Որ սննդամթերքներն են բացասաբար ազդում տղամարդկանց առողջության վրա
Արագ սնունդը, երշիկեղենը և շաքարով հարուստ ըմպելիքները բացասաբար են անդրադառնում տղամարդկանց առողջության վրա՝ իջեցնելով տեստոստերոնի մակարդակը և նպաստելով ճարպակալմանը, իսկ ալկոհոլը ճնշում է տղամարդու հորմոնների արտադրությունը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Կրասնոգորսկի հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Յուլիա Սլաստենը։
«Հագեցած ճարպերով և շաքարով հարուստ սնունդը, մասնավորապես՝ արագ սնունդը, երշիկեղենը և քաղցր ըմպելիքները, բացասական ազդեցություն են ունենում։ Դրանք նպաստում են ճարպակալմանը և տեստոստերոնի մակարդակի նվազմանը»,- գործակալությանը ասել է Սլաստենը։
Բժիշկը նաև նշել է, որ ալկոհոլի չափից շատ օգտագործումը խաթարում է լյարդի գործառույթը և ճնշում է տղամարդու հորմոնների արտադրությունը: Աղի չափից շատ օգտագործումը նույնպես բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, քանի որ այն մեծացնում է հիպերտոնիայի և անոթային խանգարումների առաջացման ռիսկը, հավելել է Սլաստենը:




