Կեղծ լուսանկար տարածողը կեղծիքի մասին է խոսում. Կարեն Անդրեասյանի երջանկությունը՝ «էս ի՜նչ կպնել կպավ»…
Դեկտեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարեց Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:
168.am-ն այդ մասին տեղեկացրել էր հենց նույն օրը, թեպետ ԲԴԽ-ն դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն հրապարակեց մեկ օր անց՝ դեկտեմբերի 15-ին:
Այդ հաղորդագրության մեջ ԲԴԽ-ն մասնավորապես գրել էր՝ «Բարձրագույն դատական խորհուրդը ՄԻԱՁԱՅՆ որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո»:
Հետո ԲԴԽ-ն լիրիկական տեքստ էր հրապարակել՝ առանց մանրամասնելու՝ քանի՞ հոգի, ովքե՞ր ու ինչպե՞ս են քվեարկել:
Ավելին, հրապարակել էր կեղծ լուսանկար, որն ամենևին այդ օրվա չէր, որովհետև 168.am-ը հստակ տեղեկություն ուներ, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այդ քննարկմանը չի մասնակցել, որովհետև գտնվում էր արտերկրում, ի դեպ… Գրիգոր Մինասյանի հետ… Ընտանիքներով…
Հետևաբար՝ այն պայմաններում, որ լուսանկարը հաստատապես տվյալ քննարկումից չէր, 168.am-ը չէր կարող իմանալ՝ ովքե՞ր են եղել դատավոր Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության կողմ քվեարկած ԲԴԽ անդամները, հատկապես, կրկնում ենք, որ ԲԴԽ հաղորդագրության մեջ գրված էր՝ Խորհուրդը քվեարկել է միաձայն:
Իսկ քանի որ մենք գիտեինք, որ Խորհրդի կազմում են նաև Տիգրան Փոլադյանի 2 մտերիմ ընկերները՝ Արթուր Աթաբեկյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը, բնականաբար, ենթադրել էինք, որ նրանք ևս կողմ են քվեարկել:
Մեր հրապարակումը ԲԴԽ-ին թևեր էր տվել. մտածել էին՝ վերջապես հերքելու բան կունենան, ու կիրակի օրով, ով ավել, ոչ պակաս, հայտարարության տեքստ էին հրապարակել, թե՝ տեսեք-տեսեք, 168.am-ն իր հրապարակման մեջ «կատարել է մի շարք պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը», ու այդ մի շարք պնդումներից հերքել էին ընդամենը մեկը, որ նշված երկու դատավորները կողմ չեն քվեարկել գլխավոր դատախազի՝ Տիգրան Փոլադյանի վերաբերյալ բերած միջնորդությանը:
Հայտարարության տեքստն էլ ստորագրել էին տվել Արթուր Աթաբեկյանին և Էդգար Հովհաննիսյանին, ուշադրություն գրավելու համար էլ կցել էին մեր կայքի լոգոն: Ինչպես ասում են, շնորհակալություն գովազդի համար:
Փաստացի միջնորդությանը կողմ կամ դեմ քվեարկողների անձերի հրապարակայնացումը պետական կամ ծառայողական գաղտնիք չէ, որովհետև ԲԴԽ-ն հրապարակեց ի վերջո, որ կոնկրետ այս դատավորներն առհասարակ չեն քվեարկել՝ մեկն արձակուրդում է, եղել, իսկ մյուսը բացարկ է հայտնել:
Հետևաբար՝ մենք էլ մեր հերթին ԲԴԽ-ին հորդորում ենք կոմպետենտ գործել, տալ ամբողջական տեղեկատվություն, չկեղծել լուսանկարը, որ մարդկանց մոլորության մեջ չգցեն, որովհետև երբ հրապարակված լուսանկարի կենտրոնում միջնորդության քննությանը չմասնակցած Կարեն Անդրեասյանն է, չի բացառվում՝ լուսանկարից դուրս մնացած հատվածներում էլ Արթուր Աթաբեկյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը լինեին:
Իսկ լուսանկար մի կեղծեք. Ամեն ինչ իմացվում է….
Հ.Գ. Եվս մի հատուկ հորդոր՝ ԲԴԽ-ին ու անձամբ Կարեն Անդրեասյանին… Կեղծիքներից խոսելիս՝ նայեք հայելու մեջ: