Դավիթ Գալստյանին լայն հանրությանը և Ադրբեջանին «հասանելի» դարձնողը որոշել է պետական գաղտնիք դիտարկել մատակարար ընկերությունների ով լինելը. ինչո՞ւ

Հունվարի 25-ի կառավարության նիստում հաստատվել է պետական գաղտնիքի շարքին դասվող և զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել է, սակայն դեռ քննարկման թեմաներ կան:

Օրինակ, իշխանությունները պետական գաղտնիքի շարքին են դասել ոչ միայն սպառազինության գնման պլանը, հայտը, տեխնիկական բնութագիրը, գնումների կազմակերպման գործընթացը, այլ նաև մատակարարում իրականացրած, ծառայություն մատուցած կամ աշխատանք իրականացրած կազմակերպության ով լինելը: Եվ սա՝ այն դեպքում, երբ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լայն հանրությանը հասանելի դարձավ բանակին զենքի հիմնական մատակարարը, նրա ինքնությունն ու գործունեությունը, ինչի պատճառով նաև Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ադրբեջանական թիրախում հայտնվեց:

Մասնավորապես, 2021-ի հունիսի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ «Դավիթ Գալստյանն իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր է ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»: Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: Այսինքն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Արցախին սպառազինական օգնությունը որակվել է՝ որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»:

Կարդացեք նաև

Գրեթե անմիջապես Դավիթ Գալստյանը հերքել էր անօրինական եղանակով զենք մատակարարելու ադրբեջանական մեղադրանքը:

«Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ։

Ցավում եմ, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իմ և իմ գործունեության մասին, որից հետո իմ նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում: Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։

Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում և պետական մարմինների պաշտոնական կայքերում։ Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ՝ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։ Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Այս ամենից, իհարկե, չէր կարող չօգտվել Ադրբերջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով հայկական բիզնեսն արտերկրում»:

Այսինքն, ՀՀ ԶՈՒ-ին զենքի հիմնական մատակարարը հաստատել էր մեր պնդումը՝ Ադրբեջանն օգտվում է ՀՀ իշխանությունների քայլերից: Դավիթ Գալստյանն իր դեմ ՀՀ իշխանությունների հետապնդումները դիտարկել էր զուտ բիզնես հարթությունում, և ոչ քաղաքական:

Նշենք, որ 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»):

Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Այսինքն, վերոնշյալ հայտարարության մեջ Դավիթ Գալստյանն այս գործը նկատի ուներ:

2023-ի վերջին 168.amգրել էր, որ հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի  և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով: ԱԱԾ-ն ոչ հաստատել, ոչ հերքել էր մեր տեղեկությունը:

Այս համատեքստում մի ուշագրավ փաստ էլ հիշեցնենք. 2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.

«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:

Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների գնալու մտադրություն ունեցել է, բայց չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե: Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, ինչը, թերևս, կարող էր վերաբերել և՛ ՌԴ-ին, և՛ Դավիթ Գալստյանին, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում է նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով:

Իսկ այս հարցազրույցից ամիսներ անց ՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, ըստ էության, դրվեց հրթիռների գործի մեկնարկը:

 Ի դեպ, սրանից մեկ ամիս առաջ՝ 2021-ի օգոստոսին, Ալիևն «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը և Ալիևը սինխրոն կերպով փորձեցին խոչընդոտել բանակին զենքի մատակարարումները, մի կողմ թողնենք ռուսական կողմից ինչ-ինչ խնդիրները:

Տարբեր տեղեկություններով, Դավիթ Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն:

Իսկ Ադրբեջանը ոչ միայն այդ ամենին հետևել է, այլև լրջորեն անհանգստացել ու փորձել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանին և Արցախին օգնել են՝ մեկուսացնել: Այս համատեքստում հիշեցնենք նաև, որ 2020-ի օգոստոսի կեսերին Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և բողոքել, թե «հուլիսի 17-ից սկսած Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։

2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.

«Դավիթ Գալստյանն այն անձն էր, որն անհրաժեշտ էր։ Ես չգիտեի` դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու, ինքն ուներ կարողություններ և հմտություններ մատակարարումների կազմակերպման համար` ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Ինքը դա իրականացրել է»:

Նա հավելել էր, որ սպառազինությունը բերվել է՝ ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ՝ ցամաքային` ՀՀ–ում հայտնվելով, բառիս բուն իմաստով, «աճպարարության արդյունքում»։ Տոնոյանն այս դեպքում, ըստ էության, փորձել էր շեշտել Գալստյանի հմտությունները: Սա, բնավ, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակվանից ՊՆ-ի հետ համագործակցող Դավիթ Գալստյանը «սուրբ է», թույլ չի տվել սխալներ ու բացթողումներ, այլ հարց է, թե նախկինում դա ինչպես է լուծվել:

Խնդիրն այստեղ նաև 2020 թվականի նոյեմբերի 27-ին infoport.am-ի հետ ունեցած հարցազրույցում Դավիթ Գալստյանի պատասխանն էր հարցին՝ քաղաքական դեմքերն ի՞նչ շահ են հետապնդում` Ձեր անունն անընդհատ շրջանառելով։

«Դե, նրանք էլ իրենց հետաքրքրությունն ունեն զենքի բիզնեսում: Հենց վերջին պատերազմի ժամանակ շատ կոնկրետ մարդիկ շատ կոնկրետ շահեր են հետապնդել` փորձելով, օրինակ, բանակին 80-ականների արտադրության «Կոնկուրս» հրթիռները մատակարարել՝ մեկ հատը $52 հազարով, այն դեպքում, երբ մենք այդ նույն հրթիռների բոլորովին նոր, գործարանային վիճակում մատակարարել ենք՝ մեկ հատը $8 հազարով: Երբ այդ մարդիկ իրենց նկրտումներում չեն հաջողել, այսինքն՝ պատերազմող երկրի հաշվին չեն կարողացել գերշահույթ ապահովել, խիստ վրդովվել են:

Ավելին, եղել են նաև այլ զարգացումներ, պատերազմի ժամանակ «քեշ» գումարով ուզում էին, որ Հայաստանը բեռնատար ինքնաթիռ գնի: Կյանքումս առաջին անգամ էի տեսնում, որ «քեշ» գումարով ինքնաթիռ գնեն: Դրա փոխարեն՝ ես իմ կազմակերպությունների գումարներով գնեցի բեռնատար ինքնաթիռ, որն այդ օրերին շատ խնդիրներ լուծեց, նոր շունչ հաղորդեց մեր գոյություն չունեցող ավիացիային: Դրանով խափանվեց իրենց պլանները, ինչի պատճառով էլ իրենք ուղղորդված արշավ սկսեցին իմ, Դավիթ Տոնոյանի, Մակար Ղամբարյանի, Գաբրիել Բալայանի ու շատերի դեմ»,- ասել էր նա:

Թե կոնկրետ ում նկատի ուներ Դավիթ Գալստյանը, չենք կարող ասել: Մյուս կողմից, դեռևս 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական և ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Պատրոն Դավո մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են, և նա նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։

Իսկ «Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները և իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Մասնավորապես, ըստ լրատվամիջոցի հրապարակած փաստաթղթերի, Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել էր զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ էր եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ջանքերով այդ փորձերը կանխվել էին:

Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ էր ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ էր նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել էին և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն էր ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։

«1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» և այլն, և այլն»,- գրել էր «Հրապարակը»՝ կցելով փաստաթղթերը:

Թղթակցի հետ զրույցում գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանը խոստովանել է, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են:

168.am-ն էլ գրել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 17-ին ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին) իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:

«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:

Այլ խոսքերով, Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ԳՇ-ն չպետք է խառնվի գնումների գործընթացին, և այս պատճառաբանմամբ էլ օրենսդրական փոփոխությունների գնացին, թեպետ ԳՇ-ն վաղուց միայն պատվիրատու էր:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի կողմից գովաբանված, և գուցե՝ գաղափարական և ոչ գաղափարական «պարտնյոր» պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն ի պաշտոնե «կոմպետենտ» է գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարման համար:

Օրերս factor.am-ը գրել էր, որ Դավիթ Գալստյանի ընկերությունները հայտնվել են ՀՀ պետական գնումների «սև ցուցակում»՝ «Ռոյալսիս Էնջինիրինգ» ՍՊԸ, «Մոսսթոն Էնջինիրինգ» ՍՊԸ: Ավելին, գնումների «սև ցուցակում է» նաև «Բիզնես Դայվերսիթի Լիմիթեդ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Չինաստանում, ծառայություն է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը։

168.am-ն այս ընկերությունների վերաբերյալ այս առումով հավելյալ տեղեկություններ փնտրեց և գտավ, մասնավորապես, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ որոշումներ, որոնք բոլորն էլ 2023 թվականին են կայացվել՝ կապված ընկերությունների պարտավորությունների կատարման-չկատարման, պայմանագրերի լուծարման հետ:

Հիշեցնենք, որ Կարեն Բրուտյանը 2022-ին էլ հայտնել էր հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագրի միակողմանի չեղարկման մասին, որը կնքվել էր 2021-ի օգոստոսի 6-ին:

Տնտեսական և գնումների հարցերով Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակում՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, նշվում էր, որ վերջինս չի մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Հայաստանին վճարել մոտ 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:

Վերադառնանք սպառազինության ԶՈՒ կարիքների համար մատակարարում իրականացրած, ծառայություն մատուցած կամ աշխատանք իրականացրած կազմակերպության ով լինելը պետական գաղտնիքի շարքին դասելուն: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այստեղ հետին միտք կա, որ հանրությունը չիմանա հետագայում Դավիթ Գալստյանին հնարավոր փոխարինողին: Գուցե: Ի դեպ, Հայաստանը Հնդկաստանի հետ պաշտպանության բնագավառում համագործակցում է 2003 թվականից: Ավելին, 168.amգրել էր, որ 2018-ի մարտի 28-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել էր Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել էին պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիսին Նյու Դելիի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Իսկ 2020 թվականի մարտին The Times of India-ն տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ գործարք է կնքել՝ տեղական արտադրության 4 Swathi ռադարային կայաններ ձեռք բերելու վերաբերյալ, որի համար ընդհանուր հայկական կողմը պետք է վճարեր 40 մլն դոլար:

Times Now-ն էլ այդ ժամանակ գրել էր, թե Հնդկաստանն արդեն իսկ սկսել է ռադարների մատակարարումը Հայաստան:

Բայց, ի տարբերություն այսօրվա, նախկինում այս մասին այդքան չի թմբկահարվել, և, փաստորեն, պարզվում է, որ այս հարցում էլ բացառիկություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս