Իրանը եթե շատ զայրանա, Ադրբեջանից տեղը կհանի. լայնածավալ պատերազմ չի լինելու. Ալեքսանդր Իսկանդարյան
Իրանի դեմ լայնածավալ պատերազմ չի լինի։ Թրամփին դա հաստատ պետք չէ։ Սակայն չի բացառվում, որ լինի ռազմական ինչ-որ գործողություն, օրինակ՝ հրթիռային հարվածներ Իրանի օբյեկտներին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և Իրանին ԱՄՆ ռազմական հարված հասցնելու հավանականության թեմայի շուրջ։
Ալեքսանդր Իսկանդարյանը մատնանշում է Միացյալ Նահանգների ակնհայտ փորձերը՝ տարատեսակ ճնշումներ գործադրելու միջոցով հասնելու ցանկալի արդյունքի, այն է՝ Իրանում իսլամական վարչակարգի փոփոխությանը, սակայն, քաղաքագետի կարծիքով՝ քանի ողջ է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ամերիկացիները չեն կարողանա հասնել իրենց ուզածին։
«Ես իրանագետ չեմ և չեմ կարող մասնագիտական գնահատական տալ Իրանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Ես տեսնում եմ, որ կա քաղաքական առևտրի և ճնշման որոշակի գործընթաց, այլ խոսքերով՝ փորձում են ճնշում գործադրել Իրանի նկատմամբ՝ այդ ճնշման մեջ կիրառելով նաև ուժային բաղադրիչը։ Տեղի ունեցողից շատ բաներ մեդիափուչիկներ են։ Օրինակ՝ ամերիկյան ավիակիրները միշտ են եղել Պարսից ծոցում, և այն, որ այժմ իբր տեղի է ունենում կտրուկ փոփոխություն, իրականում այդպես չէ։ Սակայն մենք տեսնում ենք շատ ցուցիչներ առ այն, որ իսկապես բանը կարող է հասնել սրացման, մասնավորապես՝ բազմաթիվ երկրների կողմից իրենց քաղաքացիներին հետ կանչելն Իրանից, Իսրայելին որոշակի զինատեսակների մատակարարումը, տարածաշրջանային երկրներ տեղի ունեցող այցերը, և այլն։ Այս ամենը հուշում է այն մասին, որ ճնշում է գործադրվում՝ ինչ-որ արդյունքի հասնելու նպատակով։ Ինձ թվում է, որ քանի դեռ [Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի] Խամենեին ողջ է, ամերիկացիները չեն կարողանա հասնել իրենց ուզած արդյունքին, այն է՝ տարատեսակ ճնշումների միջոցով հասցնել Իրանում վարչակարգի փոփոխությանը»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում ԱՄՆ ռազմական ինչ-որ գործողությունը կամ սահմանափակ ռազմական հարվածն Իրանին, որի մասին նախորդ շաբաթ խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, սակայն քաղաքագետը կարծում է, որ «իսկական» կամ լայնածավալ պատերազմ չի լինելու։ Քաղաքագետի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարվա 12-օրյա պատերազմի, երբ Իսրայելին հաջողվեց անակնկալի բերել Իրանին, այս անգամ չեն կարողանա օգտագործել անսպասելիության գործոնն Իրանի դեմ։
«Ինձ թվում է՝ Թրամփին դա հաստատ պետք չէ։ «Իսկական պատերազմ» ասելով՝ նկատի ունեմ ցամաքային հարձակում՝ զորքերի ներխուժմամբ և այլն։ Իրանն Իրաք չէ, Վենեսուելա չէ, բոլորովին այլ չափման պետություն է։ Նկատի ունեմ՝ պետության մեծությունը, բնակչությունը, ռազմական ներուժը, ռելիեֆը։ Դժվար է դա պատկերացնել։ Բայց միանգամայն հնարավոր է, ասենք, հրթիռային հարձակումն Իրանում ինչ-որ օբյեկտների վրա՝ որպես ճնշման միջոց։ Ես, իհարկե, դրա մասնագետը չեմ, բայց խելացի մարդիկ ասում են, որ Իրանի միջուկային ծրագիրն այնպես է տեղաբաշխված երկրի տարածքում և այնպես է թաքնված պաշտպանված օբյեկտներում, որ հնարավոր չէ այն ոչնչացնել մեկ կամ մի քանի հարվածով։ Բոլոր դեպքերում, ինձ թվում է, որ նույնիսկ, եթե ռազմական ինչ-որ գործողություն լինի, այն լինելու է վարչակարգի նկատմամբ ճնշման մի մասը և այն լինելու է սահմանափակ ռազմական գործողություն։ Իսկական լայնածավալ պատերազմ, ինձ թվում է, դժվար թե լինի»,- նշում է Իսկանդարյանը։
«Ռեվյու»-ի հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Ադրբեջանն Իրանի դեմ ռազմական գործողություններում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը տրամադրել է իր տարածքն Իսրայելին 12-օրյա պատերազմի ժամանակ, քաղաքագետը պատասխանեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի տարածքից հնարավոր են ինչ-որ բացահայտ գործողություններ Իրանի դեմ։
«Իրանն ինչքան էլ թուլացած լինի, նույնիսկ թուլացած վիճակում եթե շատ զայրանա, Ադրբեջանից տեղը լրջորեն կհանի՝ Ադրբեջանի հաշվին հետ կգա»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իրանի թեմայի համատեքստում Կովկասի ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաև մերձավորարևելյան մեծ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների և տարբեր գործընթացների, հատկապես՝ Իրանում, Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, իսրայելա-պաղեստինյան հակամարտության տիրույթում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգության միջավայրի վրա՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հարավային Կովկասը գնալով դադարում է լինել միայն հետխորհրդային տարածքի մի մաս, քանի որ հետխորհրդային տարածությունն է գնալով դադարում գոյություն ունենալ, և ավելի ու ավելի է դառնում Մեծ Մերձավոր Արևելքի մաս, և Մերձավոր Արևելքում տեղի ունեցողն ուղղակիորեն անդրադառնում է մեզ վրա։
Այս տեսանկյունից Ալեքսանդ Իսկանդարյանը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստան-Արևմուտք երկընտրանքից դուրս գալուն և մեր գլխում մենթալ քարտեզը մի քիչ փոխելուն։
«Դա եղել է նույնիսկ մինչև 2020 թվականը։ Օրինակ, երբ եղավ Արաբական գարունը, Հայաստանում հայտնվեցին փախստականներ Սիրիայից, և մինչ օրս շատերն ապրում են Հայաստանում։ Դա ուղիղ ազդեցություն է։ Այն, ինչ տեղի է ունենում, ասենք, Իսրայելի հետ, անմիջականորեն անդրադառնում է մեզ վրա, մասնավորապես՝ Ադրբեջանին սպառազինելու տեսքով, և այս իմաստով ես ակնկալում էի և շատ էի ցանկանում, որ դա տեղի ունենար, այդ պատճառով էի ասում, որ մենք մի քիչ փոխենք մենթալ քարտեզը մեր գլխում։ Մենք ապրում ենք այնտեղ, որտեղ ապրում ենք, և մտածել, որ Վլադիվոստոկը կամ Սանկտ Պետերբուրգն ավելի մոտ են մեզ, քան Սուլեյմանիեն կամ Մոսուլը, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ Մոսուլներն ու Սուլեյմանիեները շատ մոտ են մեզ՝ մոտ 300-400 կմ հեռավորության վրա, բայց հոգեբանորեն Վլադիվոստոկն ու Յակուտսկն առաջվա պես ավելի մոտ են մեզ համար։

Դա սկսել է փոխվել, սակայն փոխվում է, ցավոք, այլ ուղղությամբ։ Այժմ հոգեբանորեն մեզ շատ ավելի մոտ են Բրյուսելը, Ժնևը, Վարշավան և նույնիսկ Վաշինգտոնը, և մենք կրկին մտածում ենք «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» կատեգորիայով։ Ես չեմ ասում՝ ինչն է վատ և ինչն է լավ։ Ես նույնիսկ չեմ ասում՝ ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Ես խոսում եմ այն մասին, որ նորից երկատում (դիխոտոմիա) է՝ Ռուսաստան-Արևմուտք. «մենք հեռանում ենք Ռուսաստանից և գնում ենք դեպի Արևմուտք»՝ այսպես է ասում մարդկանց մի մասը։ Մյուս մասն ասում է՝ «մենք չպետք է Արևմուտք գնանք, մենք պետք է ավելի մոտ լինենք Ռուսաստանին», մինչդեռ Մոսուլն ու Սուլեյմանիեն առաջվա պես 300 կմ-ի վրա են, իսկ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, առաջվա պես անմիջականորեն ազդում է մեզ վրա, իսկ այն, ինչ տեղի է ունենում Իսրայելում, Գազայի հատվածում, Իրաքի հյուսիսում, ևս ուղղակիորեն ազդում են մեզ վրա, քանի որ սա մեր տարածաշրջանն է, քանի որ մենք ապրում ենք այստեղ, և լավ կլինի, որ գիտակցենք դա։
Նրանք մոտ են աշխարհագրականորեն, նույնիսկ, եթե մշակութապես էլ տարբեր լինեն։ Օրինակ, կա այսպիսի միջերկրածովյան մի մշակույթ, որի մեջ մտնում է ոչ միայն Լիբանանը, այլ Հունաստանը, Բուլղարիան, հարավային Իտալիան, և եթե նրանք եվրոպացի են, ապա ինչո՞ւ մենք եվրոպացի չենք։ Օքեյ, տղերք, եվրոպացի ենք, կուզեք՝ ամերիկացի, բայց, միևնույն է, Մոսուլն ավելի մոտ է, միևնույն է, այն քաղաքականությունը, որը տեղի է ունենում այս տարածաշրջանում, կարող է ուղղակիորեն ազդել մեզ վրա ամենադաժան ձևով՝ ինչպես եղավ 2020 թվականին»,- բացատրում է քաղաքագետը։
Իսկանդարյանի խոսքով՝ հոգեբանորեն մենք ապրում ենք ոչ այնտեղ, որտեղ ապրում ենք աշխարհագրականորեն. «Մենք դեռ մտորում ենք այն հարցի շուրջ, թե, վերջիվերջո, ով ենք ուզում լինել՝ Բելառո՞ւս, թե՞ Էստոնիա։ Ի՞նչ Բելառուս, ի՞նչ Էստոնիա. ահա Իրաքը՝ մեր կողքին, ահա՝ Սիրիան, ահա արևելյան Թուրքիան՝ թուրքական Քրդստանը, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Ինձ թվում է՝ մենք այդքան էլ ճիշտ չենք հասկանում մեր վիճակը, որը բերում է այնպիսի բաների, ինչպիսին էր 2020 թվականը»։
Այս համատեքստում Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմն Արցախի դեմ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմական օպերացիաների ճիշտ կրկնօրինակն էր, դրանք միևնույն մարդիկ են պլանավորել։
«Հիշում եմ՝ ինչպես էի 44-օրյա պատերազմից հետո նստած վերլուծում, հնարավորություն կար հայթայթելու, դրանք տպագրվում էին ադրբեջանական մամուլում, 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմից զոհված սպաների ազգանունները։ Եվ այդ մարդիկ ունեին կենսագրություն։ Գրեթե բոլորը ռազմական կրթություն էին ստացել Թուրքիայի ակադեմիաներում, իսկ Թուրքիան, հիշեցնեմ, ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Սա կոչվում է տարածաշրջան»,- հավելեց քաղաքագետը։

Խոսելով 2020-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի և Արցախի բռնազավթման պատճառների մեծ շարքի մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանում այն մասնագետները, որոնք ուսումնասիրում են հետխորհրդային տարածքը, և այն մասնագետները, որոնք ուսումնասիրում են Մերձավոր Արևելքը, շատ քիչ են շփվել և չեն փոխանակվել միմյանց փորձով։ Սակայն գործոնները, որոնք բերել են պատերազմին, ըստ նրա՝ շատ են։
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանն իդեալական պահ է ընտրել հարձակվելու համար, թեև պետք է նշել, որ Ադրբեջանը նախապատրաստվել է պատերազմին դեռև 2004-2005 թթ.-ից։ Իսկանդարյանի խոսքով՝ իր համար լուրջ ահազանգ էր արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը 2020 թվականին, իսկ մինչ այդ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հրաժարականը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



