Արևմուտքը որոշեց Փաշինյանի միջոցով Արցախը հանձնել Ադրբեջանին, Ռուսաստանն Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվեց՝ չխոչընդոտել. Հրանտ Միքայելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն է.
- Նիկոլ Փաշինյանի մարզային ակտիվ այցելությունները կարող են պայմանավորված լինել թե՛ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով, որի մասին շատ են խոսում վերջին շրջանում, և թե՛ Փաշինյանի ցածր ռեյտինգով. դրանով նա փորձում է բարձրացնել իր ռեյտինգը: Ընդ որում, այս երկու հարցն էլ կապված են արտաքին քաղաքականության հետ։ Հենց այդ նպատակով են կատարվում մարզային այցելությունների այս բեմադրություն-շոուները։ Այսինքն՝ անպատասխանատու որոշակի PR, որն անում են թե՛ Լուկաշենկոն, թե՛ Զելենսկին։
- Հայաստանում աղանդավորական էլեկտորատն իրականում այնքան էլ մեծ չէ, բայց մեծ է դրա տեսանելիությունը և ոչ քաղաքական կշիռը: Իսկ դա ապահովում է այսօրվա իշխանությունը։ Հակաեկեղեցական քարոզով այս իշխանությունները սկսել են զբաղվել իշխանության գալու հենց առաջին օրվանից։ Ակնհայտ է, որ այս գործողությունները կառավարում է Փաշինյանը, խոշոր օլիգարխներին էլ տրված է հրահանգ՝ ֆինանսավորել աղանդավորական կազմակերպություններին։ Իսկ նպատակին հասնելու համար իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցուն զրկեցին դպրոցում դասաժամերից, հայոց պատմության դասագրքերում եկեղեցու մասին տեղեկությունները հանեցին, պատմությունը կեղծեցին…
- Ամանորի գիշերը Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակվեց Հ1-ով՝ Հանրային հեռուստատեսությամբ, նաև այն պատճառով, որ այդ ուղերձում խոսք կար Արցախի մասին, որը տարբերվում էր այս իշխանությունների տեղեկատվական քաղաքականությունից։ Իշխանությունը փորձում է մարդկանց զրկել այլընտրանքից, այլ խոսք լսելու հնարավորությունից։
- Սեպտեմբերի 19-ից հետո այս իշխանությունների վարկանիշը մի փոքր աճել է, բայց դա իրենց նպատակներն իրագործելու համար բավարար չէ, դրա համար սկսել են էլ ավելի կոշտ գործողությունների դիմել. ձերբակալություններ, քրեական գործեր, հակառուսական հայտարարություններ, ընդդիմությանը Ռուսաստանի հետ կապելու վերաբերյալ հայտարարություններ իշխանության ներկայացուցիչների կողմից։
- Հայաստանում ունենք անուղղակի կառավարում Թուրքիայի կողմից՝ Փաշինյանի դեմքով։
- Աղանդավորականները և փոքր կրոնական միավորները, որոնք աղանդ չեն, բայց շեղվել են Հայ Առաքելական եկեղեցուց, մրցակցության մեջ են Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Ընդհանուր առմամբ դա Փաշինյանի հակաեկեղեցական գործելաոճն է և միտումը։
- Զանգեզուրի միջանցքի մասին. Հայաստանի գործող իշխանությունների և Թուրքիայի, Ադրբեջանի իրենց գործընկերների միջև մշտական կապ կա։ Այսինքն՝ գոյություն ունեն գաղտնի բանակցություններ։ 2020 թվականից հետո ընդհանուր բանակցությունների սկզբունքը մնում է Ադրբեջանի առաջարկած օրակարգը, որն իրականացնում է Փաշինյանը։ Երկու տարբերակ կա՝ կամ Փաշինյանը և Ալիևը ընդհանուր համաձայնության են եկել, կամ, որն ավելի հավանական է, Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են գործադրում։
- Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, Փաշինյանը ոչ թե միջանցքին, այլ միջանցք տերմինին է դեմ։ Զանգեզուրի միջանցք կոչվածը Թուրքիայի դարավոր ծրագիրն է, որի նպատակն է պանթուրքական ծրագրի իրագործումը և ոչ թե՝ Նախիջևանը շրջափակումից դուրս բերելը։ Դրանով շահագրգռված է, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, բայց որոշակի գորընթացներից հետո Ռուսաստանն էլ միացավ այս ծրագրին։
- Թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակն է՝ ճանապարհը լինի և հեռու մնա Հայաստանից։ Իրանը՝ հասկանալով, որ Հայաստանը չի կարող դիմադրել Թուրքիային և Ադրբեջանին, համաձայնել է ընդգրկվել այդ ծրագրում։
- Ադրբեջանը Թուրքիայի հետ կապ կհաստատի Իրանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը։ Թուրքիայի ծրագիրն է՝ անխոչընդոտ, անվերահսկելի կապ ունենալ Ադրբեջանի հետ։ Իրենց հաշվարկներով՝ Ռուսաստանի ներկայությունը ցանկալի չէ, բայց եթե անգամ լինի, ապա դա պետք է լինի ժամանակավոր։ Արցախի օկուպացիայի նպատակը հենց այս ճանապարհն է եղել. Սուրմալուն, Նախիջևանը, հիմա նաև Արցախը գրավեցին, մնացել է Սյունիքը։
- Ադրբեջանն ուզում է տիրանալ մեր ճանապարհներին, կտրի մեզ բոլորից, և տարածաշրջանն ամբողջությամբ անցնի թուրքական վերահսկողության տակ։
- Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությամբ դժվար է պատկերացնել, որ Հայաստան կարող է լինել։ Աշխարհում հակամարտությունները վերսկսելու միտում ունեն, այս պայմաններում ակնկալել, թե որևէ մեկը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ անհավանական է։
- Իշխանությունը կառավարում է հասարակական կարծիքը՝ շեղելով անվտանգային խնդիրներից, Փաշինյանին պետք է, որ հասարակության ուշադրությունը հեռու մնա երկրի թիվ մեկ խնդիրներից, ու շրջանցվեն դրանք:
- Փաշինյանն ուղղակի մասնակից է Արցախի ոչնչացմանը։
- Այս պայմաններում Հայաստանը չի կարող գոյատևել։ Հայաստանը չի կարող լինել կլիենտ պետություն, որը գոյություն չի ունենա քարտեզի վրա։
- 1919 թվականի Ադրբեջանի քարտեզն Ալեքսանդրապոլյան պայմանագրով գծված քարտեզ է։ Հիմա նրանք իրենց քարոզչական նյութերում ամբողջ Հայաստանը զավթելու մասին են խոսում: Դեռևս 1998 թվականին Ադրբեջանը կեղծելով պատմությունը՝ գիրք հրապարակեց և Հայաստանի բնակավայրերի բոլոր տեղանունները ադրբեջաներեն ներկայացրեց։ Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը՝ փորձելով ցույց տալ աշխարհին, թե այս տարածքը, այդ թվում՝ Երևանը, ադրբեջանական է, և այստեղ հայերը փոքրամասնություն են կազմել։
- Ալիևը և՛ 2016 թվականին, և՛ 2022 թվականին ասել է, որ իրեն պարտադրել են ճանաչել Արցախը, բայց ինքը ոչ մի ճնշումների չի ենթարկվելու և անելու է այն, ինչ ուզում է, իսկ Փաշինյանը Երևանում հայտարարում էր, թե իրեն պարտադրում են իջեցնել նշաձողը։
- Ադրբեջանը չի ուզում Խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև չի ուզում իր ձեռքերն ինչ-որ փաստաթղթով կապել, չի պատրաստվում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի ուզում Հայաստանի տարածքից դուրս բերել իր զորքերը… պարզ է՝ ինչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանը։ Իսկ մե՞նք ինչ խնդիր ենք ուզում լուծել… որ միջազգային մամուլում գրվի, թե Փաշինյանի իշխանության օրոք կնքվեց խաղաղության պայմանագի՞ր, թեկուզ և հետո այն չկատարվի, ինչը հենց Փաշինյանն իր հայտարարություններով չի բացառել՝ ասելով, որ այդ պայմանագիրը կնքելուց մի քանի օր հետո, չի բացառվում, պատերազմ կլինի:
- Տավուշի, Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի ձեռքբերումները փոքր են, բայց հիմա Ադրբեջանն ուզում է խախտել դա՝ այսպես կոչված, անկլավները վերցնելով։
- Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր՝ բարձրադիր դիրքերի տեղադրումը, հայ-թուրքական սահմանին Գյումրիի ավտոմաքսատան կառուցումը և այլ գործոններ ցույց են տալիս, որ այս հարցերը 2018-ից հենց դրված են եղել Նիկոլ Փաշինյանի սեղանի վրա՝ մինչև 44-օրյա պատերազմը…
- Ադրբեջանի կողմից կա հստակ մտադրություն՝ հասնել վերջնանպատակին, հիմա էլ շարունակում է զինվել՝ պատրաստվում է նոր պատերազմի։
- Այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով Հայաստանի նկատմամբ անգամ Իրանն է փոխել իր քաղաքականությունը։ Հայ-ամերիկյան անցյալ տարվա զորավարժություններից հետո Իրանն Ադրբեջանի հետ համատեղ մեծ զորավարժություններ անցկացրեց։ Իրանը Հայաստանի միջոցով, Արևմուտքից՝ ի դեմս Ֆրանսիայի ներգրավվածության, վտանգ է տեսնում։
- Հայաստանը չի կարող լինել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, և իրենք են ընտրում՝ ինչպես հարաբերվել Հայաստանի հետ։ Եթե ուզում ենք այս իրավիճակից դուրս գալ, մենք չպետք է տարածաշրջանում օտար լինենք, փորձելով թեքվել դեպի Արևմուտք՝ մենք դառնում ենք օտար այս տարածաշրջանում։ Արևմուտքն էլ Հայաստանի հաշվին փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և նվազեցնել Իրանի ազդեցությունը։ Այս իրավիճակում Հայաստանը դառնալու է գերտերությունների պայքարի դաշտ։
- Երբ Արևմուտքը որոշեց Փաշինյանի միջոցով Արցախյան հատվածը հանձնել Ադրբեջանին (իջեցնելով Փաշինյանի ասած նշաձողը), Ռուսաստանը դա տեսնելով՝ փոխեց վերաբերմունքն արցախյան խնդրի նկատմամբ, և Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվեցին՝ խնդրի միակողմանի լուծմանը չխանգարել, պայմանով, որ բանակցություններն արևմտյան հարթակում չեն լինելու։
- Այս տարածաշրջանը չի փոխվելու, ԲՐԻՔՍ-ի (BRICS) ընդլայնմամբ տարածաշրջանը դառնում է ավելի Ռուսաստանամետ, իսկ սա նշանակում է, որ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը շարունակելու դեպքում մեզ վտանգներ են սպառնում։
- Աշխարհաքաղաքական մարտահրավերների այս պայմաններում մենք նստում ենք գնացքի վերջին վագոն, որը կարող է կործանվել։
- Ադրբեջանը խորամանկ քաղաքականություն է իրականացնում՝ առաջարկում է միջանկյալ լուծում, որպեսզի հետո, երբ Հայաստանը մերժի, իրենք խնդիրը լուծեն ռազմական ճանապարհով։ Դա է Ադրբեջանի վերջնական նպատակը։
- Արևմուտքին պետք է Ադրբեջանը, իսկ Հայաստանը՝ ոչ։ Անգամ, եթե Փաշինյանը պահանջի Հայաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերում, իսկ նրանք, բնականաբար, այդքան հեշտորեն դուրս չեն գալու, այդ դեպքում Հայաստանի համար խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու։
- Ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանի ներքին գործընթացների, այլև արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունք է, և այս ընթացքը կանխելու համար պետք է հասկանալ, որ մենք պետք է «ակտոր» լինենք այս հարցում, գործենք համախմբված, քիչ մտածենք սեփական ամբիցիաների մասին։
- Այս իրավիճակից դուրս գալու պայքարում ընդդիմադիր ուժերի միջև պետք է ընդհանուր նպատակ լինի՝ առանց անձնական ամբիցիաների:
- Փաշինյանական ռեժիմը դառնում է շատ ավելի ռեպրեսիվ, քան երբևէ: Սա Թուրքիայի անուղղակի կառավարումն է Հայաստանում, և սա գիտակցելով՝ պետք է գործենք։
- Պետք է լինի լավ և արդյունավետ այլընտրանք այս իշխանություններին։
Մանրամաները՝ տեսանյութում: