Փաստորեն, ադրբեջանցի փորձագետներին վարչապետի աշխատակազմն է «ընդունել-ճանապարհել»․ հաստատեցին

Օրերս 168amգրել էր վարչապետի աշխատակազմի և «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի միջև կնքված մի պայմանագրի մասին, որից տեղեկանում էինք ինչ-որ պատվիրակության ընդունելության մասին, որի մասին որևէ հստակեցում չկար։

Ըստ պայմանագրի՝ աշխատակազմը մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով գնում էր կատարել «Վելոֆիրմայից», որը «ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր»-ի իրավաբանական անվանումն է, պայմանագրի գինը կազմել էր 1 միլիոն 110.300 դրամ։

Այս գումարի շրջանակում, ըստ տեխնիկական բնութագրի, ՍՊԸ-ն մատուցել էր արարողակարգային միջոցառումների շրջանակներում հյուրանոցային ծառայություններ, այդ թվում` 21.10.2025-22.10.2025թթ. համար՝ հյուրանոցային համարների տրամադրում SGL-8 հատ, ուշ մեկնման վճար, ճաշկերույթի կազմակերպում 4 անձի համար, խմիչքի մատուցում, սրահի տրամադրում, սուրճի ընդմիջում, ճաշկերույթի կազմակերպում:

Ու քանի որ արդեն հայտնի էր դարձել ադրբեջանցի փորձագետների՝ Երևան ժամանման, հոկտեմբերի 21-22-ը «Double tree by Hilton» հյուրանոցում «խաղաղության օրակարգ»-ի շուրջ տեղի ունեցած՝ կլոր-սեղան քննարկման մասին, 168am-ն արդեն իսկ արձանագրել էր՝ պատվիրակությունը, որի մասին տեղեկությունները պայմանագրում խնամքով թաքցնում է Փաշինյանի աշխատակազմը, հենց ադրբեջանցիներինն էր։ 

Կարդացեք նաև

168amը լրացուցիչ գրավոր հարցում է ուղարկել նաև Կառավարություն՝ հստակեցնելով․ «Էլեկտրոնային գնումների համակարգում այսօր ծանոթացանք Վարչապետի աշխատակազմի և «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրին (պայմանագրի ծածկագիր՝ ՀՀՎԱ-ՄԱԾՁԲ-25/180)։

Հաշվի առնելով պայմանագրում առկա մի շարք տվյալների՝ ժամկետների, ծառայության մատուցման վայրի մասին, համընկնումը՝ ադրբեջանական փորձագետների խմբի այցի ժամկետների ու «Double tree by Hilton» հյուրանոցում անցկացված միջոցառումների վայրի հետ, խնդրում ենք պարզաբանել․

Արդյո՞ք այս պայմանագիրը հենց այդ խմբի այցին է վերաբերում։

Եթե ոչ, ապա հոկտեմբերի 21-22-ին ի՞նչ խմբի համար են մատուցվել ներկայացուցչական ծառայություններ։

Եթե այո, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցիները Հայաստան էին եկել հենց Նիկոլ Փաշինյանի հրավերով, եթե վարչապետի աշխատակազմն է զբաղվել նրանց ընդունելության ծառայություններով»։

Այսօր կառավարությունից ստացանք հետևյալ պատասխանը

«Ձեր կողմից մատնանշված պայմանագիրը՝ կնքված «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի հետ, վերաբերում է ադրբեջանական փորձագետների՝ ՀՀ այցին։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այցը կազմակերպվել է քաղաքացիական հասարակության և Կառավարության հետ համատեղ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուղղի չվերթով Հայաստան ժամանած ադրբեջանցիներն էին Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։ Ի դեպ, վերջինը աչքի էր ընկել ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակման ժամանակ և ներկայացել էր՝ իբրև էկոակտիվիստ։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը տեղեկացրել էր, որ 2025թ․ հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում, և, որ Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։

«Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի, և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին»,- ասված էր հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930