Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ներել Սեդա Սաֆարյանին. Անդրանիկ Քոչարյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։
Քննարկման ժամանակ հանձնաժողով եկավ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ չէր։
«Ես չէի կարող չմասնակցել, որովհետև խոսքը Սեդա Սաֆարյանի մասին է, իսկ ես նրա հետ շատ ծանր ճանապարհ եմ անցել մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում։
Պարոն Մինասյան, ձեր ներկայացրած փաստերը դեռ գնահատելու ճանապարհ պիտի անցնի, բայց փաստը Սեդա Սաֆարյանն է։ Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում ու փաստահավաք խմբում, ոչ թե դուք, այլ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը։
Դուք ասացիք, որ այս ամենն անձնական չէ, ձեր կողմից անձնական չէ, անձնական չէ նաև ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական խմբակային պատասխանատվության տեսանկյունից, թե առհասարակ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Պատասխանելով Անդրանիկ Քոչարյանին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ բոլոր հարթություններում է ասում, որ այս ամենն անձնական չէ։
«Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնել այս դիմումը, հավատացնում եմ ձեզ, որ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը հիմք չի հանդիսացել։ Մենք խոսում ենք կոնկրետ փաստերի վրա»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում