BRICS-ը թվային վճարային համակարգերով փորձում է փոխել համաշխարհային ֆինանսական համակարգը
Հնդկաստանում կայանալիք BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովից ընդամենը մի քանի շաբաթ առաջ օրակարգի ամենակարևոր, բայց միևնույն ժամանակ ամենաբարդ առաջարկներից մեկն է դարձել անդամ երկրների արագ վճարային համակարգերի և կենտրոնական բանկերի թվային արժույթների (CBDC) փոխկապակցումը։
Հարավաֆրիկյան IOL պարբերականում հրապարակված հոդվածում հեղինակ Ֆապանո Ֆաշան անդրադառնում է BRICS-ի վճարային համակարգերն ու թվային արժույթները միավորելու վերաբերյալ Հնդկաստանի ներկայացրած առաջարկին, ինչպես նաև վերլուծում է դրա իրագործման իրատեսականությունը։
BRICS-ի այս տարվա հյուրընկալող Հնդկաստանի առաջարկը տեխնիկական գաղափարից վերածվել է առանցքային փորձաքարի։ Այն ցույց կտա՝ արդյո՞ք BRICS-ին կհաջողվի բազմաբևեռ ֆինանսական համակարգ ձևավորելու իր ամբիցիաները վերածել իրական ենթակառուցվածքի, թե՞ հայտարարություններն ու գործնական քայլերը կրկին կմնան անջատված։
Ըստ էության, նպատակն է` թվային կապ հաստատել անդամ երկրների ներքին վճարային ցանցերի միջև։ Ներկայումս, օրինակ, Բրազիլիայից Հարավային Աֆրիկա փոխանցումները հաճախ իրականացվում են ամերիկյան բանկերի միջնորդությամբ, ինչը տևում է օրեր և պահանջում 3–5% միջնորդավճար։
Նոր համակարգը նախատեսում է տեղական արժույթներով ուղղակի և ակնթարթային հաշվարկներ՝ բլոկչեյնատիպ տեխնոլոգիայի միջոցով, որը կապահովի գործարքի միաժամանակյա կատարումը երկու կողմերի միջև՝ առանց միջնորդների։ Ընդ որում, խոսքը ազգային արժույթները փոխարինելու մասին չէ, այլ տարբեր երկրների թվային արժույթների տեխնիկական փոխգործունեությունն ապահովելու։
Ինչո՞ւ է սա այդքան կարևոր, և ի՞նչ է դրված BRICS-ի անդամների համար խաղասեղանին։
2025 թվականի ապրիլին Հնդկաստանը, շրջանցելով Ճապոնիային, դարձել էր աշխարհի 4-րդ խոշորագույն տնտեսությունը։ Սակայն 1 տարի անց այն նահանջել է 6-րդ հորիզոնական՝ զիջելով Ճապոնիային ու Մեծ Բրիտանիային, իսկ նրա անվանական ՀՆԱ-ն կազմել է մոտ 3.92 տրիլիոն դոլար՝ սպասվող 4.18 տրիլիոնի փոխարեն։
Ըստ հոդվածի հեղինակի՝ խնդիրը Հնդկաստանի տնտեսության հիմնարար ցուցանիշների մեջ չէ, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով այն շարունակում է մնալ աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի՝ ռուփիի արժեզրկումն է։
2026-ի փետրվարի վերջին ԱՄՆ-Իրան պատերազմի բռնկումից հետո ռուփին դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 5%-ով՝ մայիսի կեսերին հատելով 1 դոլարի դիմաց 96 ռուփիի ռեկորդային ցածր շեմը։ Քանի որ ԱՄՀ-ն երկրների անվանական ՀՆԱ-ն հաշվարկում է դոլարով, ռուփիի թուլացումն ինքնաբերաբար նվազեցրել է Հնդկաստանի տնտեսության դոլարային ծավալը։
BRICS-ի ընդհանուր խոցելիությունը
Հնդկաստանի իրավիճակը ազդանշան է BRICS-ի բոլոր անդամների համար։ Միավորումը շարունակում է խիստ կախված մնալ դոլարով իրականացվող էներգետիկ առևտրից և ամերիկյան ֆինանսական ենթակառուցվածքներից։
Մերձավոր Արևելքում լարվածության սրման դեպքում BRICS-ի տնտեսությունները բախվում են նավթի թանկացման, կապիտալի արտահոսքի և ազգային արժույթների արժեզրկման ռիսկերին․
- Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով զրկված է SWIFT համակարգից օգտվելու հնարավորությունից։
- Չինաստանը նավթի թանկացման հետևանքով կրում է արտադրական ծախսերի աճ և արտահանման մրցունակության նվազում։
- Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսն ու Եթովպիան բախվում են դոլարային deficite-ի (պակասուրդի) և տատանվող փոխարժեքների խնդիրներին։
Այս համատեքստում վճարային համակարգերի միավորման առաջարկն էլ ավելի հրատապ է դարձել։ ԱՄՆ-Իրան պատերազմը ի ցույց դրեց առանցքային խնդիրը․ BRICS-ի երկրները դեռևս կախված են մի ֆինանսական համակարգից, որն իրենք չեն վերահսկում։
Կենտրոնական բանկերի թվային արժույթների (CBDC) կամ արագ վճարային ցանցերի փոխկապակցումը թույլ կտա ուղղակի հաշվարկներ անել ազգային արժույթներով՝ շրջանցելով դոլարը որպես միջնորդ։
Ընդ որում, խոսքը BRICS-ի միասնական արժույթ ստեղծելու մասին չէ (ինչը ներքին տարաձայնությունների և ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի պատճառ էր դարձել)։ Նպատակը «գործնական ապադոլարացումն» է՝ այլընտրանքային ենթակառուցվածքի ձևավորումը, որը ճգնաժամային պայմաններում կապահովի անխափան առևտուրն ու կնվազեցնի կախվածությունը դոլարից։
Ի՞նչ է ասում Արևմուտքը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ոչ պաշտոնական ուղիներով մտահոգություն է հայտնել ստեղծվող համակարգի առնչությամբ մինչդեռ Աժութի միջազգային հիմնադրամը տեխնիկական աջակցություն է առաջարկել։ BRICS-ի հաջողությունը կարող է վարակիչ օրինակ դառնալ ASEAN-ի կամ Պարսից ծոցի երկրների համար՝ արագացնելով դոլարակենտրոն ֆինանսական համակարգից աստիճանական հեռացման գործընթացը։ Եթե նախաձեռնությունը ձախողվի կամ ավարտվի միայն անորոշ խոստումներով, դա կամրապնդի այն կարծիքը, որ BRICS-ը լոկ քննարկումների հարթակ է։
Այս նախագիծը չունի միասնական արժույթի քաղաքական ծանրությունը ինչը թույլ է տալիս խուսափել Վաշինգտոնի ուղղակի հակազդեցությունից։ Հնդկաստանը նախագիծը ներկայացնում է որպես գործառնական արդյունավետության բարձրացման, այլ ոչ թե առճակատման միջոցով ապադոլարացման ծրագիր։ Գագաթնաժողովից առաջ վճարային համակարգերի հարցն այսպիսով փորձաքար է դարձել՝ ցույց տալու համար արդյոք BRICS-ը կարող է ընդհանուր խոցելիությունը վերածել ընդհանուր լուծման։
Առաջարկը պաշտոնական պայմանագիր չէ, այլ Հնդկաստանի պահուստային բանկի պատրաստած քննարկման փաստաթուղթ, որի մշակմանը մասնակցել են նաև Չինաստանի թվային յուանի թիմը և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը։ Այն նախատեսվում է ներկայացնել որպես իրավական պարտադիր ուժ չունեցող հռչակագիր, որից հետո համատեղ աշխատանքային խումբը 18 ամսվա ընթացքում պետք է մշակի համակարգերի փոխգործունակության չափանիշները։
Գործնական փորձնական ծրագրի մեկնարկի հստակ ժամկետ սահմանված չէ, ինչն արվել է միտումնավոր, որպեսզի ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը նախաձեռնությունը չընկալեն որպես դոլարի գերակայությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Թեև տեխնիկական և կարգավորող խնդիրները դեռևս լուծման կարիք ունեն, նախաձեռնության խորհրդանշական իմաստն արդեն իսկ ակնհայտ է, քանի որ BRICS-ը փորձում է հռետորաբանությունից անցնել գործնական ենթակառուցվածքների ստեղծմանը:
Չնայած ռուփիի արժեզրկմանն ու ՀՆԱ-ի համաշխարհային վարկանիշում նահանջին՝ Հնդկաստանը գագաթնաժողովին ներկայանում է ոչ թե որպես տուժող, այլ որպես ռազմավարություն մշակող առանցքային դերակատար։ Հենց այս ճգնաժամն է ամրապնդել Նյու Դելիի դիվանագիտական դիրքերը։
Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին, որն անմիջականորեն նպաստել էր հնդկական արժույթի թուլացմանը, BRICS-ի գագաթնաժողովի հյուրընկալումը կարող էր լուրջ դիվանագիտական մարտահրավեր դառնալ։ Սակայն Հնդկաստանն այն վերածում է ռազմավարական հնարավորության՝ առաջարկելով բոլոր անդամների շահերից բխող լուծում, որը որևէ մեկից չի պահանջում աշխարհաքաղաքական կոշտ կողմնորոշում։
Այս մոտեցումից շահում են բոլորը․
- Ռուսաստանը ստանում է պատժամիջոցները շրջանցելու լրացուցիչ ուղի։
- Չինաստանը՝ թվային յուանը փորձարկելու լայն հարթակ։
- Բրազիլիան և Հարավային Աֆրիկան՝ ապադոլարացման հնարավորություն՝ առանց քաղաքական առճակատման։
- Եգիպտոսն ու Եթովպիան՝ դոլարի պակասուրդը մեղմելու գործիք։
Հոդվածի հեղինակի գնահատմամբ՝ սա հնդկական դիվանագիտության դասական ձեռագիրն է՝ պրագմատիկ, ոչ առճակատային և միաժամանակ հավակնոտ։ Ուղերձը հստակ է․ BRICS-ին պետք չէ բարձրաձայն հայտարարել դոլարին փոխարինելու մասին, այլ անհրաժեշտ է անաղմուկ կառուցել դրա համար անհրաժեշտ այլընտրանքային ենթակառուցվածքը։
Այս համատեքստում Հնդկաստանի՝ 4-րդից 6-րդ հորիզոնական նահանջելը գագաթնաժողովի գլխավոր թեման չէ։ Առանցքայինն այն է, թե ինչպես է երկիրն արձագանքում այդ նահանջին։ Պառակտված միավորման անդամներին մեկ սեղանի շուրջ հավաքելով, ընդհանուր օրակարգ առաջարկելով և ցուցադրական բախումներից խուսափելով՝ Հնդկաստանը փաստում է, որ իր ռազմավարական ազդեցությունը շատ ավելի լայն է, քան զուտ ՀՆԱ-ի թվային ցուցանիշները։

