Թատրոնները տարբեր են, ոճերը՝ նույնպես. «Գոյ» թատրոնի դերասանները դեմ են Սունդուկյանի թատրոնին միանալուն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը, համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Թատրոնի դերասանները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ասել են՝ «Գոյ» թատրոնի միայն ստեղծագործական մասն է միանալու Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, իսկ վարչական կա՞զմը, հաշվապահությո՞ւնը:
«Համաձայն չենք այս որոշման հետ: Ինքս Կամերային թատրոնում էի աշխատում, նույնը մեզ հետ կատարվեց 2021թ.: Այն միացվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, ու արդյունքում՝ ոչ Պարոնյան թատրոնն էր պատրաստ ընդունել բոլորին, ոչ էլ մենք էինք պատրաստ: Հիմա էլ՝ թատրոնները տարբեր են, ոճերը՝ նույնպես, դերասաններն ադապտացված են տվյալ թատրոնին: Ձեռագրերը լրիվ տարբեր են»,- ասաց թատրոնի դերասանուհիներից Ալլա Հարոյանը:
Թատրոնում այսօր աշխատում է 35 հոգի (թե՛ ստեղծագործական, թե՛ ադմինիստրատիվ կազմ), ներառյալ՝ ևս 3 անձ, որ Կամերային թատրոնի փակվելուց հետո եկել են «Գոյ»։
«Գոյ» թատրոնն իր տարածքը վարձակալում է Սունդուկյան թատրոնից:
168.am-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍՆ-ում նախագիծ դեռևս չկա, հետևաբար՝ չկա նաև որոշում: Թատրոնի անձնակազմի հետ, սակայն, հանդիպում եղել է ընդհանուր ոլորտի քաղաքականությունը քննարկելու համատեքստում:
Հիշեցնենք, որ 2021թ. ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվեց վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Նշվում էր, որ թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը: