Սփյուռքում հուսախաբություն և հուսահատություն կա՝ հատակապես Արցախը կորցնելուց հետո. Հրայր Ջեբեջյան
«Ինչո՞ւ Հայաստանը չպետք է մեր բոլոր հայերի առջև բաց լինի. պե՛տք է բաց լինի»,- 168.am-ի հետ զրույցում ահա այս արձանագրումն արեց Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչյան ընկերության ներկայացուցիչ Հրայր Ջեբեջյանը՝ անդրադառնալով սփյուռքահայ գործիչների Հայաստան մուտքն արգելող՝ իշխանությունների որոշմանը:
Մեր հարցադրումներին ի պատասխան՝ սփյուռքահայ գործիչը, որը ծավալուն ուսումնասիրություն էր իրականացրել Միջին Արևելքի հայ համայնքների 19 ներկայացուցիչների հետ, խոսեց նաև հայ-թուրքական երկխոսության օրակարգերի վերաբերյալ այդ հայ համայնքներում առկա վերաբերմունքի մասին:
Հրայր Ջեբեջյանը, պատասխանելով մեր այն հիշեցմանը, թե Զարեհ Սինանյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված կարելի է համարել, արձագանքեց. «Ինչպե՞ս կարող եմ ավարտված համարել. ես Ցեղասպանությունը վերապրած երրորդ սերունդն եմ սփյուռքում, իմ զավակները՝ չորրորդ: Իմ գերդաստանի 25 անդամ նահատակված է 1909 թ.-ի Ադանայի ջարդերի և 1915 թ. Ցեղասպանության ժամանակ:
Ես չեմ կարող նրանց հիշատակը մոռանալ: Անկարելի՛ է մոռանալ:
Գալով հայ-թուրքական հարաբերություններին՝ դիվանագիտական հարաբերությունները քաղաքական առումով ինչպես պետք է լինի՝ չգիտեմ, բայց ճշմարտություն կա, որ չի կարելի անտեսել, իսկ ճշմարտությունը Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումն է: Սա մենք չենք կարող մոռանալ: Ծիծեռնակաբերդն ինչպե՞ս կարող ենք մոռանալ, 1.5 միլիոնն ինչպե՞ս կարող ենք մոռանալ»:
Անդրադառնալով Արցախում ցեղասպանական գործողություններին, Արցախի հայկական պետականության կորստին՝ նա ցավով արձանագրեց, որ այս ամենից հետո Սփյուռքում հուսախաբություն և հուսահատություն կա:
Մանրամասները՝ տեսանյութում