«Դպրոցի տնօրենը պետք է դիմում գրի և ազատվի, իսկ եթե ոչ՝ նախարարը պետք է նրան ազատի աշխատանքից՝ հիմնվելով իր իսկ հրամանի վրա». Ատոմ Մխիթարյան

Երեկվանից համացանցում տարբեր օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի գրառմամբ, որտեղ նա կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» վերաբերյալ, և գրել, թե «պատրաստ» է։

Այսօր առավոտյան զնագահարեցինք կրթահամալիրի քաղաքային հեռախոսահամարին, որպեսզի հասկանանք, թե տիկին Երեմյանն ինչպե՞ս է պատրաստ, որպես կրթօջախի ղեկավար՝ իր այդ քայլով ի՞նչ է սովորեցնում իր սաներին։ Մեր առաջին զանգին պատասխանեց մի տղամարդ՝ տեղեկացնելով, որ տնօրենը զբաղված է, խորհուրդ տալով զանգահարել ավելի ուշ։ Զանգահարեցինք ավելի ուշ, պատասխանեց Ռուզաննա Երեմյանը՝ ասելով, թե գերզբաղված է, որևէ հարցի չի կարող պատասխանել. Նա էլ խնդրեց զանգահարենք ավելի ուշ։ Մի քանի ժամ անց, երբ ուզում էինք կրկին զանգարել տնօրինուհուն, պարզվեց՝ նա արդեն համացանցում ուղիղ եթերում ոչ միայն վերահաստատում է իր պատրաստակամությունը միանալու Նիկոլ Փաշինյանի կոչին, այլև վիրավորական բառեր է հնչեցնում Վեհափառի հասցեին։

Արդյոք մանկավարժը, կրթօջախի տնօրենը կարո՞ղ է հրապարակավ նման հայտարարություններ անել, այն էլ՝ Վեհափառի հասցեին։

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը խոսելով այս հարցի և առհասարակ այդ երևույթի մասին, նկատեց՝ այստեղ պետք է ցուցաբերել 2 մոտեցում, առաջինը՝ բարոյական դաշտում է։

«Բարոյական դաշտում, իհարկե, նման իրավունք չունի, որովհետև նա ամեն դեպքում կրթօջախի ղեկավար է և իր նման վերաբերմունքով դաստիարակում է այն երեխաներին, որոնք ոչ միայն այդ կրթօջախ են հաճախում, այլև՝ այլ երեխաների։

Տնօրենը պետք է լինի համակրանքի առարկա, սա ուղղակի անթույլատրելի է և նույնիսկ կարող է հակազդեցություն առաջանալ և ծնողների, և երեխաների մոտ։ Այնպես չէ, որ հասարակության մեջ 100 տոկոսով նույն կարծիքն ունեն, և դրա հետևանքը կարող է լինել այն, որ այդ դպրոց իրենց երեխաներին տանող ծնողներն ուղղակի երեխաներին չտանեն։

Չնայած, այս պահին գիտեմ, որ այդ դպրոցը վերանորոգման փուլում է, և դասերն այլ ձևով են կազմակերպում, բայց ամեն դեպքում։ Օրինակ, ես չէի ցանկանա, որ իմ երեխան հաճախեր այնպիսի դպրոց, որի տնօրենը կարող է լինել ազգային արժեքների, եկեղեցու վրա «հարձակվողների» խմբում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է իրավական դաշտին, Ատոմ Մխիթարյանը հիշեցրեց, որ տարվա սկզբին ԿԳՄՍ նախարարը հրաման է հրապարակել, որտեղ գրված է՝ բոլոր ուսումնական հաստատությունների ղեկավարներին, տնօրեններին արգելված է որևէ ձևով ինչ-որ մի գործողություն անել, որը կարող է դիտարկվել՝ քաղաքականությունը կրթական հաստատություն բերել։

«ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ձեռնպահ մնացեք նման գործողություններից։ Իհարկե, հասկանալի է՝ սա ավելի շատ ուղղված է կրթական հաստատությունների ընդդիմադիր հայացքներ ունեցող ղեկավարներին, ուղղակի այնտեղ նման բառ գրված չէ։ Այս գրառումը պետք է այս լույսի ներքո դիտարկել, ըստ էության նա խախտում է իր իսկ նախարարի հրամանը։ Դրա արդյունքը պետք է լինի այն, որ այդ դպրոցի տնօրենը դիմում գրի և ազատվի, իսկ եթե ոչ՝ նախարարը պետք է նրան ազատի աշխատանքից՝ հիմնվելով իր իսկ հրամանի վրա»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։

Տեսանյութեր

Լրահոս