեջանի տարածքում: Այս ամենն ավելի շատ Թեհրանում են հասկանում, քան Մոսկվայում, բայց վերջին շրջանում էլ «կարմիր գծերի» մասին հայտարարություն չեմ լսել, բայց չի էլ բացառվում, որ Թեհրանը եթե տեսնի, որ հայերն ի վիճակի չեն պահելու իրենց անկախությունը, իրենք կվերականգնեն, ինչպես ասում են, պատմական արդարությունը՝ կմտնեն այն տարածքները, որ իրենք կորցրել են ընդամենը 200 տարի առաջ:

Չմոռանանք, որ 1400 տարի մենք այս տարածքում եղել ենք պարսիկների վերահսկողության տակ: Ռուսաստանի փլուզման արդյունքում 2 անգամ ստեղծել ենք անկախ պետություն, 2 անգամն էլ ցույց ենք տվել, որ մենք չենք հասկանում, մեր ժողովուրդը չի հասկանում՝ ինչ է անկախությունը: Ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Եթե մենք չենք ասում՝ ոչ, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան չեն կարող մեր փոխարեն ասել՝ ո՛չ: Ես մեր ժողովրդից ոչ մի սպասելիք չունեմ, մենք մեծ քայլերով գնում ենք կործանման: Ես ընդամենը հույս ունեմ, որ ՌԴ-ն և Իրանը, որոնք շատ լավ գիտեն՝ պանթուրանական կամ պանօսմանական ծրագրի իրականացման հետևանքներն ինչ են լինելու իրենց համար, կկանխեն, և մենք էլ գոնե ֆիզիկապես կփրկվենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս