ՀՀ-ում կառավարման ապաշնորհության պարագայում՝ տնտեսության ոչ արդիական, ողորմելի կառուցվածք ունենք. Վարդան Բոստանջյան
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները տեղեկացնում են՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպն անընդհատ ընկնում է. 2023թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը 7.4 տոկոս է կազմել՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։
Վիճակագրական պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները, որոնք մասնագետները համարում են բացառապես արտածին գործոնների հետևանք՝ մասնավորապես՝ ռուս ռելոկանտների հանգամանքով պայմանավորված:
Այդուհանդերձ, անգամ այս ֆոնին տնտեսության աճերի, աննախադեպության ու ռեկորդների մասին իշխանությունների տարատեսակ ներբողները չեն դադարում:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2023 թվականի տնտեսական իրողությունները՝ նկատեց. «Ակնհայտ է, որ այդ աճերը կան, ինչը պայմանավորված է տառացիորեն տրիվիալ գործոններով՝ փոքր երկիր է, խաչմերուկային երկիր է, և հանգամանքների բերումով՝ ստացվել է այնպես, որ այստեղ մարդկային կապիտալը, ֆինանսական հոսքերը մեծացել են, և դրան գումարվել են հայ մարդու ստեղծարար ջանքերը, ինչն էլ բերել է որոշակի աճերի:
Բայց պետք է շեշտադրենք, որ ՀՀ-ում կառավարման ապաշնորհության պարագայում տնտեսության ոչ արդիական, ողորմելի կառուցվածք ունենք մինչ օրս: Ու սա շարունակվելու է նաև 2024 թվականին»:
Տնտեսագետը կարծում է, որ այլ իշխանությունների պարագայում արտաքին գործոնների արդյունքում ձևավորված այդ տնտեսական մեծ աճերը կկարողանան կապիտալիզացվել՝ փոխելով տնտեսական աճի որակը, այդ աճերը դարձնելով մեր կենսամակարդակին համարժեք: Այդուհանդերձ, Վարդան Բոստանջյանը նկատեց, որ 30 տարիների տնտեսական իրողությունների ընթացքում իշխանությունները չեն նպաստել նման տնտեսական միտումների ձևավորմանը, բայց կան մարդիկ, որոնք այլ կառավարման պարագայում ունակ են այդ խնդիրները լուծել:
«Մեր ազգին բնորոշ է ինդիվիդուալիզմը, անձնական բարեկեցության, հարստության մասին մտածելու գերխնդիրը, ու երբ այդ արժեհամակարգը հետ մղվի, ընդհանրական ինստիտուտների մասին մտածելու դեպքում կհասնենք հաջողության»,- ապագայի իր տեսլականը ներկայացրեց տնտեսագետը: