Ռուսաստանն Իրանին «Սպարտակ» զրահապատ մեքենաների նոր խմբաքանակ է մատակարարել

Իրանը ստացել է ռուսական АМН-59095С-15 «Սպարտակ» զրահապատ մեքենաների ևս մեկ խմբաքանակ, որոնք նախատեսված են պարեկային, հետախուզական և բարձր ռիսկի գոտիներում անձնակազմի տեղափոխման համար: Նմանատիպ մեքենաների նախորդ մատակարարումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին, հաղորդում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»:

Ըստ աղբյուրների` նոր խմբաքանակը ներառում է առնվազն 20 զրահապատ մեքենա: Դրանք նկատվել են Սպահանի նահանգի ռազմական բազայի մոտ, որտեղ, հավանաբար, փորձարկվում և մարզվում են իրանական անձնակազմերը: «Սպարտակ» զրահապատ մեքենաների պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2023 թվականին և նախատեսում է մեքենաների փուլային փոխանցում երեք տարվա ընթացքում:

«Սպարտակ» զրահապատ մեքենան կառուցված է КамАЗ-4380-ի շասսիի վրա և դասակարգվում է որպես բարձր պաշտպանվածության անվավոր մեքենա: Այն նախատեսված է մինչև 10 մարդ տեղափոխելու համար, ունի բարձր անցանելիություն և կարող է գործել ականապատված և կրակային սպառնալիքի պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս