Պալյանների ճարտարապետական հետքը Ստամբուլում
Մերօրյա Ստամբուլի ճարտարապետության մեջ հայկական Պալյան գերդաստանն ուրույն ձեռագիր ու մեծ հետք է թողել: Նրանք Ստամբուլ էին տեղափոխվել Կեսարիայից։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Պալյանները հայտնվեցին արքունիքում ու դարձան արքունի ճարտարապետներ։
18-րդ դարից սկսած՝ Օսմանյան կայսրությունում եկամուտների և ծախսերի անհավասարաչափ բաշխումը հանգեցրեց վճարումների ուշացման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության ոլորտում: Եկամուտների մեծ մասն ուղղվում էր ռազմական ծախսերին, ինչն էլ խնդիրներ էր առաջացնում մնացած ոլոտներում՝ այդ թվում շինարարության ոլորտում։ Նշանակված էին հատուկ վերահսկիչներ, որոնք պատասխանատու էին շենքերի կառուցման համար, բայց նրանք չունեին ճարտարապետական գիտելիքներ։ Սուլթան II. Մահմուդի կառավարման տարիներին (1808-1839) գլխավոր ճարտարապետ Քըրըմլը Մահմուդ աղայի կողմից սուլթանի ձիերի համար կառուցված ախոռի փլուզումը և նմանատիպ այլ դեպքեր կասկածի տեղիք տվեցին նրանց մասնագիտական գիտելիքների ու ունակությունների հետ կապված։ Այդ միջադեպից հետո Քըրըմլը Մահմուդ աղան հեռացվեց աշխատանքից և աքսորվեց Բուրսա։ Հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ կառուցվել են ոչ ամուր շենքեր և դրա մեղավորը վերահսկիչներն են, որոնք չունեն բավարար գիտելիքներ և նրանց մեղավորությամբ՝ սյուների ու կամարների համար օգտագործվել են անորակ նյութեր, իսկ աշխատակիցները պատշաճ կերպով չեն վարձատրվել։
Շենքերի շինարարության մեջ կիրառվող ընթացակարգերը դարձել էին անլուծելի՝ տարիների սխալ գործելակերպի պատճառով։ Պալատի ներքո գործող «Հասսայի ճարտարապետների միությունը» լուծարվեց 1831-ին և ստեղծվեց «Կայսերական շենքերի վարչությունը»՝ որպես կայսրության տարածքում շինարարական և զարգացման գործունեությունն իրականացնելու և կազմակերպելու ստորաբաժանում։ Ներդրվեց մրցութային համակարգ, որն ամբողջությամբ փոխեց շենքերի շինարարության մեջ կիրառվող ընթացակարգը։ Աշխատանքը շնորհվում էր այն կապալառուին, որն առաջարկում էր լավ որակ, բայց և հարմար գին։ Նրանց համար արխիվային գրառումներում օգտագործվում էր «քալֆա» տերմինը, որը Օսմանյան կայսրությունում նշանակում էր ճարտարապետի օգնական, որը օգնում է նախագծերի իրականացման գործում։ Այդ մրցույթներում հայ վարպետները՝ հատկապես Պալյան ընտանիքն առանձնահատուկ տեղ է ունեցել ու ստանձնել բազմաթիվ շենքերի շինարարությունը։ Նրանց համար ևս կիրառվում էր «քալֆա» տերմինը ու ստացվում է, որ հայ ճարտարապետներին ճարտարապետ կոչելու փոխարեն անվանել են ճարտարապետի օգնական՝ կանխելով հետագայի համար նրանց մեծ դերակատարումն այդ շինությունների կառուցման գործում։
Տոհմի առաջին ներկայացուցիչը Պալի Քալֆան էր, ով ճարտարապետ չէր, բայց հայտնի էր որպես հմուտ շինարար։ Համարվում է, որ գերդաստանը «Պալյան» ազգանունը ստացել է Բալի գյուղի անվանումից, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն, ազգանունը ծագել է Պալի Քալֆայի անունից, ով Ստամբուլում հաստատվելով` ծառայության էր անցել Օսմանյան արքունիքում։ Ընդամենը 4 ընտանիք է ստացել սուլթանի թույլտվությունը և այդ ընտանիքներից մեկն էլ եղել են Պալյանները, որոնց արտոնություններ են տրվել։ Մինչ այդ նրանք իրավունք չեն ունեցել ձի ունենալու ու հեծնելու, խոտհարք ունենալու, կոշիկը փոխելու, երբ ցանկանային։ Պալատական ճարտարապետների գերդաստանը ստանում է այդ արտոնությունները, բայց բացառությամբ, որ գլխարկի կամ կարգի վրա ժապավեն կլինի, որով կերևա որ նրանք այլազգի են։
Մինչև 20-րդ դարն այս գերդաստանը հայտնի ճարտարապետների 7 սերունդ է տվել՝ Պալի Քալֆա, Գրիգոր ամիրա, Կարապետ ամիրա, Նիկողոս բեյ, Սիմոն բեյ, Հակոբ բեյ, Սարգիս բեյ: Պալին երեք որդի ուներ՝ Գրիգորը, Սենեքերիմը և Պետրոսը ու հատկապես առաջին երկուսի դերակատարումը կարևոր է Ստամբուլի դիմագծի կայացման գործում։

Պալյանները սերտ կապեր ունեին Եվրոպայի հետ և Պալյանների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից շատերը ճարտարապետական ուսումը ստացել էին Եվրոպայում ու լավ տիրապետում էին արևմտյան ճարտարապետության դետալներին: Սա կարևոր նշանակություն ուներ օսմանյան սուլթանների համար, ովքեր ջանք չէին խնայում ապացուցելու, որ Օսմանյան կայսրությունն ի վիճակի է Եվրոպային համարժեք քայլել: Գրիգորը Սելիմ Գ սուլթանի կողմից նշանակվել էր Կ․Պոլսի կառուցապատման պատասխանատու և գլխավոր ճարտարապետ։ Նա է կառուցել Դավութ փաշայի պալատը, Ռամի պալատը, Սելիմե և Թաքսիմի զորանոցները, Նյուսրեթիյե մզկիթը: Սենեքերիմի ձեռքով ստեղծված ամենահայտնի կառույցը Բեյազետի աշտարակն է, որն ունի 85 մ բարձրություն։
Գրիգոր Պալյանի որդին՝ Կարապետ Պալյանն իր գործունեությունից առաջ երկար շրջագայել է Անիում՝ ուսումնասիրելով հայկական միջնադարյան ճարտարպետությունը՝ արդիականեցնելով և կիրառելով այն նորովի։ Նրա գործերից են Չիֆթե պալատը (Զույգ պալատ), Չըրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Յեդիքուլեի «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը, Բեշիէթաշի Սուրբ Աստվածածին, Քուրուչեշմեի Երևման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, նաև ամբարտակներ, գործարաններ և այլն: Գործունեության ընթացքում նա ընդհանուր առմամբ կառուցել է 7 պալատ, 4 գործարան, մզկիթ, զորանոցներ, 4 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց և այլ շինություններ:
Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել հայության հասարակական կյանքին: Հոգացել է Սկյուտարում իր կառուցած ճեմարանի ծախսերը, նյութապես օժանդակել «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցի շինարարությանը, որին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան: Պարգևատրվել է նաև թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով:
Նրա անվան հետ է կապված Ստամբուլի ամենաշքեղ կառույցներից մեկի` Դոլմաբահչեի կառուցումը, որն առանձնանում է իր եվրոպական լուծումներով: Նա իր որդու՝ Նիկողոսի հետ է կառուցել այդ պալատի մեծ մասը։ Այդ հսկա համալիրը Պալյանների մի քանի սերնդի աշխատանք է ու կառուցվել է 1843-1856-ին՝ Աբդուլ Մեջիդ I-ի ժամանակ։ Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի։ Դոլմաբահչեի պալատը Օսմանյան սուլթանների վերջին նստավայրն էր, իսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ամռան ամիսներին պալատն օգտագործում էր որպես նախագահական նստավայր։ Դոլմաբահչեն թարգմանաբար նշանակում է լցոնված այգի (հողով լցոնված) և Պալյաններն այն կառուցելիս գեոդեզիական աշխատանքներ են կատարել։ Այն Թուրքիայի ամենաընդարձակ պալատն է և ունի 285 սենյակ, 43 սրահ, 43 զարդասենյակ և 6 թուրքական բաղնիք: Հենց այս պալատում է մահացել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, և այն այժմ գործում է որպես թանգարան։
Դոլմաբահչե պալատի ներքին հարդարման համար Պալյաններն օգտագործել են 14 տոննա ոսկի, իսկ հանդիսությունների սրահում տեղադրված է ամենամեծ Բոհեմյան բյուրեղապակե ջահը, որն ունի 750 լամպ և կշռում է 4.5 տոննա։ Պալատը կառուցվել է բարոկկո, ռոկոկկո և նեոկլասիցիզմին տիպիկ տարրերով՝ համակցված օսմանյան ճարտարապետական ավանդական ոճի հետ։ Համալիրի ներքին ու արտաքին հարդարման համար Պալյաններն աշխատել են հայ վարպետների հետ, որոնց աշխատանքներով լեցուն է պալատը։

Կարապետի մյուս որդին` Նիկողայոս բեյը, սովորել է Փարիզում և եղել Դոլմաբահչեի թագադրության սրահի և պալատի թատրոնի ճարտարապետը։ Կարապետի մյուս որդին, իմանալով եղբոր՝ Նիկողոսի մահվան լուրը, Փարիզից վերադառնում է Պոլիս և սկսում աշխատել հոր և եղբոր՝ Սարգիսի հետ։ Սարգիսը Օսմանյան կայսրության Օսմանյան կայսրության վերջին գլխավոր ճարտարապետն էր: Նրա ամենահայտնի կառույցը Չըրաղան պալատն է: Նրա գործերից ավելի քան 50-ն այսօր էլ կանգուն են և զարդարում են Ստամբուլը․ Յըդըզ պալատը, Բեյլերբեյի պալատը, 4 մզկիթ և Բեշիքթաշի Մաքրուհյան վարժարանը։

Սարգիս Պալյանի մտերմությունը հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ առիթ դարձավ, որ հռչակավոր նկարիչը Դոլմաբահչեի համար 23 կտավ նկարի և մինչ օրս այնտեղ է պահվում ու ցուցադրվում Այվազովսկու նկարների ամենամեծ հավաքածուն։ Օսմանյան սուլթանները նրան բազմիցս պարգևատրել են ծառայությունների համար և հարկ ենք համարում նաև նշել, որ հայկական միջավայրում անվանի ճարտարապետը հալածանքների ու բանադրանքների էր ենթարկվում՝ իր զբաղեցրած բարձր դիրքի պատճառով: Չնայած դրան՝ նա աջակցում էր հայ համայնքին դրամական միջոցներով ու կառուցում Տոլաբդերեի Արշակունյաց և Վանի նահանգի Մերամեթ գյուղի վարժարանները:
Նրա եղբայրը՝ Հակոբ Պալյանը սուլթան Աբդուլ Ազիզի պատվերով կառուցել է Բեյլեբեյի հսկա պալատը, որի կառուցմանը միաժամանակ մասնակցել է 5000 բանվոր: Նա է կառուցել նաև Բեյքոզի, Սկյուտարի Գոշուելուի Մայր թագուհու և 2 փաշաների ապարանքները, Աքսարայի Բերթևնիյալ Մայր թագուհու մզկիթը և այլ կառույցներ։ Պալյանների կրոնական շինությունների մեջ շատ են նաև հայկական եկեղեցիները՝ Սկյուտարի Սուրբ Խաչը, Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Բեշիքթաշի Սուրբ Նշանը, Օրթաքյոյի Սուրբ Աստվածածինը, Բեյօղլիի Սուրբ Երրորդությունը, Գումգափուի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն։
Նման հարուստ մշակութային ժառանգություն թողնելուց հետո իրավիճակը փոխվեց։ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո հայկական հետքը Ստամբուլում իսպառ ջնջվեց և չհիշատակվեց Պալյանների անունն անգամ։ Արդեն բոլոր շենքերը պատրաստ էին, եվրոպական շունչ էր զգացվում Ստամբուլում և խոսույթներ էին պտտվում, որ եթե Պալյանները չհայտնվեին թուրքերեը վաղուց կարող էին ստեղծել իրենց ազգային ճարտարապետությունը։ Ստացվում է, որ հայերը «խանգարել ու խոչընդոտել են նրանց մասնագիտական կայացմանը»։ Այդ ամենը տեղի ունեցավ, երբ նրանց կարիքն արդեն արքունիքում չէր զգացվում, Ստամբուլի տեսքը համապատասխանում էր եվրոպական ճարտարապետության չափորոշիչներին։
Պալյանների ավանդն անուրանալի է Ստամբուլի պատմամշակութային կոթողների ստեղծման ու ճարտարապետական կերպարի կայացման գործում։ Տասնամյակներ շարունակ թուրք պատմաբանները խեղաթյուրել են փաստերը՝ Պալյաններին համարելով թուրք «ճարտարապետների օգնականներ» կամ էլ նրանց ներկայացրել որպես իտալացի ճարտարապետներ ու այդկերպ փորձել հայերի անունն ու կապը խզել այդ կառույցների ստեղծման հետ։ 20-րդ դարի երկրորդ կեսից շրջանառվում էր մի նոր վարկած, ըստ որի՝ պալատի եվրոպականացման գործում են ընդամենը Պալյանները ներդրում ունեցել, որովհետև պալատն էր ցանկանում գնալ այդ ճանապարհով։ Բայց վերոնշյալ պնդումները հերթական խեղաթյուրումներն ու կեղծիքներն են, որոնց շարունակում են բախվել Թուրքիա այցելած զբոսաշրջիկները։
ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ




