ՔՊ-ականն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ

Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նախատեսվող հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումն ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բացասական գնահատեց: Այդուհանդերձ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ գրեթե անհավանական է մինչև տարվա վերջ այդ երկրի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ կոչ արեց չշտապել եզրակացություններ անել: Ադրբեջանական կողմին կոչ արեց վերադառնալ ավելի կառուցողական ու արդյունավետ քննարկումների դաշտ:

«ԱՄՆ և ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունն այդ օրակարգին: Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաև հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել ու կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»,- ասաց Հովհաննիսյանը:

Իշխանական պատգամավորն այս համատեքստում չբացառեց մինչև տարեվերջ այդ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականությունը: Հայտարարեց, որ իրենք կառուցողական կերպով առաջնորդվում են «խաղաղության օրակարգով»: Հույս հայտնեց, որ Ադրբեջանին ևս հնարավոր կլինի վերադարձնել կառուցողական դաշտ՝ միջազգային գործընկերների գործուն ջանքերի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս