Այս պատուհասը դարձել է իրեն հաղթած ռազմական հանցագործ Ալիևի ծառան և փորձում է Հայաստանը գաղութի վերածել․ Մեխակ Գաբրիելյան
ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները մեր պետականության վերականգնման հայրերն են, և նրանք, ովքեր դեռևս ողջ են, պարտավորություն ունեն կանխելու այն արհավիրքները, որոնք գալիս են մեր պետության ու ժողովրդի գլխին։ Պետրոս Առաքյալն իր Երկրորդ թղթում ասում է, որ մարդը դառնում է նրա ծառան, ում պարտվում է։ Այս պատուհասի և ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի կապն այդտեղից է գալիս՝ չհաշված նրանց համակարգողները։ Այն, ինչ պայմանավորվել են, փորձում են իրականացնել մինչև վերջ, այն է՝ Հայաստանը դարձնել այնպիսին, որ ստիպված լինենք գաղութ դառնալու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։
«Սրանք ոչ թե իշխանություն են, այլ խաբեությամբ նստել են իշխանական աթոռներին։ Սրանք 2018-ին մոլորեցրել են հարյուր-հազարավոր մարդկանց, խաբել են, սրանք խաբեբա ու ստախոս են, բայց նաև՝ անաստված ու նյութապաշտ։ Սրանց արած ամեն ինչը գալիս է անաստվածությունից, սրանք սատանայապաշտ են, իրենց համար նյութապաշտությունը կենցաղ է։ Արցախը հանձնելուց հետո հիմա էլ փորձում են ավարտին հասցնել իրենց գործը, որ որևէ հաջորդ իշխանություն չկարողանա Արցախը վերադարձնելու խնդիր դնել։ Սխալվում են, հայոց տիտղոսն Աստված է տվել, և Հայկական բարձրավանդակում մեր ապրելու իրավունքն արձանագրված է 1920 թվականին Ազգերի լիգայի՝ մեզ տված վճռով։ Ազգային իշխանության առկայության դեպքում սրանք բոլորը լուծելի հարցեր են, և հենց դրանից են սարսափում թուրքերը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ոչնչացնել հայկական տարրն իր բնօրրանում՝ սա է մեթոդաբանությունը։ Մինչդեռ արժե հիշեցնել, որ ազգային-ազատագրական պայքարը Խորհրդային Հայաստանում սկսվել է դեռևս 1960-ականների երկրորդ կեսից, երբ ստեղծվեց ԱՄԿ-ն, 1965-ին էլ Երևանում ցույցեր են եղել։ Արցախյան խնդրի լուծմանը զուգահեռ՝ 1980-ականների վերջին ժողովուրդը հասունացավ այնքան, որ սկսեց խոսել անկախացման մասին։ Անկախության հռչակագիրը հետո դարձավ Սահմանադրության անքակտելի մասը, որում նշվեց նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման փաստը։ Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված՝ լուրջ քննարկումներ տեղի ունեցան, բայց զարմանալիորեն՝ անգամ կոմունիստները մեկ մարդու պես պաշտպանեցին այն որպես դրույթ Հռչակագրում ներառելու առաջարկը»,- նշեց Գաբրիելյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ 90-ականներին էլ շատերը մոլորված էին և Ժիրայր Լիպարիտյանի ու այլոց գլխավորությամբ պնդում էին, թե պետք է հրաժարվել Ցեղասպանության պահանջատիրությունից․ «Թուրքական ցեղախումբն իր էությամբ չի փոխվել ու չի էլ կարող փոխվել։ Մենք էլ չենք փոխվել՝ սկսած Հայկ Նահապետի ժամանակներից։ Մենք նույնիսկ մեր թշնամուն չենք ատում, միայն ասում ենք՝ հեռու մնացեք մեզնից, մեր էությունն է այդպիսին։ Թուրքիան և Ադրբեջանը բռնազավթել են մեր տարածքները, դրանք պիտի վերադարձվեն։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե մենք մեր ուժերով դրանք վերադարձնեինք։ 44-օրյա պատերազմում, օրինակ, մենք կարող էինք պայքարը շարունակել, վերախմբավորումներ անել և քշել թշնամուն։ Հետագայում պիտի պարզվեր, որ ռուսների իմացությամբ այս սցենարը վաղուց էր գծվել։ Պարտությունից հետո գրեթե ոչինչ չի արվել, մեզ կերակրում են նրանով, թե իբր ինչ-որ զենքեր ենք ստացել։ Կարևորը, սակայն, դա չէ, այլ հոգեբանական տրամադրվածությունը»:
«Սրանք վարում են հակապետական, թշնամական քաղաքականություն։ Ամենավտանգավորը ներսի թշնամին է՝ Նիկոլ Փաշինյանը, նրա հետ միասին՝ իր կառավարող խումբը։ Սակայն մեր պատմությունն ուսումնասիրելիս կարելի է պարզել, որ տարբեր փուլերում մենք շատ ավելի վատ պայմաններում ենք հայտնվել, և պատվով դուրս ենք եկել այդ փորձություններից։ Սրանց իշխանազրկումից հետո սահմանները պիտի փակվեն, որ սրանք չհասցնեն փախնել, բոլորը պիտի դատվեն»,- ամփոփեց Մեխակ Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։