Նիկոլ Փաշինյանը մերժում է Նիկոլ Փաշինյանին. «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն արդեն ընդունելի է
Արցախի հայաթափումից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Գուցե որպես Ադրբեջանի քաղաքացի և ադրբեջանական հասարակության մաս, կամ գուցե, ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ «ավտոնոմ ռեսպուբլիկայի» «բնակիչ»՝ հայտնի չէ:
2023 թվականի հունվարին 168.am-ը ներկայացրել էր Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանի տեսակետների ռեվոլյուցիան կամ էվոլյուցիան:
Այսօր, թերևս, հարկ է ևս մեկ անգամ պատմական կարճ էքսկուրս կատարել և հիշել Արցախի խնդրի լուծման կամ դրան առնչվող տարբեր ժամանակներում Փաշինյանի առաջ քաշած թեզերն ու հայտարարությունները, այդ թվում՝ նրանք, որոնք չենք ներառել վերոնշյալ ուսումնասիրության մեջ, և որոնք զուտ Արցախի կարգավիճակի մասին չեն, և հնարավոր է՝ ոչ միայն «մերժում են» այսօրվա Նիկոլ Փաշինյանին, այլ ինչ-ինչ հուշումներ են պարունակում, որոնք ժամանակին գուցե չենք նկատել:
Եվ այսպես՝
– 2018 թվականի մայիսի 9, Ստեփանակերտ, Նիկոլ Փաշինյան.
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը… Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև Արցախի պրոբլեմը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության իրավունքին, նրանց ինքնության իրավունքին, նրանց՝ իրենք իրենք լինելու իրավունքին, այսինքն՝ սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, իրական սպառնալիք, և այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքերով են արտահայտվել, այլ արտահայտվել են կոնկրետ գործողություններով, խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»:
Իր խոսքում Փաշինյանը շեշտել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ, սա, ըստ էության, ասում էին նաև նախկին իշխանությունները:
– 2019 թվականի հունվարի 30, ԱԺ, Նիկոլ Փաշինյան.
«Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»:
– 2019, ապրիլի 8, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց, Նիկոլ Փաշինյան.
«Այնտեղ, որտեղ մեր գործընկերները կգնահատեն, որ ինչ-որ նյուանսում մեր դիրքորոշումը չափազանց կոշտ է, այո, մենք տեղ-տեղ կարող ենք նույնիսկ մեր դիրքորոշումն ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգն առաջ մղելու: Բայց դա չի կարող միակողմանի լինել… Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր նրբություն է»:
– 2019, մարտի 29- Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ավելի քան 3 ժամանոց պաշտոնական հանդիպումը:
Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը մանրամասներ էր հայտնել՝ դրական գնահատելով Ալիևի հետ հանդիպումը:
«Մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե՝ լավ, հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:
Սկսվել է խոսակցություն, և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ, և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է, և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը…»,- հայտարարել էր Փաշինյանը:
– 2019, ապրիլի 1, ֆեյսբուքյան ուղիղ եթեր
«Նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր։ Դրանք չեն արտահայտում այն մթնոլորտը, որ ունենք բանակցություններում, իսկ մենք բանակցություններում նոր ասելիք, նոր մթնոլորտ ու հեռանկարներ ունենք։Անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը վախենա այս ճշմարտություններն ընդունելուց»:
– 2020, փետրվարի 15- Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։
«Հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով, և ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ: Եվ ես սկսեցի գործընթացը միկրոհեղափոխություններից»,- քննարկմանը հայտարարել էր Փաշինյանը՝ խոստանալով հաջորդ անգամ խոսել միկրոհեղափոխությունների նշանակությունից ղարաբաղյան գործընթացում, որն ինքը նախաձեռնել է:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այս քննարկման տրամաբանության մեջ Ֆեյսբուքում ներկայացրել էր հինգ կետ:
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու՝ հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրոհեղափոխություններ», ապա՝ «մինիհեղափոխություններ», ապա՝ ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
168.am-ը 2022-ին գրել էր, որ Արցախը անվտանգության երաշխավոր չուներ արդեն Մյունխենում: Ավելին, 44-օրյա պատերազմից առաջ Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին զգուշացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած թեզի ընդունումը, այսինքն՝ Արցախի կարգավիճակի երկրորդացման ճանապարհով անվտանգության ապահովման թեզը լի է վտանգներով և կործանար կարող է լինել, ինչի ականատեսը, ցավոք, եղանք: Իսկ այն, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար, Փաշինյանը հետո շատ անգամներ է կրկնել:
Արդեն պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքում դնել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը:
«Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին՝ ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին»,- գրել էր Փաշինյանը:
Այս թեզը նա հետո դարձյալ պատերազմի օրերին առաջ քաշեց միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցներում և ոչ միայն:
Իսկ 2021 թվականի դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային ողջ ընթացքում երբեք չի վիճակվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը, և, որ ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում:
«Տեղի է ունեցել շատ կարևոր մի բան. 2016-ին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:
Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցն ըստ այդ բանակցային բովանդակության՝ տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու այս հարցում ՄԱԿ-ը:
Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչև ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը, ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը, ի վերջո, որ երկրի մաս է կազմելու: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, սա շատ կանխատեսելի է դառնում, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ 1993-ին ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.
ա) «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան».
բ) ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին:
Սա կարևոր է նրանով, որ եթե ԼՂ-ի այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»,- շարունակել էր Փաշինյանը:
Նույն ժամանակ նա շեշտել էր՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն: Վերջնական կարգավիճակ՝ նշանակում է որոշակի վերջնական կարգավիճակ»։
2022 թվականի ապրիլին էլ Նիկոլ Փաշինյանը ՀՀ խորհրդարանում հայտարարել էր.
«Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եվ հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:
Եվ հետևաբար՝ օրակարգի այս լրացումով, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին, և այս դիրքորոշումն արձանագրվել է Բրյուսելում վերջին հանդիպման ընթացքում։
Ի՞նչն է կարևոր արձանագրել այս իրավիճակում։ Մի շատ կարևոր նրբություն. եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»:
Այս ելույթից սկսած՝ Փաշինյանը սկսեց շրջանառել, թե Արցախի կարգավիճակի հարցում միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը: Եվ նշաձողն իջեցվեց. Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Եվ այսօր երազում են անվտանգային երաշխիքների դեպքում արցախահայության վերադարձի մասին: Որքան էլ Փաշինյանը պնդի, որ Արցախի իշխանությունները հանձնեցին Արցախը, միևնույն է՝ հնարավոր չէ անտեսել փաստը, որ այդ ամենը 44-օրյա պատերազմի արդյունքների հետևանք էր, երբ իրավիճակը հասցրել էին մի կետի, երբ արդեն խոսվում էր Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքի մասին և ոչ ավելին:
Այսօր հասել ենք նաև մի կետի, երբ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը մերժող Նիկոլ Փաշինյանը պատրաստ է շարունակել ՀՀ-ից տարածքներ զիջել՝ պատերազմը չկանխարգելող խաղաղության դիմաց:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը սկսել է մերժել Նիկոլ Փաշինյանին, իսկ Ալիևը շարունակում է արհամարհել Փաշինյանի՝ իրար չվնասելու տարիներ առաջ արված առաջարկը:
Փաշինյանը սխալվեց՝ այս պատմության մեջ եղան հաղթողներ և պարտվողներ, ցավոք, հաղթողը հայկական կողմը չէ:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանը մի շատ ճիշտ միտք է արտահայտել՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ դիմելով մեկնող պահեստազորայիններին.
«Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:
Այո, աշխարհը պաշտպանում է մեր կայացրած որոշումը, և եթե այսօր աշխարհը, մեր դաշնակիցները պաշտպանում են Ադրբեջանի շահերը, ուրեմն՝ դա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության գոտում է, և ինքն է որոշել՝ «մենք չպետք է հաղթենք»: Ինքն է այդպես ասել: