Դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օգտին քվեարկել են նաև նրա երկու ընկերները

Երեկ ցերեկը հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը: Խոսքը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի՝ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր մասին է:

Դեկտեմբերի 14-ին՝ ուշ երեկոյան, 168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Տիգրան Փոլադյանի նկատմամբ գործընթաց է սկսվում, որն իր հանգուցալուծումն է ստանում ԲԴԽ-ում:

Ինչպես և ակնկալվում էր, միջնորդությունը բավարարվեց. ԲԴԽ-ն միաձայն քվեարկեց դատավոր Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օգտին: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ միջնորդությունը ԲԴԽ տարել էր անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ի դեպ, հատկանշական է, որ միաձայն կողմ քվեարկողների մեջ նաև ԲԴԽ 2 դատավոր-անդամներն էին՝ Սնանկության դատարանը ներկայացնող Արթուր Աթաբեկյանը և Արմավիր քրեական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ովքեր, ի դեպ, Տիգրան Փոլադյանի մտերմագույն ընկերներն են:

Կարդացեք նաև

«Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։

Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում»,- գրված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ:

Գործի նյութերին, իհարկե, չենք տիրապետում, և, բնականաբար, չենք կարող ասել՝ ապացուցողական ինչ բազա ունեն իրավապահ մարմինները, սակայն ԲԴԽ տարածած հաղորդագրությունից տպավորություն էր ստեղծվում, որ Տիգրան Փոլադյանը տեղում պետք է կալանավորված էլ լիներ, և ի՜նչ ափսոս, որ այդպես չէ: Անմեղության կանխավարկածը միայն տրաֆարետային ձևակերպում դարձրած ԲԴԽ-ն իր հրապարակած հաղորդագրության մեջ Տիգրան Փոլադյանին արդեն իսկ մեղավոր էր հռչակել ու անզիջում պայքար էր մղում կաշառակերության մեջ բավականին լիրիկական տեքստով: Տարօրինակ էր, որ մի հատ էլ տեսանյութ չէին նկարել՝ համապատասխան երաժշտական ուղեկցությամբ:

Ինչ վերաբերում է կալանքին, ԲԴԽ-ն երեկ նաև Տիգրան Փոլադյանին կալանավորելու թույլտվություն է տվել: Այնպես որ, այդ հարցն էլ պետք է համարել փակված:

Ինչ վերաբերում է ԲԴԽ հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարին, ԲԴԽ-ում, իհարկե, շատ հնարամիտ են, բայց մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Կարեն Անդրեասյանն այդ քննությանը չի մասնակցել, թեև լուսանկարում երևում է: Չի մասնակցել, որովհետև հերթական անգամ արտերկրում վայելում է իր արձակուրդը, ի դեպ, մեր տեղեկություններով, իր մտերիմ ընկերոջ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս