«Երեխաների վիճակը բավարար է, 2-ի հետ հոգեբան է աշխատում՝ արդեն հաճախում են դպրոց». Ծափաթաղի վարչական ղեկավար

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից անհետացած և նոյեմբերի 2-ին սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի 3 եղբայրները և քույրը նախորդ շաբաթ ՀՕՖ-ից վերադարձել են տուն՝ մայրիկի մոտ։

Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանի խոսքով՝ ընտանիքն իրենց ուշադրության կենտրոնում է, պարբերաբար այցելում են նրանց։

«Ընտանիքին այցելում եմ ոչ միայն ես, այլև մեր սոցաշխատողը, պարբերաբար այցելում են միասնական սոցիալական ծառայությունից, թաղայինը։

Երեխաների վիճակը բավարար է, արդեն հաճախում են դպրոց։ Մարզպետն ընտանիքին օգնություն տրամադրեց, այդ գումարով փայտ գնեցինք, վերականգնվել է նաև նպաստը, սնունդով ապահովված են։

Կարդացեք նաև

ՀՕՖ-ից երեխաներին տուն են ուղարկել հագուստներով, որոնք կարող են մի քանի սեզոն հագնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գզողյանը։

Նրա խոսքով՝ ՀՕՖ-ից վերադառնալուց հետո, երեխաները նոր իրականության ու միջավայրի հետ  ինտեգրվելու խնդիր չեն ունեցել, հատկապես՝ դպրոցում։

«Մեր դպրոցում երեխաներին շատ լավ են դիմավորել, փուչիկներով, նվերներով, խնդրի չեն բախվել։

Այս փուլում չենք մտածում ընտանիքի մայրիկին մշտական աշխատանքով ապահովելու հարցի շուրջ, քանի որ, եթե նա աշխատի, երեխաներին պահող չի լինի, պետք է տանը լինի, որպեսզի երեխաներին ուշադրության կենտրոնում պահի։

Կրկնում եմ՝ ընտանիքը մեր հոգածության ներքո է, բացի այդ, մայրն անասուն է պահում, հողամաս ունեն, որը մշակում է։ Մեր համայնքի աշխատավարձերին մոտ նպաստ էլ կստանան։ Համայնքապետարան դիմում է մուտք արվել՝ ընտանիքին սննդով օգնելու համար, բայց ընտանիքի մայրն ասաց, որ սնունդ շատ ունեն, այս պահին կարիքը չունեն։ Ասել եմ, երբ անհրաժեշտ լինի, անպայման տեղյակ պահի»,- հավելեց Ծափաթաղի վարչական ղեկավարը։

Նա նաև փոխանցեց՝ ՀՕՖ-ից վերադարձած երեխաների հետ հոգեբան է աշխատում, շաբաթը մեկ երկու երեխաներին տանում են Ճամբարակ հոգեբանի մոտ։

«Երկու երեխաների հետ է հոգեբանն աշխատում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից էլ պետք է հոգեբան գար, որպեսզի ավագ երեխայի հետ աշխատեր»,- ընդգծեց Դավիթ Գզողյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Օրեր անց, նոյեմբերի 2-ին, ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին երեխայի դին՝ մարմնի, գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։

Այնուհետև ՆԳ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախնական տվյալներով՝ երեխային խեղդամահ է արել հայրը։ Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ երեխային սպանած անձը  կալանավորվել է:

Տեսանյութեր

Լրահոս