«Նպատակ ունեն սպասարկել ինչ-ինչ քաղաքական նորօրյա դրսևորումներ, սա ակնհայտ է՝ աչք ծագող ձևակերպումներով». Հայկ Դեմոյան
Մի խումբ պատմաբաններ ու փորձագետներ շարունակում են իրենց մտահոգությունն արտահայտել հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր տպագրված դասագրքում տեղ գտած սխալների վերաբերյալ։ Պատմաբանների մի խումբ ընդգծում է, որ այդ գրքով չպետք է սովորեն երեխաները, քանի որ այնտեղ հայոց պատմությունը խեղաթյուրված է, կան բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, մեկ այլ խումբ էլ պնդում է, որ պետք է մասնագետների խումբ ստեղծել և նոր դասագիրք գրել։
Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն առաջարկել էր դպրոցներից հետ կանչել դասագրքերը, ստեղծել համադրող մարմին՝ մանկավարժների, պատմաբան-մասնագետների ու փաստաբանների ներառմամբ, որոնք էլ կգրեն նոր դասագիրք՝ առանց ներկա սխալների։ Այս մասին Հայկ Դեմոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Արդյո՞ք այս առաջարկի առնչությամբ եղել են արձագանքներ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պետք է համակերպվել դասագրքի շուրջ աղմուկի հետ, քանի որ որևէ բան չի փոխվելու։ Այս պայմաններում հնարավո՞ր է դպրոցներից հետ կանչել դասագիրքը։
168.am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ աշխատանքների համադրումը և ավելի բյուրեղացումը, հասցեական սխալների մատնանշումն ու հետևանքների նկարագրումը պետք է այնպես արվեն, որպեսզի նախարարության և սատելիտ խմբերի համար մանևրելու դաշտ չլինի, նրանք հիմնականում հայտնի դրամաշնորհներ ստացողներն ու իրենց առաջադեմ համարողներն են։
«Իրենք բոլոր ռեսուրսներն ուղղել են նրան, որպեսզի չնկատեն ակնհայտ թերություններն ու սխալները, որոնք մատնանշվել են կոռեկտ գրախոսությունների տեսքով։ Իրենք առաջին հերթին փորձում են զենք վերցնել, ատելության լեզուն և ծայրահեղ կոչերը նույնպես անընդունելի են, ամեն ինչ պետք է լինի գրագետ գրախոսություններով, ես և մյուսները չենք ընդունում ծայրահեղ դրսևորումները։ Բայց սրանց քաղաքականությունն ի՞նչ է, նրանք խառնում են ասվածը, գրախոսություն կոչվածը, առողջ ակադեմիական քննադատությունը մյուս ծայրահեղ կոչերի հետ, որպեսզի ստանան իրենց ցանկացածը։ Իսկ իրենք հետևյալն են ցանկանում՝ լուծել ու տարրալուծել նշածս ակնհայտ թերություններն ու մատնանշումները, մեղադրանքները դարձնել համահավասար։ Իրենք իրենց լրատվականներով ու հեռուստաընկերություններով լծված են անհատին փրկելու գործին: Իրենք անձն են ուզում փրկել այն դեպքում, երբ մեր, այսպես ասած, թիրախը անձը չէ։ Մեր թիրախը վատ ու ապաշնորհ արված դասագիրքն է, ապաշնորհ՝ բոլոր առումներով»,- շեշտեց Հայկ Դեմոյանը։
Բայց, ինչպես պնդեց Հայկ Դեմոյանը, դասագրքի վերաբերյալ պատասխանատուները չեն ուզում լսել բազմակարծություն, իրականացնելով ակնհայտ, ցածրարժեք, մանկական մանիպուլյացիա, որի վրա ոչ թե զայրանալ է պետք, այլ ծիծաղել։
Մեր զրուցակցի բնորոշմամբ, ակադեմիական դաշտում կա մեկ ընդունված ձևաչափ՝ գրախոսություն, երբ հոդվածը կամ մենագրությունը գրախոսվում է, իսկ հեղինակը պետք է պաշտպանի իր տեսակետը և հանդես գա հակառակ հիմնավորումներով։
«Այս գիրքը քննադատողներից մեկն էլ Էրեբունի թանգարանի տնօրենն է՝ Միքայել Բադալյանը, նա գրել էր իր տեսակետը, գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը պատասխանել էր, փորձել էր հիմնավորել իր տեսակետը։ Ես էլ իմ հերթին եմ ներկայացրել թերությունները, բովանդակային, գիտական, տեխնիկական, ոճական, սրբագրական և այլն, բայց դեռ արձագանք չկա հեղինակի կողմից»,- հավելեց պատմական գիտությունների դոկտորը։
Հայկ Դեմոյանի փոխանցմամբ՝ հանրակրթական դպրոցի դասագրքի վերաբերյալ գրախոսական գրելու առիթ ունեցել է 2012 թվականին, ինչից հետո 2019 թվականին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ստեղծել էր խումբ այդ ամենը լրամշակելու համար, սակայն արդյունքում ավելի սարսափելի բան էր ստացվել, ու այդպես էլ մեղավորներ չէին գտել։
«Ես ինձ իրավունք եմ վերապահում այս ամենը տեղափոխել իրավական դաշտ, քանի որ ակնհայտ է՝ կա անպատժելիություն։ Հիմա տեսնում ենք հովանավորչություն և շահերի բախում, Պետրոս Ղազարյան-ԿԳՄՍ նախարար կապն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր են և հակագիտականություն։
Ես Սմբատ Հովհաննիսյանին չեմ ճանաչում, ես այդ անձին չեմ քննադատում, ի վերջո, կա նախարարություն, որն էլ երաշխավորում է, որպեսզի այդ գիրքը մտնի դպրոց։ Հիմա պետական միջոցները վատնվե՞լ են նման խոտան տպագրելու համար, իհարկե վատնվել են։ Երևի նման գիրք են տպագրել, որպեսզի ասեն՝ տեսեք, մենք ավելի լավ ենք գրում, քան նախկինները, ստացվել է շատ ավելի վատը։ Նման գիրք տպագրելով՝ նպատակ ունեն սպասարկել ինչ-ինչ քաղաքական նորօրյա դրսևորումներ՝ աչք ծակող ձևակերպումներով, սա ակնհայտ է։ Դասագրքում երևում է, որ սա հատուկ միտում ունի և առանցքային ուղղություններից մեկն է, երբ անգրագետ ձևակերպումներ են արել, երեխան ինչպե՞ս կարող է մտածել։ Սա դասագիրք չի կարելի կոչել»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։