«Լսողական մեկ սարքն արժե 350.000 դրամ. ես այդ գումարը որտեղի՞ց պետք է գտնեմ». արցախցիները ստիպված են ևս մեկ ամիս սպասել
Արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանությունից 2 ամիս անց, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցրել էր, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակները կհաշվարկվեն ու կտրամադրվեն դեկտեմբերին:
Նրա խոսքով՝ արցախցիներին նաև տրվել է հատուկ պաշտպանության կարգավիճակ, ինչը գրեթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին:
«Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ կդիմե՞ն ստանալու ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ՝ կշարունակեն ստանալ կենսաթոշակ և նպաստ»,- ասել էր նախարարը:
Սոցապնախարարության ղեկավարը, սակայն, չէր մեկնաբանել, թե ի՞նչ է լինելու մեր բոլոր այն հայրենակիցների դեպքում, որոնց տարբեր պատճառաբանություններով մերժել են հատկացնել կառավարության խոստացած ֆինանսական աջակցությունները:
Ստացվում է նաև, որ Արցախից բռնի տեղահանված, տնից ու ունեցվածքից զրկված մեր հայրենակիցները ևս մեկ ամիս պետք է սպասեն իրենց հասանելիք թոշակները ստանալու համար՝ այդ ընթացքում փորձելով մի կերպ պահպանել իրենց գոյությունը:
Խնդիրները, սակայն, միայն այդքանով չեն ավարտվում: Ինչպես անցած ամիսներին, այնպես էլ այսօր բազմաթիվ ընտանիքներ ամենաանհրաժեշտ տարրական պայմաններն անգամ չունեն՝ արժանապատիվ կյանք վայելելու համար:
Արցախցի մեր հայրենակից Զոյա Արզումանյանի 10 հոգուց կազմված ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտունուց՝ սեպտեմբերի 27-ին:
168.am-ի զրուցակցի խոսքով՝ այստեղ մարդիկ իրենց շատ լավ են ընդունել: Օգնել են Աբովյան քաղաքում բնակարան գտնելու հարցում: Տեղավորվել են: Սակայն, ինչպես արցախցի բազմաթիվ այլ մեր հայրենակիցներ, ինքն էլ սեպտեմբերից հետո թոշակ չի ստացել: Չնայած կառավարության խոստումներին, ասաց՝ մի տեսակ վստահությունը կորել է: Այդուհանդերձ, հույս հայտնեց, որ այս անգամ գոնե կկարողանա ստանալ իր հասանելիք գումարը:
Արցախցի մեր հայրենակիցն այս պահին չի աշխատում: Ընտանիքի անդամները ևս դեռ չեն կարողացել աշխատանք գտնել: Անկողնու ու մի քանի այլ պարագաների հարցում օգնել են որդիների ընկերները: Բայց 5 անչափահաս երեխա մեծացնող ընտանիքում այս պահին օրվա հացը վաստակելու խնդիրն օրակարգային է մնում: Ասում են՝ եթե ջեռոց ու սառնարան ունենային, մինչև գումարները ստանալը, գոնե որոշ կարևոր հարցերի լուծում կտրվեր:
«Թեկուզ նաև հացը տանը թխելու հարցը կլուծվեր: Չեմ ասում՝ նոր լինի, թեկուզ օգտագործված, բայց գործող»,- ասաց մեր զրուցակիցը:
Սրան գումարած՝ նաև հայրենազրկումը: Զոյա Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ անգամ սոցիալական խնդիրների լուծման պարագայում, հայրենի հողն ու տունը կորցնելու ցավը դեռ երկար ժամանակ չի լքելու իրենց:
«Տեղահանվելու մասին մինչև վերջին պահը կասկածում էինք, չէինք հավատում, որ էդպիսի բան կարող է լինել: Այդ օրը հասցրել ենք միայն երեխաների շորերը վերցնել։ Ուրիշ ոչ մի բան չկարողացանք բերել: Բայց եղավ փաստորեն: Հասցրել եմ միայն ամուսնուս գերեզմանից մի բուռ հող վերցնել։ Թողել ենք երկու տուն, աշխատանք, տղաներիս խանութները, ֆերման, ամեն ինչ… Դրանք այնքան ցավալի չեն, որքան ամուսնուս ու ծնողներիս գերեզմանները թողնելու փաստը: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ»,- ցավով ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Արցախցի մեր հայրենակցի խոսքով, Հայաստան տեղափոխվելուց հետո, արդեն տևական ժամանակ է՝ չի կարողանում հոգալ նաև առողջական խնդիրները: Նրա խոսքով՝ ինքը նախկին զինծառայող է: Դեռևս 1992 թվականին վիրավորում ստանալու ժամանակ նաև լսողական համակարգի խնդիրներ են առաջացել: Իր լսողական սարքն էլ շարքից դուրս է եկել:
«Հիմա ո՛չ գումար ունեմ, ո՛չ հնարավորություն՝ նոր սարք գնելու: Ժամանակի հետ այս լսողական ապարատներն էլ իրենց չեն արդարացնում, մի քանի օր առաջ բժշկուհին ուրիշ մարկայի ապարատ է խորհուրդ տվել, որն արժե 350.000 դրամ: Ես այս պայմաններում այս գումարն ինչպե՞ս եմ ձեռք բերելու: Չեմ կարողանալու գնել: Դրա պատճառով աշխատանք էլ չեմ կարողանում գտնել»,- վրդովված պատմեց Զոյա Արզումանյանը՝ հավելելով, որ Արցախում գրավադրած ոսկին որդին չի կարողացել վերցնել, քանի որ մինչև վերջին պահը դիրքերում է եղել: Հիմա էլ այստեղ նաև բանկերից են գումար պահանջում, ինչն այս պահին ի վիճակի չեն վճարել:
Նազելի Ստեփանյան