ՀՀ ԶՈւ-ն ունակ է 5 տարում վերականգնել երբեմնի ուժն ու դիրքերը. ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպումը Սպիտակում

ՀՀԿ ԳՄ անդամների 5-րդ հանդիպումը  բնակիչների հետ շարունակվեց Հայաստանի  Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Բուռն ու անկեղծ քննարկման ընթացքում հնչեցին հարցեր հիմնականում երկրում առկա բարդ իրավիճակի վերաբերյալ:

«Սա ոչ թե հների ու գործող իշխանությունների պայքար է, ոչ թե նախկինների ու ներկաների պայքար է, ոչ էլ զուտ իշխանություն վերադարձնելու կռիվ է: Սա բավականին լուրջ, շատ ծանր, կարելի է ասել, ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ հանրային երկխոսության օրակարգ է»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

Ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում, այստեղ էլ  ամենամտահոգող հարցերը բանակի ու անվտանգության մասին էին:

«Մեր բանակը տարածաշրջանային երբեմնի ամենահզոր գործոններից մեկն էր: Խնդրում եմ՝ ասեք, թե այսօր ինչ վիճակ է: Ու, եթե վատ է վիճակը, ապա իշխանափոխություն լինելու դեպքում որքան ժամանակ կպահանջվի, որ այդ վիճակը վերականգնվի կամ ավելի հզորանա»,- հետաքրքրվեց հանդիպմանը ներկա գտնվող սպիտակցիներից մեկը:

Կարդացեք նաև

Անցած ավելի քան 26 տարիների ընթացքում ՀՀ ԶՈւ-ն Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն գործոնն է եղել, բայց ոչ միակը՝ ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:

«Այդ որոշիչ բաղադրիչի մեջ եղել է արտաքին քաղաքականությունը: Արտաքին քաղաքականության մեջ եղել են ՌԴ հետ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հարաբերությունները: Այդ բաղադրիչի մեջ եղել է ՀՀ ժողովրդի համերաշխությունը, համախմբվածությունը, միասնականությունը: Դրա մեջ եղել է հայկական սփյուռքը, դրա մեջ եղել է Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունը՝ նաև Արևմուտքի հետ, հարևանների հետ լավ հարաբերությունները: Երկու նախագահների՝ և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Ս. Սարգսյանի օրոք հատկապես, մեր ԶՈւ-ն իրոք շատ մեծ դեր ուներ տարածաշրջանում: Մեզ դա ասել են մեջ միջազգային գործընկերները: Ու շատ կարևոր էր, որ Հայաստանը ոչ թե անվտանգություն սպառող էր, այլ ստեղծող: Պատերազմում է պետությունը, ոչ թե բանակը: Բանակը կռվում է: Մենք, չգիտես ինչու, մտածում էինք, որ այս իշխանությունները ևս դա կհասկանային ու բանակը չէին թողնի մենակ, առանց համալրվելու ու աջակցության»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:

«ՀՀ ԶՈւ 3/4-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին: Այսինքն, մեր բանակի 75 տոկոսը չի մասնակցել: Ոչ թե չի մասնակցել, որովհետև չի ուզել, այլ՝ որովհետև խնդիր չի դրվել: Մի կորպուս է մասնակցել ու Արցախի ՊԲ-ն, ընդ որում՝ առանց համալրվելու: Կռվել-մաշվել է… Պակիստանի սպեցնազի դեմ, Սիրիայից եկած ջիհադիստ վարձկանների դեմ, Թուրքիայի F-16-երի աջակցության և հրահանգիչների դեմ, ադրբեջանական 4 հզոր կորպուսների դեմ: Դա իրենց մասշտաբով եմ ասում: Իրականում, մեր ԶՈւ-երը Ադրբեջանին դիմակայելու խնդիր երբեք չեն ունեցել, եթե իմ ասած տարբերակով պետությունը պատերազմեր: Ոչ թե մենակ բանակը կռվեր: Իսկ Ադրբեջանը ռիսկ արեց գնալ Հայաստանի դեմ պատերազմի՝ միայն ՀՀ իշխանությունների կողմից վարած ոչ արդյունավետ գործողություններից, բանակցությունները զրոյական կետից սկսելու հայտարարություններից ու արդեն խարխլված արտաքին հարաբերությունների պայմաններում: Իսկ Նիկոլը «խնդիրը մինչև վերջ լուծեց» Պրահայում՝ հայտարարելով, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Մինչև գործող իշխանությունների գալը,  Հայաստանը միշտ է հայտարարել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Իսկ մեր երկրի դիվանագիտության ջանքերի շնորհիվ նաև, Ադրբեջանն անցած տարիներին չի կարողացել որևէ երկրից ստանալ Հայաստանին օկուպանտ, ագրեսոր  ճանաչելու մասին որևէ բանաձև, հիշեցրեց նախկին փոխնախարարը:

«Նիկոլի պարագայում եկավ-հասավ նրան, որ նաև Հայաստանի անվտանգությունն ապահովող պետության՝ 9-10 ամիս պաշարման մեջ, և սոված ու հյուծված ԶՈւ-ն կոչվեց «տեռորիստական կազմակերպություն»: Ու այս պարագայում Ադրբեջանը «հակատեռորիստական» ծրագիր է իրականացնում, ու այդպես մարսվում-գնում է:

Եթե ՄԱԿ-ի քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեր ԱԳՆ-ին ասում է՝ այդ ի՞նչ ես ասում, տես, Նիկոլը լրիվ այլ բան է ասում… էլ ո՞վ կարող է օգնել այդ երկրին, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ մեկ այլ երկիր: Պրծա՞վ, լուծվե՞ց հարցը: Չլուծվեց…  Հայաստանն այսօր օկուպացված է: 36 սահմանամերձ համայնքը դարձել է 104 համայնք, օկուպացված տարածքներ՝ ՀՀ սուվերեն տարածքից, ու ԶՈՒ, որի գլխին կանգնած են արկածախնդիր ու դավադիր քաղաքական իշխանություններ»,- ցավով արձանագրեց  Արտակ Զաքարյանը:

Այնդուհանդերձ, այսօրվա ԶՈւ-ն ունակ է ընդամենը 5 տարում վերականգնել իր երբեմնի ուժն ու դիրքերը»,- համոզած է պաշտպանության նախկին փոխնախարարը:

«Երբ քո զորքը կանգնած է Հորադիզում, դու խորը թիկունք ունես մարտավարություն իրականացնելու, և քո բնակչությունը չի տուժում: Բայց երբ եկել, հասել է Գորիսից՝ 2 կմ, իսկ Կապանից՝ 120 մետր հեռավորության վրա՝ դու, բնականաբար, այլ մարտավարություն պետք է վարես: Կար 3 կարևոր խնդիր լուծելու՝ սահմանային ծառայություն, որին ավելացել են հակաահաբեկչական կարողությունները: Կիբերհարձակումներին դիմակայելը, նաև պետք է մշակել ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման նոր ռազմավարություն»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Իսկ նախկինում ՀՀ ԶՈւ-ի հզորության ամենամեծ ապացույցն Ապրիլյան պատերազմն էր, երբ Ադրբեջանը վերջնականապես համոզվել էր, որ հարցը չի կարողանալու լուծել ռազմական ճանապարհով:

«Աշխարհն Ալիևին ասաց՝ տեսա՞ր, որ չես կարողանում ռազմական տարբերակով լուծել, չկա այդպիսի լուծում: Դե հիմա գնա Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում արձանագրություններ ստորագրիր ու ճանաչիր սահմանը՝ որպես գտնվող միջազգային սահման՝ ԵԱՀԿ վերահսկողության տակ, ու մտածիր ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին: Ալիևն էլ գնաց, կառավարության նիստի ընթացքում ասաց, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում կա՝ ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հիշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:

44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենալ, իսկ լինելու դեպքում էլ Հայաստանը հաղթանակ կտաներ, եթե ՀՀ իշխանությունները ճիշտ քաղաքականություն տանեին»,- համոզված պնդեց Զաքարյանը, ապա անդրադարձավ ու որոշ պարզաբանումներ ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» անունը ստացած պայմանագրի մասին:

«Ի՞նչ «խաղաղության խաչմերուկ»: Մի հատ նայեք-տեսեք՝ ում է պետք այդ խաչմերուկը: Ոչ մի պետության հետաքրքիր չէ, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից: Նույնիսկ, եթե մեր վերահսկողության տակ լինի, ոնց որ Նիկոլն է ասում: Մենք ունենք Հյուսիս-Հարավ: Դա ռազմավարական-անվտանգային խնդիր է: Մի կողմից՝ ՌԴ-ն է դրա անվտանգության համար պատասխանատու, մյուս կողմից՝ Իրանը: Այդ ճանապարհով հետաքրքրված է նաև Հնդկաստանը, Չինաստանն է հետաքրքրված… Իսկ սրանք ընկել՝ թուրքական շահերն են առաջ տանում»,- ասաց Զաքարյանը:

Դրա հետևանքները շատերն են հասկանում, հանդիպման մասնակից Սպիտակ քաղաքի բնակիչներն էլ շեշտեցին, որ շատ լավ են պատկերացնում, թե ինչ կարող է լինել այդ պայմանագիրը ստորագրելուց հետո:  Բայց նաև համոզված են, որ գործող իշխանությունները սեփական կամքով  կամ նախաձեռնությամբ  չեն հեռանալու, թեև վստահ են, որ մեր երկրի գլխին կախված մութ ամպերը ցրելու, առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է: Ու նաև շատ լավ գիտեն, թե ովքեր են պահում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

«Իր իշխանությունը երկու հենասյուն ունի. ուժայիններն ու ֆրակցիան: Երբ փողոցում լինի վճռական ու մեծ հավատով ժողովուրդ… ուղիղ տեքստով ասեմ, որ ինքը դուրս գա, ու տան դիմաց հազարավոր մարդիկ բղավեն, որ ինքը դավաճան է… գնալ-քվեարկել»,-  ասաց Մամիջանյանը:

Գործող իշխանություններն իրենց ձեռքբերումների և հատկապես ժողովրդավարության ու ժողովրդավարական ընտրությունների մասին խոսելու առիթը բաց չեն թողնում :

«Իրենք շատ են սիրում ասել՝ իմ լեգիտիմությունը, ինձ ընտրել են, ու նման բաներ… Նախ, 2021 թվականին իրենց ընտրել է քվեարկության իրավունք ունեցողների 25 տոկոսը: Իսկ, թե իրենց ինչքան են ընտրում, ցույց տվեցին նաև Երևանի վերջին ընտրությունները՝ ընտրելու իրավունք ունեցողների միայն 9 տոկոսը: Իսկ 2021 թվականին նա մարդկանց խաբել է: Իրենց այդ տարվա նախընտրական ծրագիրը բացում ես՝ գրած է՝ ազատագրելու ենք Հադրութը և Շուշին, արցախյան հակամարտությունը լուծելու ենք Մադրիդյան սկզբունքներով և «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: Դրանից անցնում է ուղիղ 2 ամիս, ԱԳՆ Արարատ Միրզոյանը գալիս է ԱԺ՝ հարցուպատասխանի, ասում եմ՝ ամբիոնից ասա, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են, չեմ ասում՝ ասա՝ գնալու ենք, ազատագրելու ենք, միայն օկուպացված լինելու մասին: Չասեց: Իսկ թե Արցախի հետ ինչ տեղի ունեցավ՝ բոլորս տեսանք:  2021-ին ինքը գյուղեգյուղ քարոզարշավի գնալիս, որ հայտարարեր, թե եկել է Ղարաբաղը հանձնելու, պարզ է, չէ՞, չագուչն ինչ էին անելու: Իսկ հարցին՝ համարո՞ւմ եք, որ Արցախը հանձնվել է Հայաստանի իշխանությունների դավաճանության արդյունքում, մեր բնակչության մինչև 30 տոկոսը պատասխանում է՝ այո՛»,- հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Սպիտակում բնակիչների հետ քննարկումները բավական երկար տևեցին: Անդրադարձան անգամ ներկաներին հետաքրքրող, բայց առաջին հայացքից մանրուք թվացող հարցերին: Ակնհայտ էր, նման  հանդիպումները պահանջված էին: Մարդիկ ազատ խոսելու և տեղեկություն ստանալու կարիք ունեն: ՀՀԿ ԳՄ անդամների մարզային հանդիպումները շարունակվելու են:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս