Ակնհայտ է, թե ինչ նպատակ են հետապնդում՝ Սամվել Շահրամանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելով. Տիգրան Աբրահամյան
«Որքանով ես եմ տեղյակ, Սամվել Շահրամանյանին ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրում են ոչ թե՝ որպես Արցախի նախագահ, այլ 2018-2020 թվականների ընթացքում՝ որպես Արցախի ԱԱԾ նախկին տնօրենի»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սամվել Շահրամանյանին Քննիչ հանձնաժողով հրավիրելն ի՞նչ է տալու։
Տիգրան Աբրահամյանը շատ տարօրինակ համարեց այն, որ Քննիչ հանձնաժողով չեն հրավիրել 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեններին, տարբեր ուժային կառույցների ղեկավարներին կամ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած անձին։
«Մեծ առումով արդեն իսկ ակնհայտ է, թե դա ինչ նպատակ ունի։ Սամվել Շահրամանյանի գնալը Քննիչ հանձնաժողով՝ իր որոշելիք հարցն է, այստեղ մեկնաբանելու կարիք չկա։ Առավել չեմ ծավալվում այն պատճառով, որովհետև հանձնաժողովի աշխատանքների հետ կապված՝ մենք մեր դիրքորոշումը տարբեր փուլերում հայտնել ենք»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն հաստատել է իր մասնակցությունը Քննիչ հանձնաժողովի նիստին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում