Խաղաղության գնացող Հայաստանը չպետք է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնի. Ալիևը կրկին դժգոհել է ՀՀ-ի «ռևանշիստական ուժերից»
Մայիսի 19-ին Իլհամ Ալիևն Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ կրկնել է իր՝ ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի» մասին նախկին հայտարարությունները:
Ըստ նրա՝ ՀՀ-ում այսօր գլուխ են բարձրացնում «ռևանշիստական ուժերը», որոնք շարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները:
«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնում: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը տարածաշրջանի համար նոր սպառնալիքների է հանգեցնելու»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը 2023 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե գիտեն այն երկրները, որոնք պատրաստվում են Հայաստանին զենք մատակարարել:
«Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա գնահատում ենք՝ որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Ուստի մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- շեշտել էր Իլհամ Ալիևը:
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը կտրուկ էր անդրադարձել նաև ժամանակին Հայաստանին զինելու մասին ՌԴ-ից հնչած պաշտոնական հայտարարությանը: Նա «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները՝ հայտնելով որոշակի անհանգստություն:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է»,- 2021 թվականի օգոստոսին ասել էր Ադրբեջանի ղեկավարը CNN Turk-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ պատերազմն ավարտվել է:
Նշենք, որ 2021-ի օգոստոսի 10-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, այցի ավարտին Շոյգուն Կարապետյանին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելիս՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:
Այսինքն, 44-օրյա պատերազմում հաղթած պետության ղեկավարը շարունակում է զինել իր բանակը, բայց խաղաղության պայմանագրի կնքմանը խոչընդոտ է համարում ՀՀ-ի զինվելը: Հենց սրա համար է, որ ասվում է՝ նուրբ հարցերը չպետք է հրապարակայնացնել, երբ կարող են դրանց լուծման համար խոչընդոտներ ստեղծվել: