Բարեփոխումներով ամրապնդում ենք ժողովրդավարական ինստիտուտները․ Գալյանը՝ ԵՄ դեսպաններին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին. հայտնում են նախարարությունից:
«Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու անդամ պետություններին՝ ամուր գործընկերության համար, նշել, որ ոլորտային բարեփոխումները ոչ միայն ներքին օրակարգի մաս են, այլև մեր իրավական դաշտը և ինստիտուտները եվրոպական չափանիշներին մոտեցնելու շոշափելի քայլ՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, պահպանելով իրավունքի գերակայությունը և ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ձևաչափերին, ներառյալ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի իրականացման գործընթացին, ինչի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել վերջին փոփոխական տրանշը՝ 5.5 միլիոն եվրոյի չափով, ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին և գործողությունների ծրագրի կատարման պատրաստակամությանը, Սահմանադրական բարեփոխումներին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը,Դատավարությունների թվայնացմանը, Դատավորների՝ կարգապահական վարույթներով կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմների ամրապնդմանը, Անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ձևավորմանը, ՄԻՊ ոլորտի հիմնական խնդիրների հասցեագրմանը, ներառյալ՝ խտրականության կանխարգելմանն ու դրա պաշտպանությանը։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկերությունը Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ։
ԵՄ անդամ երկրների դեսպանները հարցեր են ուղղել նախարարին»,- մանրամասնում են նախարարությունից:



