Էփշտեյնը 6 գաղտնի պահեստ է վարձել ապացույցները թաքցնելու համար
Սեռական հանցագործությունների համար դատապարտված և 2019 թվականին բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը վեց պահեստային տարածք է վարձակալել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում՝ իրավապահներից թաքցնելու համար իր հանցագործություններին առնչվող լուսանկարներն ու համակարգիչները. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ քննիչները այդպես էլ խուզարկություն չեն իրականացրել նշված տարածքներում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ Էփշտեյնի գործով դեռևս չուսումնասիրված փաստաթղթեր կարող են պահպանված լինել։ Թե ներկայում ինչ է կատարվում այդ արխիվների հետ, հայտնի չէ։
Ըստ հրապարակման՝ 2000-ականների կեսերին նախապատրաստվող խուզարկության մասին տեղեկանալուց հետո Էփշտեյնը վարձել է մասնավոր խուզարկուների, որպեսզի նրանք համակարգիչները տեղափոխեն Նյու Յորքում գտնվող գաղտնի պահոց։
Այդ ծառայությունների դիմաց վճարվել են տասնյակ հազարավոր դոլարներ։Շենքերից մեկը նա վարձակալել է Ֆլորիդայում առնվազն 2003 թվականից, և դրա համար կանոնավոր վճարումներ են իրականացվել մինչև նրա մահը՝ 2019 թվականը։
Բացի այդ, Էփշտեյնի աշխատակիցները քննարկել են համակարգիչների և կրիչների տեղափոխումը նրա՝ ԱՄՆ Վիրջինյան կղզիներում գտնվող կղզուց գաղտնի պահոցներ։ Պարբերականի վարկածով՝ խոսքը կարող է վերաբերել մինչև 2009 թվականը ստեղծված նյութերին։ Նամակագրությունից հետևում է, որ տեխնիկան և փաստաթղթերը թաքցնելու սխեման բազմիցս կիրառվել է։




