Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Հնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։
Ինչպես այսօր հայտնում Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։
«Ներկայացվել Է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», – ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Լոնդոնում Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ ակցիան կազմակերպել են Հնդկաստանի Փենջաբ նահանգի տարածքում անկախ սիկհական պետության՝ Խալիստանի ստեղծման կողմնակիցները. Փենջաբի բնակչության մեծամասնությունը կազմում են սիկհիզմի հետևորդները:
Սիկհ համայնքի որոշ ներկայացուցիչների հակահնդկական ելույթները Մեծ Բրիտանիայում սկսվել են այն բանից հետո, երբ հնդկական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է սկսել «Վարիս Փենջաբ Դե» («Փենջաբի ժառանգներ») խալիստանամետ խմբավորման և դրա առաջնորդ Ամրիթպալ Սինգհի դեմ:
Ինչպես այսօր հայտնել Է NDTV հեռուստաալիքը, այդ խմբավորման տասնյակ կողմնակիցներ են ձերբակալվել անցած հանգստյան օրերին: Ըստ այդ տեղեկատվության՝ Սինգհը թաքնվում է: