Փաշինյանի ու Ալիևի գաղտնիքը․ երրորդն ավելորդ է
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունենալու երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։ Այդ մասին անցած շաբաթ հաղորդել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ նշելով, որ պայմանավորվածությունը նախնական է։ Այսօր արդեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հաստատել են․ որ վերջինս ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն Իջևանի և Ղազախի հատվածում։
Այս տեղեկատվությունը հետաքրքիքր է ոչ միայն և ոչ այնքան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման փաստի առումով, այլ այն իմաստով, որ սրանով կարող է հիմք դրվել առաջիկայում հայ-ադրբեջանական բանակցությունների՝ դեմ առ դեմ ձևաչափ տեղափոխվելու գործընթացին՝ ամբողջությամբ զրոյացնելով դրանցում միջազգային միջնորդության ինստիտուտը։ Իհարկե, ուղիղ երկխոսության, երկկողմանի բանակցություններ անցկացելու առաջարկը սկզբում հնչել է ԱՄՆ-ից՝ որպես հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափ, սակայն հատկապես վերջին շրջանում առաջ է մղվում Ադրբեջանի կողմից։
Դա Ադրբեջանի կողմից վարվող հետևողական քաղաքականության մաս է։ Այդ առաջարկը հրապարակելուց առաջ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին երկու համանախագահներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, հայտարարել է հայամետ, հետևաբար՝ ոչ անաչառ միջնորդ՝ այդպիսով անընդունելի դարձնելով բանակցային գործընթացում նրանց ներգրավվածությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահներից գոնե հրապարակավ Ադրբեջանը չի բոյկոտել միայն Ռուսաստանին, որի մասնակցությամբ բանակցային հարթակները, սակայն, հետևողականորեն մերժում է Հայաստանը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ բանակցություններից դուրս թողնել միջազգային միջնորդությունը, այսինքն՝ նրան պետք չէ, որ ստորագրվելիք հնարավոր պայմանագիրն ամրագրված լինի ազդեցիկ երկրների երաշխիքներով, ինչը հերթական վկայությունն է այն բանի, որ «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին անհրաժեշտ է ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ իրեն հարմար պահի դա որպես պատրվակ օգտագործելով՝ հերթական պատերազմը սանձազերծելու համար։
Թվում է, թե բանակցային գործընթացում միջազգային միջնորդությամբ պետք է շահագրգիռ լինի Հայաստանը, բայց իրադարձությունները, այդ թվում՝ որպես ուղիղ բանակցությունների մեկնարկ՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդիպման չմերժումը ցույց է տալիս, որ իրականում ՀՀ իշխանությունը ևս դեմ չէ ուղիղ բանակցություններին։ Եվ բացառված չէ, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանության կողմից գեներացվող հակառուսականության իրական նպատակը ոչ թե արտաքին քաղաքական վեկտոր փոխելն է, ինչպես ներկայացվում է, այլ հենց Ադրբեջանի հետ բանակցություններից արդեն նաև Ռուսաստանի դուրսմղումը։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ցանկանում է Ալիևի հետ խոսել դեմ առ դեմ, առանց միջնորդների։ Իսկ դա նշանակում է, որ նա ունի առանց միջնորդների ներկայության Ալիևին ասելիք կամ վերջինիս կողմից լսելիք, որի մասին չպետք է իմանա որևէ երրորդ կողմ։
Հարցը, իհարկե, Ալիևի հետ դեմ առ դեմ մնալու հնարավորությունը չէ, որը կարող է կազմակերպվել նաև միջնորդների ներկայությամբ բանակցություններում։
Խնդիրը բանակցային բովանդակության անմիջնորդ ռեժիմն է, որում Նիկոլ Փաշինյանը կարող է անկաշկանդ կնքել այնպիսի համաձայնություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք միջնորդների ներկայությամբ հնարավոր չի լինի։ Հատկապես այն արտահոսքից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անկեղծացել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումներում միայն ինքն է պաշտպանում Արցախի շահերը, Նիկոլ Փաշինյանի համար երրորդ ականջը կարող է խնդրահարույց լինել։ Դա կարող է լինել պատճառը, որ Ալիևը բանակցային գործընթացից հետևողականորեն դուրս է մղում արևմտյան միջնորդներին, Հայաստանն էլ տորպեդահարում է ռուսական միջնորդությունը՝ ի վերջո մենակ մնալու ու առանց երրորդ կողմերի պայմանավորվելու համար։
Հարություն Ավետիսյան