Մայրական տոկունություն
– Հա՛յր, սրբազան Նեկտարիոս Էգինացին, միանձնուհիներին ուղղված նամակներից մեկում, նրանց կոչ է անում չմոռանալ, որ իրենք կին են, և հետևել սուրբ կանանց, այլ ոչ թե սուրբ այրերին*: Ինչո՞ւ է Սրբազանն այդպես ասում: Միգուցե, որովհետև կանայք բավականաչափ դիմացկուն չե՞ն:
– Ովքե՞ր: Կանա՞յք դիմացկուն չեն: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչ տոկունություն նրանք ունեն: Նրանք շա՜տ ուժեղ են: Միգուցե կնոջ մարմինը ավելի թույլ է, քան՝ տղամարդունը, բայց նա ուժեղ սիրտ ունի և դրանով գործելով՝ նա այնպիսի տոկունության է տիրապետում, որ գերազանցում է տղամարդկային ուժը: Այո՛, տղամարդն ունի ֆիզիկական ուժ, բայց այնպիսի սիրտ, որպիսին կանացին է՝ նա չունի: Մի անգամ ես մի կատվի է հետևում, որն իր ձագուկների հետ իմ խուց էր եկել: Նա շա՜տ նիհար էր, այնքան, որ կողերը կարելի էր հաշվել: Մի անգամ, մի մեծ որսորդական շուն վազելով մտավ իմ բակ: Կուրդը, այդպես էին անվանում շանը, պուկ տվեց, իսկ կատուն՝ պատրաստվեց կռվի, ճկվեց աղեղի պես, սպառնալից դիրք ընդունեց և պատրաստ էր հարձակվել շան վրա: Ես միայն զարմացա, թե որտեղից այդ կատվին այդքան արիություն: Տեսնո՞ւմ ես, նա պաշտպանում էր իր ձագուկներին:
Մայրը տառապում է, ուժասպառ է լինում, սակայն ո՛չ ցավ, ո՛չ հոգնածություն չի զգում: Նա ստիպում է իրեն աշխատել, բայց երեխաներին ու իր տունը սիրելով՝ ամեն ինչ ուրախությամբ է անում: Այն մարդը, որ օրեր շարունակ պառկած է, ավելի շատ է հոգնում՝ քան նա: Հիշում եմ, երբ մենք փոքր էինք, մեր մայրը պետք է հեռվից ջուրը բերեր, կերակուր եփեր, հաց թխեր, լվացք աներ և այդ ամենի հետ մեկտեղ՝ դաշտում էլ աշխատեր: Այս ամենը քիչ էր, դեռ մենք էլ, երեխաներս, նրան հանգիստ չէինք տալիս. երբ մենք կռվում էինք իրար հետ՝ նրա բազմաթիվ գործերին ու հոգսերին ավելանում էր նաև դատավորի պարտականությունը: Սակայն նա ասում էր. «Դա իմ պարտքն է: Ես պարտավոր եմ այդ ամենն անել ու չտրտնջալ»: Նա այս խոսքերի մեջ բարի խորհուրդ էր դնում: Նա սիրում էր տունը, սիրում էր իր զավակներին և գործերից ու հոգսերից ուժասպառ չէր լինում: Նա ամեն ինչ սրտանց էր անում, ուրախությամբ:
Եվ որքան ավելի են անցնում տարիները, այնքան մայրն ավելի շատ է սիրում տունը: Նա արդեն այնքան երիտասարդ չէ, որքան տարիներ առաջ, սակայն դա հաշվի չառնելով՝ նա իրեն ավելի ու ավելի է զոհաբերում, որպեսզի թոռնիկներին էլ մեծացնի: Նրա ուժերը գնալով սպառվում են, սակայն իր բոլոր պարտականությունները նա ի սրտե կատարում է և նրա ուժերը գերազանցում են նույնիսկ իր ամուսնու ուժերն ու այն, որ նա ուներ երիտասարդ տարիքում:
– Հա՛յր, գիտե՞ք, կանայք հիվանդության ժամանակ էլ տղամարդկանցից տարբերվում են մեծ սառնասրտությամբ:
– Գիտե՞ս , թե բանն ինչումն է: Մայրը բազմաթիվ անգամներ է բախվել է այն իրավիճակի հետ, երբ հիվանդացել է իր երեխան: Այդ պատճառով էլ նա գիտի, թե ինչ բան է հիվանդությունն ընդհանրապես և նա մեծ փորձ ունի այդ ասպարեզում: Նա հիշում է, թե քանի անգամ է բարձրացել իր փոքրիկի ջերմությունը և քանի անգամ իջել: Նա տարբեր տեսարանների ականատես է եղել, օրինակ՝ ինչպես շնչահեղձ եղող կամ ուշաթափ եղած երեխան ուշքի է եկել, երբ ափով մի թեթև հարվածել է այտերին: Տղամարդն այդ ամենը չի տեսնում, և այդպիսի փորձ չունի: Այդ պատճառով էլ, իմանալով, որ երեխան ջերմում է կամ գունատ է՝ տղամարդը խուճապի է մատնվում և սկսում է նյարդայնանալ. «Երեխան ձեռքից գնում է: Հիմա ի՞նչ պիտի անենք: Վազե՛նք, բժշկին զանգենք»:
* Αγίου Νεκταρίου, Έπισκόπου Πενταπόλεως. 35 Ποιμαντικές Έπιστολές, Έπιστολή. 26η. Έκδ. “Ύπακοή”. Άθήνα. 1993. Σ. 12.
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի