«ՌԴ-ի հետ քաղաքականության սառեցումը բարձր գին ունի. ո՞վ է վճարելու այդ գինը». Էմիլ Ստեփանյան
Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը. 1000-ից ավելի մեքենաներ կանգնած են, քանի որ ռուսական կողմի պաշտոնական պարզաբանմամբ՝ Հայաստանից արտահանվող բեռները սանիտարական խնդիրներ ունեն:
Նկատենք՝ փորձագետները ստեղծված իրավիճակը համարում են քաղաքական իրավիճակի ուղիղ հետևանք:
Արդյոք այս սահմանափակումները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան՝ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը խորհուրդ է տալիս փնտրել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ վարած քաղաքականության զուգահեռներում:
«Քաղաքական լարումից հետո պարզվեց՝ թուրքական լոլիկները չեն համապատասխանում ֆիտոսանիտարական նորմերին, և արգելվեց Թուրքիայից լոլիկների ներմուծումը: Վրաստանի հետ կապված նմանատիպ իրավիճակներ ևս եղան՝ գինու, հանքային ջրի և այլնի մեջ սկսեցին գտնել վտանգավոր տարրեր,- 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց փորձագետը՝ արձանագրելով,- Ֆիտոսանիտարական ստուգումները խստացնում են՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Սա վերաբերում է այլ երկրներին ևս՝ օրինակ, ԵՄ-ին, ԱՄՆ-ին. այսօր որևէ մեկը չի կարող հիմնավոր պատճառներ բերել, թե ինչու հայկական ծիրանը մինչև հիմա ԱՄՆ չի թույլատրվում արտահանել (բոլոր երկրներում ուտում են, Եվրոպայում ուտում են, շատ լավ է, ԱՄՆ-ում՝ չի թույլատրվում:
50/50 է. մերոնք լավ չեն աշխատում, իրենք էլ՝ չեն թույլատրում: Իսկ ընդհանուր առմամբ, ձվի մեջ մազ էլ կարող են փնտրել, եթե մեծ ցանկություն ունենան»:
Ի դեպ, Էմիլ Ստեփանյանը հիշեցրեց, որ քաղաքական տաքացման պարագայում էլ հակառակ գործընթացին ենք ականատես լինում՝ ինչ-որ ապրանքներ թույլատրում են ներմուծել, վիզային ռեժիմը պարզեցնում են, սակայն, ըստ նրա, դրանից հետո ոչ ապրանքն է ավելի որակյալ ու անվտանգ դառնում, ո՛չ էլ քաղաքացիներն են առավել բարեկիրթ ու օրինապահ դառնում, քան մինչ այդ:
«Յուրաքանչյուր տնտեսական որոշում հետևում է քաղաքական տաքացմանը, կամ՝ սառեցմանը»,- շեշտեց նա՝ նկատելով, որ աշխարհում ամենուր որակի խնդիրներ կան:
Արձագանքելով հարցադրումներին, թե հաշվի առնելով ՌԴ տնտեսությունից մեծ կախվածությունը, հետագայում ի՞նչ պետք է սպասել կոնկրետ այս հարցի լուծման առնչությամբ. արդյո՞ք քաղաքական պարզաբանումների բացակայության պայմաններում խնդիրը մշտապես լինելու է, «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիրը նշեց. «Բնականաբար: Մենք մտել ենք ԵԱՏՄ, և բնական է, որ ԵԱՏՄ շուկայից կախվածությունը կրկնակի, եռակի աճել է: Եվ հետաքրքիր է, որ 2018 թվականից այս կողմ՝ շարունակաբար սառում են հայ-ռուսական հարաբերությունները, բայց զուգահեռ՝ դեպի ՌԴ ընդհանուր արտահանման մեջ տեսակարար կշիռը մեծանում է. եթե մինչև 2018 թվականը խոսքը շուրջ 30 տոկոսի մասին էր, հիմա՝ 50 տոկոսն արդեն անցել է»:
Էմիլ Ստեփանյանը ցավով արձանագրեց՝ Հայաստանն այսօր նման է մարդու, ով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է:
«Իշխանությունների քաղաքականությունը պահանջում է կայացրած որոշումների հետևանքների նկատմամբ խիստ պատասխանատվության զգացում, քանի որ ՌԴ հետ քաղաքականության սառեցումը բարձր գին ունի. ո՞վ է վճարելու այդ գինը:
Կարծում եմ՝ հրավիրող կողմը պետք է վճարի առյուծի բաժինը, այն կողմը, որն ասում է՝ ՌԴ-ից հեռացեք»:
Այս իրավիճակի այլընտրանքը՝ շուկայի դիվերսիֆիկացիան, մասնագետը համարում է երկարաժամկետ խնդիր, որը գուցե տասնյակ տարիների աշխատանք է պահանջում և հարյուր-միլիոնավոր դոլարներ:
Ըստ նրա՝ այս պահին կարճաժամկետ լուծումները պահանջում են հակաճգնաժամային պետական ծրագրեր:
«Ինչ անում եք, լավ եք անում, բայց տեր պետք է կանգնեք ձեր տնտեսության ճյուղերին, որոնք ողնաշարային ճյուղեր են: Մենք հո դեմ չե՞նք. միգուցե պետք է այդ քաղաքական սառեցումը, որպեսզի ՀՀ քաղաքական կշիռը մի քիչ մեծանա, բայց պատասխանատու է պետք լինել»,- ամփոփեց նա: