
«Դու ֆիլմեր արա ու լռիր». կայացավ Փելեշյանի «Հուշեր» գրքի շնորհանդեսը

Երեկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Արտավազդ Փելեշյանի նոր` «Հուշեր» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է վարպետի մոր հիշատակին։ Եույթ ունեցավ նաև վարպետ Փելեշյանը։ Նա ներկաներին ուրախացրեց իր կյանքի հիշարժան դրվագներից մեկով։
«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում։ Մի երեկո զանգ պատվիրեցի Կիև` Փարաջանովի տան համարով։ Միացրին։ Ավելի քան մեկ ժամ խոսեցինք շատ թեմաներից, մինչև անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից։ Հեռախոսը ցած դրեցի ու անմիջապես զանգահարեց փոստի աշխատողը , ասեց, որ մեկ ժամ ու քանի րոպե խոսել ենք, հետո ավելացրեց, որ վճար չի վերցնելու։ Երբ հարցրի, թե ինչու, ասաց` «այդպիսի հետաքրքիր զրույց ես կյանքումս չէի լսել»»,– ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ վերհիշեց Փելեշյանը։
Նրա խոսքով` այդ կինը եկել է հյուրանոց անձամբ ծանոթանալու իր հետ։ Առաջարկել է Փելեշյանին իրեն տրամադրել իր ունեցած բոլոր արտասահմանյան հեռախոսահամարներն ու խոստացել անվճար զանգեր` հաճելի զրույցներ լսելու ակնկալիքով։ Ինչպես իր բոլոր գործերում, Փելեշյանը մեծ տեղ է տալիս լռությանը։
«Դու ֆիլմեր արա ու լռիր». գրքի կազմի վրա հիշեցնում է Փելեշյանը։