«Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել». Անդրանիկ Քոչարյան

Այսօր խորհրդարանում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե էսկալացիայի ռիսկերը մեծ են։ Ըստ իշխանական պատգամավորի՝ ռազմական էսկալացիայի հավանականությունը միշտ կա, դրա համար էլ բանակը միշտ ուժեղանալու խնդրի առաջ է կանգնած։

Հարցին՝ Գեղարքունիքում թշնամին կուտակումնե՞ր է անում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Ի՞նչ կուտակումներ, ո՞վ է խոսում, Թագուհի Թովմասյանն ինչ-որ իրեն զանգերի մասին է  խոսել։  Դա դարձնենք հիմք ու քննարկումների առարկա՞, Պաշտպանության նախարարը տվյալ հարցադրմանը տվել է հստակ պատասխան»։

Հաջորդ հարցին՝ թշնամու կուտակումների վերաբերյալ տեղեկատվություն չունի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինքը միշտ տեղեկություններ ունի, որ թշնամին դիմացը կանգնած է։

Կարդացեք նաև

«Հիմա ո՞նց անենք, որ դեմ դիմաց կանգնելու պարագայում լարվածության, էսկալացիայի հնարավորություն չլինի։ Բանակ ենք կառուցում, Կառավարության ծրագիրն ենք իրականություն դարձնում, իհարկե, կուզենայի, որ այս աշխատանքին էլ լրատվական համույթն ակտիվ մասնակցեր, այլ ոչ թե հակառակորդին ցանկալի մեկնաբանություններ հնչեցնի»,- հերթական անգամ մեղադրական տոնով դիմելով լրագրողներին՝ հավելեց Քոչարյանը։

Հետո անդրադարձավ իր ղեկավարած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և  հայտարարեց, որ պաշտոնական գրություններ են ուղարկելու բոլոր այն անձանց, որոնք խուսափում են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին։

«Խնդիրն այն է, որ տեսեք՝ ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ ու հանձնաժողովի հետ աշխատի։ Նույնիսկ այսօր մեր հանձնաժողովի անդամներից մեկը գրառում էր արել, չգիտակցելով, թե Օնիկ Գասպարյանը 6 ժամվա ընթացքում գեներալների մասին ինչ է ասել։ Այդ դեպքում ես արձագանքում եմ՝ Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտնելու, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես, թե նույն գեներալ գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս