Փաստաբանները չպետք է վախենան կատարել իրենց աշխատանքը. Այս հարցը պահելու եմ իմ մշտական ուշադրության ներքո. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԲԴԽ վերջին աղմկհարույց հայտարարությանը:
«Փաստաբանը կոչված է պաշտպանելու մարդուն, բայց երբ նա ինքն է ստիպված լինում պաշտպանվել, նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է գնում։
Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով առանձնացրել է կոնկրետ փաստաբանի՝ Արա Զոհրաբյանի անունը, և փաստացի հասկացրել է․ եթե քննադատում ես դատարաններին, ուրեմն «կասկածելի անձ ես, ներգրավված ես ինչ-որ սխեմաների մեջ»։
Փաստաբանն այն մարդն է, ում աշխատանքը անհարմար հարցեր տալն է, սխալներ ցույց տալը, բարձրաձայն ասելը այն, ինչ ուրիշները նախընտրում են չնկատել։
Սա արտոնություն չէ, սա փաստաբանի պարտականություն է։ Առանց դրա դատաիրավական համակարգը դադարում է աշխատել։ Որակյալ պաշտպանության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, որը չի կարելի նսեմացնել կամ կասկածի տակ դնել։
Ի՞նչ է ստացվում։
Նախ ԲԴԽ-ն հրապարակայնորեն նշում է կոնկրետ փաստաբանի անուն և ասում, թե իբր նրա քննադատությունը «սխեմա» է։
Սա արվում է նրա համար, որ մյուս անգամ փաստաբանները մի բան ասելուց առաջ ավելի երկար «մտածեն»՝ արդյո՞ք արժե ասել այնպիսի բան, որը ԲԴԽ-ին դուր չի գա։
Սրա նպատակն է նաև փաստաբաններին թիրախավորելով` չեզոքացնել ու այդ կերպ թուլացնել նրանց, որպեսզի քաղաքական շարժառիթ ունեցող գործերով հեշտ կայացվեն մեղադրական դատավճիռները։
Փաստաբանների նկատմամբ հետապնդումներն ամենևին էլ չեն նշանակում նրանց ձերբակալություն. այդ հետապնդումները նախևառաջ տեղի են ունենում նրանց հրապարակային պիտակավորմամբ` որպես «կասկածելի անձինք»։
Երբ մարմինը, որը ստեղծվել է դատարանների անկախությունը պաշտպանելու համար, սկսում է փաստաբաններին անուններով թիրախավորել, նշանակում է գործում է իր սահմանադրական առաքելությանը հակառակ: Այն ոչ թե դատական համակարգն է պաշտպանում, այլ իշխանությանը՝ դատական վերահսկողությունից։
Փաստաբանները չպետք է վախենան կատարել իրենց աշխատանքը։ Այս հարցը պահելու եմ իմ մշտական ուշադրության ներքո:
Ակնհայտ է, որ այն դատարանը, որը չի դիմանում քննադատությանը, չի կարող ուժեղ լինել։ Իշխանությանը հենց այդպիսի դատարաններ ու ԲԴԽ էլ պետք են»:




