Սաուդյան Արաբիայի թագավորը երևի չունի այն իշխանությունը, ինչ այս անձը. Արմեն Մանվելյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին. հայտնել են ՀՀ արտաքին գերատեսչությունից: Ավելի վաղ՝ երկու կողմերը նաև հավաստիացրել էին «խաղաղության պայմանագրի» կնքման պատրաստակամության մասին:
Այդուհանդերձ, մինչև այս պահը հանրությանը հայտնի չէ, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը՝ հակառակ իշխանամուտի իր խոստումներին, թե ժողովրդի թիկունքում, գաղտագողի չի բանակցելու:
«Հայաստանում ստեղծվել է մի իշխանական համակարգ, որն աբսոլյուտ է, այսինքն՝ այն ունի բացարձակ իշխանություն. Սաուդյան Արաբիայի թագավորը երևի չունի այն իշխանությունը, ինչ այս անձը, ու այս պայմաններում, իհարկե, գաղտնի բանակցություններ են ընթանում,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ այս իշխանությունների օրոք ամեն ինչի մասին հանրությունը տեղեկացվել է միայն վերջին պահին,- Նախկինում, երբ, օրինակ, գնում էին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների, ժամանակ առ ժամանակ փորձագիտական հանրությանը ներկայացնում էին փաստաթղթեր, և մենք գիտեինք՝ ինչի մասին է խոսքը: Այժմ, երբ իրենք են եկել իշխանության, մենք ամեն ինչի մասին իմացել ենք վերջին պահին՝ երբ Արցախն է հանձնվում, երբ մեր դեմ հարձակվում են, երբ էթնիկ զտումներ ու Ցեղասպանություն է տեղի ունենում»:
Միջազգայնագետը շեշտեց՝ նույնիսկ առանց նայելու այդ նախապատրաստվող փաստաթղթին, հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք, կարելի է վստահությամբ ասել, որ «ՀՀ-ի և հայ ժողովրդի շահը գոյություն չունի» այնտեղ:
Խորացող անվտանգային մարտահրավերների մասին իր դիտարկումներում Արմեն Մանվելյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ օգնությունը մերժելու, կազմակերպության նիստերը բոյկոտելու իշխանությունների վերջին քայլերին՝ արձանագրելով. «ՀԱՊԿ-ի առավելությունն այն էր, որ ՀԱՊԿ-ի միջոցով մենք քաղաքական հավասարակշռություն էինք ստեղծում տարածաշրջանում, քանի որ այն ճարտարապետությունը, որ կար, հավասարակշռության այն մեխանիզմները, որոնք կային, հանձնված են Ադրբեջանին, սրանք որոշեցին վերջնականապես ՀՀ-ն թաղել՝ դուրս գալով ՀԱՊԿ-ից:
Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը բարձր էֆեկտիվությամբ կառույց է, բայց նույնիսկ իր ցածր էֆեկտիվությամբ այն կարևոր գործիքակազմ ունի, որը նախկինում կարողանում էինք օգտագործել: Բայց քանի որ մենք գործ ունենք դիլետանտ քաղաքական ռեժիմի հետ, նրանց նպատակն է ՀՀ անվտանգային բոլոր խնդիրները դնել վաճառքի՝ փորձելով գնալ Արևմուտք և Արևմուտքի տերերի մոտ ստանալ ինչ-որ խոստումներ:
Այսինքն՝ ՀՀ անվտանգության խնդիրը վաղուց արդեն գոյություն չունի. գոյություն ունի միայն իրենց ռեժիմը պահպանելու խնդիր»:
Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, թե հայկական կողմի հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան չեն մասնակցելու ՀԱՊԿ շրջանակում կայանալիք համապատասխան հանդիպումներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում: