«Ասում եմ՝ սեփականություն չունեմ, ասում է՝ ինքդ պարզիր խնդիրը, մեզ հետաքրքիր չէ». արցախցի ընտանիքին զրկել են աջակցությունից
Հայաստան տեղափոխված բազմաթիվ արցախահայ ընտանիքներ այսօր էլ շարունակում են քնել մեքենաներում: Իսկ վարձակալությամբ բնակարան գտած մեր հայրենակիցների մի մասն ապրում է անմարդկային պայմաններում՝ չկարողանալով անգամ օրվա ապրուստը հոգալ:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայրենիքից բռնի տեղահանված Սարգսյանների 7 հոգանոց ընտանիքի մայրը՝ Արինա Սարգսյանը, 168.am-ին հայտնեց, որ իրենց ընտանիքի անդամների մեծ մասին դեռևս չեն տրամադրվել կառավարության կողմից խոստացված 100.000-ական դրամները:
Ստեփանակերտից Հայաստան տեղափոխվելուց օրեր անց իր ամուսնուն հասանելիք գումարն էր փոխանցվել, իսկ միայն օրեր առաջ՝ իրենը: Երկու անգամն էլ ամբողջ գումարը ծախսել են միայն բնակարանի վարձի համար: Որդու ու ընտանիքի մյուս անդամների գումարները մինչև հիմա չեն փոխանցվել:
Ավելին, ընտանիքին հրաժարվում են վճարել նաև 40+10 աջակցությունը՝ հայտարարելով, թե գրանցված տվյալների համաձայն, ընտանիքը Երևանում սեփականություն ունի: Արինա Սարգսյանը, սակայն, հավաստիացնում է. ինչ ուներ՝ Արցախում է մնացել: Երևանում էլ ոչինչ չունի:
«Ինձ միայն 10 հազար դրամն է փոխանցվել: Մալաթիայի սոցապ բաժնի տնօրենին ասում եմ՝ փաստաթղթերը ցույց տվեք, որ ես սեփականություն ունեմ: Գուցե ունեմ՝ չգիտե՞մ: Ասում է՝ դու ինքդ էլ գնա պարզիր: Ասում է՝ մեզ հետաքրքիր չէ, գնա կադաստր, այնտեղից թուղթ բեր, որ ապացուցես: Բա որ չգիտեք, ինչո՞ւ եք այդպիսի հայտարարություններ անում»,- վրդովված ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Նրա խոսքով՝ ինքը միայն 2020 թվականի պատերազմի ժամանակ է Հայաստանում բնակվել երկու ամսով ու վերադարձել Ստեփանակերտ:
Արինա Սարգսյանը նաև ասաց, որ իր ամուսինն աշխարհազորային է եղել: Իրենց դեռևս սեպտեմբերին Ստեփանակերտում վստահեցրել են, որ գումարները մինչև հաջորդ տարվա հունվար վճարվելու են: Սեպտեմբերին, սակայն, կես վճարը փոխանցել են ու հայտարարել, որ այդ գումարներն էլ չեն լինելու:
Սարգսյանների ընտանիքում այս պահին որևէ մեկը չի աշխատում: Ապրուստի միակ հույսը կառավարության՝ անընդհատ ձգձգվող աջակցության ծրագրերն են: Արինայի խոսքով՝ ամուսինը վերջերս է վիրահատվել: Այս պահին բուժումը շարունակելու կարիք ունի: Ինքն էլ պատերազմի ժամանակ է առողջական խնդիրներ ձեռք բերել: Երկուսն էլ չեն կարողանում շարունակել բուժումը: Գումար չկա:
«Հիմա վիրահատությունը նոր են կատարել. աղիքային չարորակ ուռուցք ուներ: Պատերազմի ժամանակ ամուսինս նաև ուղեղի ցնցում է ստացել: Դեռ նորմալ չի կարողացել կազդուրվել: Ի վիճակի չէ աշխատել: Պետք է նորմալ բուժում անցնի, որ կարողանա աշխատել, վարորդ է: Ես էլ արյան ու ուռուցքների հետ կապված խնդիրներ ունեմ: Հիմա էլ դեղերը նշանակված են, բայց բուժումս դադարեցրել եմ գումար չլինելու պատճառով: Ես ամիսը 6-7 օր շատ վատ եմ լինում: Այդ օրերին պետք է անպայման պառկած լինեմ, իսկ այդպիսի պայմաններով հիմա որևէ մեկն էլ ինձ աշխատանքի չի վերցնի»,- ասաց Արինա Սարգսյանը՝ նշելով որ այս ամբողջ ընթացքում միակ կողմնակի օգնությունը եղել է «Կարմիր խաչից» ու կամավոր քաղաքացիներից մեկից:
Սարգսյանների ընտանիքն այս պահին էլ ապրում է կիսախարխուլ ու անմխիթար վիճակում գտնվող բնակարանում, որտեղ բացակայում են հիգիենայի անգամ տարրական պայմանները: Ասում է՝ տանը տեղ չլինելու պատճառով որդին՝ կնոջ ու երեխայի հետ, ժամանակավորապես տեղափոխվել է Եղեգնաձոր: Արինա Սարգսյանն ամուսնու ու երկու անչափահաս երեխաների հետ մնացել է Երևանում՝ պայքարելով օրվա հացի համար:
«Կարող եք գալ ու ինքներդ տեսնել, թե հիմա ինչ վիճակում ենք ապրում՝ առանց խոհանոց, առանց պարկետ, տաք ջուրն էլ ես եմ դրել: Հատակն ամբողջությամբ բետոն է, պատերն էլ՝ քայքայված: Ոչ մի բան չկա տանը: Անգամ սեղան չունենք, որ երեխաները նստեն ու դասերը սովորեն: Տանտերն այստեղ ջարդված մահճակալներ ուներ, մատրասներն էլ ամբողջությամբ քայքայված են»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը՝ նշելով, որ վերջին պատերազմից հետո Հադրութում թողած տունն ու ունեցվածքը կորցնելուց հետո էլ որևէ փոխհատուցում դեռևս չի ստացել:
«Ես 30 անասուն եմ ունեցել, որոնց համար պետք է փոխհատուցում ստանայի: 3 մեքենա թողեցի Արցախում, երկու տուն, այգիներ, արտեր… Մեղուներ ունեի, ահագին մեծ թվով հնդկահավեր, հավեր, ճտեր: Դրանք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ քրտնաջան աշխատանքի արդյունք են եղել: Թե որտեղ կերան այդ գումարները, ինչ արեցին՝ չգիտեմ: Մեզ դա այդպես էլ չհասավ: Հիմա էլ նույնը կրկնվում է»,- արձանագրեց Արինա Սարգսյանը:
Իսկ Հադրութից հեռանալիս, արցախցի մեր հայրենակցի խոսքով, չէին հասցրել անգամ փաստաթղթերը վերցնել: Դրանց մի մասը, այդուհանդերձ, հաջողվել է վերականգնել: Որդու անձնագիրը, սակայն, ժամկետանց է: Վերականգնել չեն կարողանում, որպեսզի կարողանա աշխատանքի անցնել:
Նազելի Ստեփանյան