Ինչո՞ւ է անհանգստանում իրանական կողմը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է՝ Իրանը ողջունում է ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Դուք հարևաններ եք, և հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը․ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում, և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,- նշել է նա։

Անդրադառնալով այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին՝ Սոբհանին ասել է․ «ՀՀ իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը տեղի չի ունենում ի վնաս Երևանի և Թեհրանի հարաբերությունների։ Թեհրանում վստահում են հայ բարեկամներին»։

Վերջին շաբաթների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը տարբեր առիթներ է ունեցել հայտնելու իր դիրքորոշումը ռեգիոնալ զարգացումների և հատկապես՝ Սյունիքով նախատեսվող երթուղու վերաբերյալ՝ անընդունելի համարելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումները։

Կարդացեք նաև

Սրան զուգահեռ՝ նկատելի են դրական միտումներ ադրբեջանա-իրանական հարաբերություններում։ Թուրքիայում հունիսի վերջին տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որի ընթացքում հայատյաց բանաձևերի մի ամբողջ շարք ընդունվեց։ Այս կազմակերպության մաս են, ի թիվս այլ երկրների, Ադրբեջանը, Իրանը ու Թուրքիան։ Իսկ հուլիսի 3-4-ն օկուպացված Ստեփանակերտում կազմակերպվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Ղրղզըստանի նախագահները, Պակիստանի վարչապետն ու մի քանի այլ ղեկավարներ։

Եվ օրերս Աբու Դաբիում կայացան Փաշինյան-Ալիև բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ տեղեկությունների, քննարկվել էին ռեգիոնալ ապաշրջափակման հեռանկարներն, այդ թվում՝ ամերիկյան առաջարկը, որով նախատեսվում էր Սյունիքով անցնող երթուղում ամերիկյան բիզնես ներկայացվածություն որոշակի գործառույթներով։

Այս բանակցություններին հաջորդեցին Փաշինյանի այցերը Բրյուսել և Փարիզ։ Ուշագրավ է, որ Աբու Դաբիի բանակցությունների հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նախօրեին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: «Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ա.Ա.Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակներում Գրիգորյանն ու Ահմադիանը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը»,- ասված էր ՀՀ ԱԽՔ տարածած հաղորդագրությունում։

Ուշագրավն այն է, որ մայիսի 26-ին Երևանում Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մասնակցելով «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկմանը, որոշ հետաքրքրական մեսիջներ էր արել, մասնավորապես՝ իր խոսքն ուղղելով Գրիգորյանին․

«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է՝ կտրել կապը տարածաշրջանում, դա մի բան է, որը մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայի համար»։ Եվ փաստորեն Ահմադիանի հետ հեռախոսազրույցում Գրիգորյանը շեշտել է կապուղիների ապաշրջափակման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքը։

Ավելի վաղ Ահմադիանը hեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄԷ-ի ազգային անվտանգության խորհրդական Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: Ակնհայտորեն, Իրանի դեսպան Սոբհանին հետաքրքրված է եղել Աբու Դաբիում ծավալված բանակցություններով՝ հատկապես ռեգիոնում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ։

Փաստորեն Աբու Դաբիի բանակցություններից հետո իրանական կողմն ակտիվ շփումների մեջ է հայկական կողմի հետ և հատկապես այն գործիչների, որոնք բանակցել են Աբու Դաբիում։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իրանական կողմը ճիշտ է, երբ նշում է, որ ցանկանում է ռեգիոնալ հակամարտությունների կարգավորում, որի իրագործման դեպքում ենթադրվում է, որ ռեգիոնում ռիսկերն Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի համար փոքր-ինչ կմեղմվեն։

«Ես ուշադրություն կհրավիրեի նաև այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը բանակցությունների միջնորդ չէ, բայց ՌԴ-ն ևս ողջունեց բանակցությունները և կարգավորման հեռանկարները։ Սա պայմանավորված է նաև այն խնդիրներով, որոնք թե Ռուսաստանը, թե Իրանն ունեն Արևմուտքի հետ։ Իրական, ամուր կարգավորումը կնպաստի ռեգիոնալ կայունությանը։ Պնդել, որ մոտ ապագայում դա կտեսնենք, դեռ չի հաջողվում, հաշվի առնելով այն, որ շարունակում են պահպանվել շատ խնդիրներ կողմերի միջև, թեև, ինչպես երևում է, շատ ուղղություններով էլ առաջընթաց կա, և ներկայումս գլխավոր հարցը վերաբերում է հենց ճանապարհների հարցին, որտեղ աշխարհաքաղաքական բոլոր դերակատարներն էլ իրենց հետաքրքրությունն ունեն, որը, ցանկանում են, որ հաշվի առնվի, խոսքը թե Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, թե Չինաստանի մասին է, ՌԴ-ն ևս կցանկանար, սակայն ՌԴ-ն ներկայումս այնպիսի խնդիրների է բախվում նաև Հարավային Կովկասում, որոնք թույլ չեն տալիս այս ուղղությամբ ակտիվություն ցուցաբերել։

Ուստի Իրանի դեսպանի հանդիպումը ցույց է տալիս հենց այդ հետաքրքրությունը, ցանկությունը՝ տեղեկանալու կայացվող որոշումների մասին, առաջ մղելով սեփական դիրքորոշումները։ Կարծում եմ՝ որոշակի անհանգստություն իրանական կողմում կա այն բանի կապակցությամբ, որ Իրանը, թեկուզ անուղղակի, չունի մասնակցություն այս գործընթացներին, ուստի այդ բացը փորձում են լրացնել բանակցություններից հետո հեռախոսազանգերով։

Սակայն Իրանում ևս հասկանում են, որ վերջնական որոշում կայացնում են կողմերը և ավելի ակտիվ դերակատարները, իսկ ներկայումս ակտիվ են Թուրքիան և Արևմուտքը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ հավելելով, որ մնացած դերակատարները դիտորդի դերում են հայտնվել։

Նրա խոսքով, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել արևմտյան թևում։

«ԵՄ-ն իր ներդրումներն է խոստանում, հետաքրքրված է երթուղով, սակայն կողմերին առաջարկ է անում ԱՄՆ-ը, իսկ ավելի ազդեցիկ անուղղակի մասնակցություն ունի պրոցեսին Թուրքիան։ Այստեղ մրցակցության հետ գործ ունենք, դրանով էին նաև պայմանավորված բանակցություններից հետո հայկական կողմից այցերը ԵՄ երկրներ՝ խորհրդակցությունների նպատակով։ Այնուամենայնիվ տեսնում ենք, որ կողմերը հեռու չեն պայմանավորվածություններից, սակայն չկա ստորագրված Խաղաղության համաձայնագիր, և իրավիճակը շարունակում է փխրուն ու անկանխատեսելի մնալ նաև աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պատճառով։ Բայց ռեգիոնն ակտիվ վերափոխումների փուլում է, որոնք պայմանավորված են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններով, հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրներով, Վրաստան-ԵՄ հարաբերություններում առաջ եկող լուրջ տարաձայնություններով, Սիրիայում ռազմական նոր գործողություններով։ Ռուսաստանի համար ևս բավականին նոր իրավիճակ է, երբ Մոսկվան Հարավային Կովկասում խնդիրներ ունի Երևանի ու Բաքվի հետ, իսկ Թբիլիսիի հետ խնդիրներն ավելի մեղմ փուլ են թևակոխել։ Սա գործընթաց է, որը դեռ շարունակվելու է, փոփոխությունները դեռ ակտիվ փուլում են»,- նկատեց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս