14:30 20.03.2023 | Վարդենիս համայնքի ղեկավարը Հայաստանում Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է համայնքում իրականացված բարեգործական ծրագրերը
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին եւ Վարդենիս համայնքում բարեգործական մեծածավալ ծրագրեր իրականացրած «Կամրջակ» կազմակերպության նախագահ Մարիա Գորիսին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է հյուրերին, այնուհետ ներկայացրել Վարդենիս քաղաքում եւ բնակավայրերում «Կամրջակ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ կատարված մի շարք ծրագրերի հակիրճ բնութագրերը:
«Վարդենիս համայնքի բնակիչների կյանքում անգնահատելի նշանակություն ունի «Կամրջակ» կազմակերպության գործունեությունը, որը հիմնականում ուղղված է սոցիալ-տնտեսական կյանքում առկա հիմնախնդիրների կարգավորմանը։ Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող տնտեսությունների թիվը բազմաքանակ է։ Այդ բազմաբովանդակ ծրագրերի շնորհիվ հազարավոր մարդիկ կարողացել են հաղթահարել չքավորությունը, հոգալ իրենց առօրյա կարիքները, լուծել սոցիալ-տնտեսական նշանակության հրատապ խնդիրներ։ Այսպես, 2018 թվականին «Կամրջակ»-ի միջոցներով Վարդենիս քաղաքում հիմնովին նորոգվել է 3 բազմաբնակարան շենքի տանիք, տարբեր տարիներին բազմաթիվ տնտեսությունների անվճար բաշխվել է կարտոֆիլի սերմացու, սննդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներով, կենցաղային իրերով օգնություն է ցուցաբերվել Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքներին։ Մեր միջնորդությամբ կազմակերպությունն Արեգունի գյուղում անհատույց տուն է գնել եւ նվիրել հրդեհի հետեւանքով տնազուրկ վիճակում հայտնված ընտանիքին։ Դժվար է մեկ ամբողջական թվով ներկայացնել այդ ծրագրերի չափը, սակայն այն ընդհանուր հաշվարկի դեպքում բավականին պատկառելի թիվ կկազմի։ Իսկ այս ծրագրերը ոչ միայն մեր բնակչության կարիքներն են թեթեւացնում, այլ նաեւ համայնքապետարանի գործերն են հեշտացնում՝ հնարավորություն տալով, որ մենք էլ կարողանանք մեր միջոցներն ուղղել այլ հրատապ խնդիրների կարգավորմանը»,-նշեց համայնքի ղեկավարը։
Քննարկվել են նաեւ ընթացիկ եւ նախատեսված մի շարք ծրագրերի վերաբերյալ հարցեր, որոնց միջոցով կխթանվի բնակչության զբաղվածությունը, եկամուտների ավելացումը, կբարելավվի սոցիալապես անապահով բնակիչների կենսամակարդակը։
«Մենք առաջին հերթին շեշտը դնում ենք այնպիսի ծրագրերի վրա, որոնք կարող են երկարաժամկետ ու հիմնական խնդիր լուծել մարդկանց համար։ Մեր տրամադրած բարեգործությունները մարդկանց պետք է նպատակամղեն ոչ թե սպառողի հոգեբանությանը, այլ՝ ապրուստի միջոց եւ եկամուտ ստեղծելուն։ Իսկ նման ծրագրերը ներդրվում են հողագործության, այգեգործության, անասնապահության զարգացման մեջ, այլ ոլորտներում։ Այս եւ առաջիկա տարիներին մեր ծրագրերը սահմանամերձ Վարդենիսի տարածքում կկրեն շարունակական բնույթ»,-հավաստել է «Կամրջակ» ԲԿ նախագահ Մարիա Գորիսը։
Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հանդիպամ ընթացքում հաղորդակցվել է հայերեն եւ փաստել, որ շարունակում է սովորել հայերեն, կարող է գրել ու կարդալ ու փորձում է օրեցօր այն ավելի կատարելագործել։
Խոսրով Խլղաթյան