Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին «պադստավկա» է անում

168.am-ը երեկ գրել էր, որ Ադրբեջանն արտահերթ նախագահական ընտրություններից և Ալիևի կանխատեսելի հաղթանակից հետո կարծես թե նոր սադրանքի է պատրաստվում:

Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր փետրվարի 12-ին, ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:

ՀՀ ՊՆ-ն այդ պահին չէր մեկնաբանել տարածված տեղեկությունը, որին ադրբեջանական կողմն ինչ-որ տեսանյութ էր կցել: Այսինքն, պիտի հասկանային իրավիճակը՝ ինչ է տեղի ունեցել, ու նոր միայն հայտարարություն անեին:

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.

Կարդացեք նաև

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Այսօր առավոտյան արդեն ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանը սա որակել է` որպես հատուցում կամ պատասխան գործողություն:

Բայց այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիրը Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն է, որտեղ, ըստ էության, սադրանքի դիմելու մեջ մեղադրվում է հայկական կողմը, հայ դիրքապահը,  և սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի` «Հայկական ժամանակի» հոդվածի վերնագիրը` «Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են», և հոդվածում տեղ գտած մեկնաբանությունը` «…Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ոստիկանությունից արձագանքել էին, թե սկսել են հետաքննություն ու կպատժեն հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմին ընդամենը հորինված պատճառներ են պետք սահմանին հերթական սադրանքի համար»:

 

Ի՞նչ է ստացվում` Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին «պադստավկա՞» է անում: Ի վերջո, այն, որ Ադրբեջանին քարոզչական ֆոն էր պետք սադրանքների համար, դեռ երեկվանից լրատվամիջոցները գրում են, ինչին հակառակ մեկնաբանություն է անում, ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը, բայց արի ու տես, Փաշինյանը գալիս ու հանգում է այն եզրակացության, որ, իրոք, «ադրբեջանական կողմին ընդամենը հորինված պատճառներ են պետք սահմանին հերթական սադրանքի համար»:

Հնարավոր է` պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ճշմարտություն կա, հատկապես, երբ այդ հատվածում կանոնավոր բանակի զինծառայողները չեն եղել, բայց նույնիսկ այս դեպքում հրապարակային նման հայտարարություններ անել չի կարելի, որից կարող է օգտվել թշնամին: Սա ներքին խնդիր է:

Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը հոդվածը գրելու պահին հայտարարել էր 2 զոհի մասին, բայց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ զոհերը 4-ն են: Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց Քոչարյանի ասածը:

Տեսանյութեր

Լրահոս