Նախապատերազմյան դեժավյու. Փաշինյանի՝ խաղաղության համար ձեռք բերվող սպառազինությունը կդառնա՞ պատերազմի հրձիգ

2024թ. բյուջեով Պաշտպանության ծախսերը կկազմեն 555 միլիարդ դրամ՝ 2023թ. համեմատ 37,7 միլիարդ դրամով ավելի։

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում 2024թ. բյուջեի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ, մասնավորապես, նշել է.

«2024թ. բյուջեով 2018թ. համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ՝ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է: Ես վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք: Եվ այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով. Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է՝ բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և երկրորդը՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավել են եղել և, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ»: Այսինքն, ըստ Փաշինյանի, 2024 թվականի բյուջեն կլինի խաղաղության բյուջե, և 2024-ը կլինի կայուն և տևական խաղաղության մեր առաջին տարին:

2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին զուգահեռ և դրանից առաջ, իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները, տևական ժամանակ է, գլուխ են գովում, որ 2020 թվականի պատերազմի, այսպես ասած, պայմանական ավարտից կամ սառեցումից 3 տարի հետո կարողացել են Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանավորվածություններ ձեռք բերել և ինչ-որ բան էլ արդեն Հայաստան հասցնել, բայց այս հարցում խնդիրներ կան լուծելու, էլ չասենք՝ բանակի դիմադրողականության բարձրացման առումով որքան բաներ կան անելու: Բայց հիմա դրա մասին չենք խոսելու, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունները զենքի մատակարարումների ֆոնին դեժավյու է առաջացնում:

Կարդացեք նաև

2019 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն իր տոնական ուղերձի ժամանակ հայտարարել էր, թե 2019 թվականին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք և զինամթերք ենք ձեռք բերել, որոնք կամ հենց 2019 թվականի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված:

«Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ»,- ընդգծել էր Փաշինյանը՝ պնդելով, որ 80-ականների զենքի էջը փակվել է:

Այս միտքը նա այլ առիթներով ևս կրկնել էր, որ՝ «2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»:

168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Փաշինյանի այս ռազմական մանիպուլյացիաներին, ուստի հերթական անգամ մանրամասնություների մեջ չենք մտնի: Փոխարենն ուշադրություն կհրավիրենք այն փաստի վրա, որ ինչպես հիմա՝ 2023-ին, այնպես էլ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության և ոչ պատերազմի համար»:

Բայց նույն ժամանակահատվածում Փաշինյանը հայտարարում էր, թե ինքն է «դաբրո տվել» կամ «հրահանգել», որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019-ին ԱՄՆ-ում հայտարարի՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»,- 2019-ի մարտի վերջին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի վերը նշված հայտարարությանն արձագանքելով՝ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

Բայց արի ու տես, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգի իր փնտրտուքների համատեքստում 2021 թվականի մայիսին ԱԺ-ում հայտարարել էր, թե Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ Հայաստանը փակում է 80-ականների զենքի էջը:

«Այո, մենք պատերազմի պատրաստվել ենք, բայց պատերազմի չեն պատրաստվում նենց, որ ժողովուրդ ջան, գիտեք, մենք պատերազմի ենք պատրաստվում, որովհետև հակառակորդն էլ է գնահատում։ Ինչո՞ւ է հակառակորդը հարձակվել. որովհետև տեսել է, որ մենք 1980-ականների զենքերի էջը փակում ենք, մենք ենք հայտարարել, ես եմ հայտարարել 2020 թվականի ամանորյա ուղերձում Հանրապետության հրապարակում, այո, և դրանով դրդել, եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել, էլ չեմ ասում ուրիշ հազար ու մի մանր-մունր հարցերԱյո, պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմ, որովհետև, ասում եմ՝ հակառակորդը տեսնում է, որ դու աճում ես, մի գիծ, որ անցավ, էլ հետ գալ չի լինի»,- նշել էր Փաշինյանը:

Հիմա Իլհամ Ալիևը ՀՀ պաշտպանական ծախսերի ավելացումն ու զենքի ձեռքբերումները մեկնաբանում է, թե իբր Հայաստանը խաղաղության չի պատրաստվում, որովհետև, ըստ նրա, «խաղաղության գնացող Հայաստանը չպետք է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնի»: 

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե «մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»:

Կարո՞ղ է լինել այնպես, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ իր տարածքային պահանջները բավարարելու համար դարձյալ ուժի դիմի, և պարզվի, որ Փաշինյանի՝ խաղաղության համար ձեռք բերված զենքերն ի զորու չէին օգնել, իսկ բանակն էլ պատերազմի լավ չէր պատրաստվել, ու Փաշինյանը նորից հայտարարի՝ Ադրբեջանը տեսավ, որ սպառազինություն ենք գնում, մեծացնում ռազմական ծախսերը, դրա համար էլ հարձակվեց: Այս ամենը հնարավոր է, եթե Փաշինյանը խաղաղ ճանապարհով չշարունակի բավարարել Ադրբեջանի տարածքային պահանջները:

Ի դեպ, նոյեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «Հայաստանը երբեք օգտագործված զենք ձեռք չի բերելու»:

2021 թվականի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նույնն էր ասում:

Մասնավորապես, 2021-ի օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր.

«Ունենք լիովին աջակցություն, և կարող եմ ասել` չէ՛ բառ չեմ լսել։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով և նոր սպառազինություն: Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը 2021-ի օգոստոսի 10-ին մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Օգոստոսի 11-ին Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել և, խորհրդանշական նվերը հանձնելով՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:

2021 թվականի նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը որոշեց՝ Արշակ Կարապետյանը չպետք է շարունակի պաշտոնավարել, և, ըստ էության, ՌԴ-ի հետ Կարապետյանի պայմանավորվածությունները մնացին թղթի վրա, ինչն այնքան մտահոգել էր ադրբեջանական կողմին:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին կեսերին Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և բողոքել՝ «հուլիսի 17-ից սկսած Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։

Իր հերթին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակի վրա է գտնվում, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ: Այն, ինչ այսօր չենք կարող ասել:

Տեսանյութեր

Լրահոս