Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին և վարչապետ Նաջլա Բուդեն Ռոմդանին՝ ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թունիսի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա զարգացմամբ։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Միևնույն ժամանակ առկա է երկկողմ և բազմակողմ կապերի առավել ընդլայնման և խորացման չօգտագործված մեծ ներուժ, ինչը վստահ եմ՝ համատեղ ջանքերով մոտ ապագայում կկարողանանք իրացնել։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Թունիսի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Թունիսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Հայաստանը մեծապես արժևորում է Թունիսի հետ բարեկամական հարաբերությունները և հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմամբ և խորացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հայ-թունիսյան հարաբերությունները հասցնել նոր՝ ավելի բարձր մակարդակի՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Տեսանյութեր

Լրահոս