ԵՄ-ն ստիպված է ավելի զգուշավոր գործել. առաջիկայում պատվիրակություն կժամանի Երևան

Նոյեմբերի 27-29-ը Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակություն։ Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:

Այցն իրականացվում է՝ հետամուտ լինելով հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը` միտված լավագույն կերպով նախանշելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները, ասված է հաղորդագրությունում:

Այցի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների։

Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը, ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

168․am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ նման այց կարելի էր սպասել, քանի որ ԵՄ-ում որոշ նախնական որոշումներ էին կայացվել Հայաստանի վերաբերյալ։ Ըստ նրա, ԵՄ-ն, բացի իր առաջարկները ու պատրաստակամությունը, պետք է տեղում ուսումնասիրի ՀՀ-ԵՄ հարաբերությունները ևս մեկ մակարդակով խորացնելու բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով ՀՀ կարիքները։ Գոգոլաշվիլիի խոսքով, հասկանալիորեն նման երկրների կարիքները հնարավոր է թուլացնել ներդրումների և անվտանգության ապահովման միջոցով։

«ԵՄ-ն անվտանգային կառույց չէ, ուստի այդ հարցում վճռորոշ ոչինչ չի կարող անել, սակայն, ինչպես տեսանք, տեղում դիտորդներ կարող են աշխատել։ Եվ եթե ՀՀ անվտանգությունը շարունակում է խոցելի մնալ, ապա ԵՄ-ն կուսումնասիրի, թե դիտորդական առաքելության ինչ ծավալի ընդլայնում պետք է տեղի ունենա, որպեսզի դիտորդությունն ավելի արդյունավետ լինի, և դիտորդները կարողանան միաժամանակ սահմանային ավելի շատ հատվածներում լինել։ Սա և զսպող նշանակություն ունի, և դիտորդական եզրակացությունն էլ ավելի ստույգ ու ամբողջական կդարձնի։ Գուցե դժգոհությունները շատ են, որ տեղակայվում են պարզապես դիտորդներ, նրանք չունեն զսպող կամ իրավիճակին միջամտող գործառույթներ, սակայն այդ ներկայությունն ունի քաղաքական նշանակություն, ինչպես նաև անվտանգային, քանի որ ԵՄ դիտորդների ներկայությունն անտեսել հնարավոր չէ»,- ասաց Գոգոլաշվիլին։

Ըստ նրա, ԵՄ-ն չի հապաղում, արագ է գործում Հայաստանի վերաբերյալ, քանի որ Հայաստանի հետ կապված բոլոր զարգացումները և Հարավային Կովկասի ապագա աշխարհաքաղաքական պատկերը կախված է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից,  որն առաջ էր տանում ԵՄ-ն, և որը  փակուղի է մտել, կողմերն անընդհատ հակասական հայտարարություններ են անում,  և դա տագնապ է հարուցում։

«Օրերս թվում էր՝ կողմերը փոխանակվեցին փաթեթներով, կար առաջընթաց, հանդիպման պայմանավորվածություն, սակայն անում են նաև հայտարարություններ, որոնցից բարդ է  հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հայտարարում են, որ չկան խոչընդոտներ, համաձայնեցված սկզբունքներ կան, ապա հայտարարում են, որ դրանք համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա վերածվել է լիովին անկանխատեսելի ու խառը գործընթացի, նույնիսկ ԵՄ-ն և կողմերը մեկ տարուց  ավելի բանակցածը նույն կերպ չեն մեկնաբանում, կամ չկա ըմբռնում, թե որտեղ են հասել ու թե դեռ որ հարցերն են մնում բանակցության առարկա։ Կողմերի միջև նմանատիպ տրամադրությունների պարագայում միջնորդի կողմից ավելի գործուն միջամտություն է հարկավոր: Սա ցույց է տալիս, որ միջնորդները պարզապես հետևողի դերում են, սա հասկանում են նաև կողմերը, ու բանակցությունների նյութն անընդհատ մանիպուլյացիաների առարկա է դառնում։ ԱՄՆ-ը այս փուլում դուրս մնաց, կա ադրբեջանա-ամերիկյան սուր լարվածություն, և ԵՄ-ն ստիպված է ավելի զգուշավոր գործել, որպեսզի կարողանա մասնակցել գործընթացին, այլապես այն կմնա Ռուսաստանի հովանու ներքո»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս