Եկե՛ք, 68 հատոր որոշումը ԲԴԽ-ում կարդացեք. Դատական դեպարտամենտի առաջարկը Սուրեն Անտոնյանին ԲԴԽ-ն մերժեց. կտրամադրեն նյութերը

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) շարունակում է քննել ՄԻԵԴ-ի հունվարի 23-ի վճռի հիմքով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբացված կարգապահական վարույթը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց` արձանագրելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում` վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման  կապակցությամբ:

ՄԻԵԴ վճռով արձանագրվեց, որ հանդես գալով որպես դատարան` Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահն ունեին այնպիսի փոխկապակցվածություն, որը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունը:

Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ Գրիգոր Մինասյանի ներկայացրած կարգապահական պատասխանատվության միջնորդությունների քննությանը Կարեն Անդրեասյանի մասնակցությունը, ըստ ՄԻԵԴ-ի վճռի, խնդրահարույց է եղել և դարձել համակարգային խնդիր` վերջիններիս մասնակցությամբ բոլոր գործերով:

Կարդացեք նաև

Այսօրվա նիստի սկզբում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հրապարակեց Սուրեն Անտոնյանի և նրա ներկայացուցչի՝ Էմիլ Ամիրխանյանի միջնորդության պատասխանը, որով վերջիններս Դատական դեպարտամենտից ցանկանում էին ստանալ այս վարույթի համար կարևորություն ունեցող 2006-2007թթ. Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումների վերլուծությունների արդյունքները:

Նրանց, սակայն, առաջարկվեց յուրաքանչյուր օր՝ ժամը 9:00-18:00 ներկայանալ ԲԴԽ ու ծանոթանալ այդ որոշումներին: Նկատենք, որ խոսքը 68 հատոր որոշումների մասին է, որոնց, ըստ Արթուր Աթաբեկյանի, պիտի ծանոթանար Սուրեն Անտոնյանը ԲԴԽ շենքում:

Էմիլ Ամիրխանյանը ստիպված եղավ բացատրել՝ մեզ բոլոր որոշումները պետք չի։ «Մեկ անգամ վերադարձված, երկրորդ անգամ ներկայացված բողոքի՝ վարույթ ընդունելու մասին որոշումն է պետք»,- ասաց Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչը:

Ակնհայտորեն ԲԴԽ նախագահը բառախաղի ու մանիպուլյացիայի միջոցով ցանկանում էր մերժել Սուրեն Անտոնյանի միջնորդությունը, բայց այնպես, որ դա մերժում չընկալվի։

«Որտե՞ղ է գրված, որ նման դատական պրակտիկայի ամփոփում առհասարակ գոյություն ունի»,- ասաց նա:

ԲԴԽ անդամներից Կարեն Թումանյանը Սուրեն Անտոնյանին հարցրեց՝ այդ փաստաթուղթն իրենց համար ապացո՞ւյց է, ինչին լիազորությունները դադարեցված դատավորը պատասխանեց՝ սա սովորական դատավարություն չէ, և այո՛, այն ապացույց է:

Մինչ այդ Արդարադատության ներկայացուցիչ, փոխնախարար Տիգրան Դադունցն ասել էր՝ այս միջնորդությամբ դատավարության կողմը չարաշահում է իր իրավունքները, և այն պետք չէ քննել, իսկ քննելու դեպքում էլ պետք է մերժել:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Տևական ժամանակ անց վերադառնալուց հետո Խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել:

«Եթե նման վերլուծություն առկա լինի, կտրամադրենք»,- ասաց Արթուր Աթաբեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս