«Բերել՝ 2 ձող են տնկել, վրան մի հին ցուցանակ են կպցրել՝ ավտոբուս նկարած, ու վերջ. Սրանով հանրային տրանսպորտի խնդիրը չլուծվեց». Կարեն Չիլինգարյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, թե «42 կանգառներ կահավորվել են էլեկտրոնային չվացուցակով»։ Գրառման վերջում նա օգտագործել է «ինչպես խոստացել էի» հեշթեգը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է Երևանի քաղաքապետի գործառույթները «յուրացնել», մայրաքաղաքում հանրային տրանսպորտը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել, որի պարագայում մարդիկ ժամերով սպասում են կանգառներում ու չեն կարողանում նստել տրանսպորտ։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ իշխանությունը 2 էլեկտրոնային չվացուցակ գովազդելու փոխարեն, լավ կանի, եթե մտածի հանրային տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը թեթևացնելու համար։
«Չվացուցակներ կախելուն զուգահեռ, կարող են նաև հանրային տրանսպորտի մասին մտածել։
Չգիտես՝ ինչու, հայկական տարբերակում պետք է ամեն ինչ թանկանոց լինի, դրա փոխարեն կարող են հանրային տրանսպորտի երկու շարժակազմ գնել։
Ես միշտ օրինակ եմ բերում Թբիլիսիի չվացուցակները՝ բոլոր կանգառներում շարված են՝ լուսադիոդ են կոչվում, վազող տողով գրվում է չվացուցակը, շատ պարզ ու մատչելի։ Մեզանում տեղադրել են ամենաթանկանոցը, բերել էկրան են դրել։
Հիշում եմ, երբ մեզ մոտ տեղադրել էին մեծ էկրաններ, իբր չվացուցակը պետք է ցույց տար, բայց հանրային տրանսպորտը չէին կահավորել համապատասխան համակարգով։ Հիմա էլ նույն պատմությունն է, բերել Երևանի կենտրոնական մի քանի կանգառներում դրանք շարել են, բայց դա հանրային տրանսպորտի խնդիրը չի լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը։
Նա նաև ասաց, որ, օրինակ, Մաշտոցի պողոտայում մի քանի թանկարժեք կանգառներ են սարքել, բայց ՝ կան կանգառներ, որ մարդ չի էլ հասկանում, որ դա կանգառ է։
«Բերել՝ 2 ձող են տնկել, վրան մի հին ցուցանակ են կպցրել՝ ավտոբուս նկարած, ու վերջ։ Հիմա հարց՝ անպայմա՞ն էր երկու կանգառի վրա միլիոններ ծախսել, այն դեպքում, երբ այդ գումարով կարող էին մի քանի կանգառներ կահավորել՝ ուղևորներին շատ հարմար։ Տեսեք, ամբողջ աշխարհում թափանցիկ՝ ապակեպատ կանգառներ են դրված, վա՞տ է, նույնն էլ այստեղ կարող էին անել, որպեսզի բոլոր կանգառներն էլ կահավորված լինեին։
Հիմա վայրեր կան, որ մարդիկ վատ եղանակային պայմաններում ժամերով տրանսպորտի են սպասում, տրանսպորտն էլ գալիս է, այնքան գերծանրաբեռնված է, որ չեն կարողանում բարձրանալ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հազարավոր վարորդների բարձրաձայնած խնդրին՝ ճանապարհներին փոսերի խնդրին, Կարեն Չիլինգարյանն ասաց՝ դա խայտառակություն է։
Ըստ նրա, իշխանությունը խոսում է «աննախադեպ ասֆալտապատման» աշխատանքների մասին, բայց իրականությունն այլ բանի մասին է խոսում։
«Նման խայտառակություն ես որևէ տեղ չեմ տեսել, ասում են՝ եղանակային պայմաններն են փչացնում ճանապարհների ասֆալտը, ինչը, իհարկե, իրականության հետ կապ չունի։
Ինչպե՞ս է ստացվում, որ եղանակային պայմաններն ազդում են մեր ճանապարհների վրա, բայց, օրինակ, Հայաստանի հարևանությամբ գտնվող այլ երկրների վրա չի ազդում։ Նշանակում է, որ ամեն ինչ այդքան էլ որակյալ չեն անում՝ կա՛մ աշխատանքից է, կա՛մ իրենց օգտագործած նյութից։ Հիմա էլ պարզվում է, որ շատ ժամանակ այդ բիտումը՝ ձյութը, չեն օգտագործում։
Բնական է, որ հիմքն առանց դրա լավ չի կպնելու։ Թանկանոց ավտոբուսներ են առել, գոնե դրանք խնայելու համար առաջինն այդ փոսերի հարցը լուծեն, գերմանական այդ ավտոբուսները նման ճանապարհների համար չեն, այսպես շարունակեն՝ դրանք շուտով շարքից դուրս կգան»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։



